Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում տեղի է ունեցել «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում գործնական հանդիպում:
«People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էդուարդ Սարգսյանը եւ Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները: Ըստ Վանաձորի իրավապաշտպան կազմակերպության, նախատեսվում է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին՝ աջակցելով վերապատրաստման դասընթացներով, մատուցել խորհրդատվական ծառայություն տարբեր ոլորտներում՝ տրամադրելով փոքր դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար: Ծրագրվում է նաեւ ստեղծել վիրտուալ հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալու այն աջակցությունների մասին, որոնք կարող են ակնկալել հայրենիք վերադառնալիս:
Ծրագրում ընդգրկվել են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերը, ինչպես նաեւ Երեւանը:
«Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը իրականացվում է Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ: