Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ապրիլ 25,2009 00:00

Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է հայոց եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովնան Մարդակունի իմաստասեր հայրապետը:

Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ՝ ուրախալի: Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելը՝ հիմնականում ընդհանուր աստվածապաշտական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է: Եկեղեցու զանգերը միաժամանակ հրեշտակաց սպասավորության խորհրդանիշն են եւ նմանողություն ունեն Գաբրիել հրեշտակի փողի հետ, երբ ավետում եւ փող է հնչեցնում: Քրիստոսի ծննդյան ժամանակ հրեշտակները «Փառք ի բարձունս» են երգում՝ փառք բարձունքներին եւ երկրին խաղաղություն: Այդ ժամանակ հնչող փողերի փոխարեն եւ նմանությամբ այսօր հնչում են զանգերը: Զանգի ձայնն առավել հզոր ու զրնգուն դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն կախվի բարձր ու բաց տեղում: Հենց այս նպատակին էլ ծառայում են զանգակատները, որոնք սովորաբար կառուցվում են եկեղեցու հարեւանությամբ կամ եկեղեցու արեւմտյան ճակատին կից, ինչպես Մայր տաճարում է: Էջմիածնի մայրավանքի զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում, որտեղ երկար ժամանակ հնչել է Տիբեթյան զանգը: Այսօր Մայր տաճարում կան չորս լուսարարներ, ովքեր զբաղվում են զանգահարությամբ: Զանգահարությունը դպրական աստիճան ունեցողների պարտականությունն է, իսկ դպրական աստիճանը՝ հոգեւոր ամենացածր դասը: Մայր տաճարում ժամերգությունից կես ժամ առաջ խփում են առաջին զանգերը, որոնք կոչվում են կանչի զանգեր: Վերջիններս լինում են 50 զարկ: Կանչի զարկերը խփում են նաեւ ժամկոչները, ովքեր եկեղեցում զբաղվում են հավաքարարությամբ եւ միշտ եկեղեցում են լինում: Զանգերը հատուկ օծման ու օրհնության կարգ ունեն Հայ առաքելական եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանում: Վաղնջական ժամանակներից մինչեւ ողջ Հայկական լեռնաշխարհում ամենատեւական զանգահարումը կատարվել է 1918 թ. Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ՝ յոթ գիշեր ու ցերեկ ղողանջել են հայկական եկեղեցիների զանգերը՝ ազդարարելով մահու եւ կենաց կռիվը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել