Լրահոս
Օրվա լրահոսը

Անունն է որոշում մարդու ճակատագիրը

Ապրիլ 25,2009 00:00

Տարօրինակ անունները դեռ չեն մոռացվել

«Անունիս հետ կապված շատ խնդիրներ եմ ունեցել կյանքում ու երբեք չեմ սիրել իմ անունը»,- ասում է 60-ամյա Լենին Մալխասյանը: Նա պատմում է, որ դեռ մանուկ հասակից անընդհատ կռիվների մեջ է եղել անվան պատճառով: «Բակի տղաները հետեւիցս գոռում էին Լենին պապիկին նվիրված հայտնի զվարճալի տողերը: Իսկ ավելի մեծ տարիքում ամաչում էի անունիցս, փորձում էի թաքցնել, քանի որ այն մարդիկ, ովքեր չէին սիրում Լենինին, ինձ մի տեսակ լավ չէին վերաբերվում»,- ասում է Լենինը: Եվ նա որոշում է իր անունը փոխել՝ դառնալով Մուշեղ: Բայց այս նոր անունը չի ընդունում նրա շրջապատը: Հայտնվում են մարդիկ, ովքեր անընդհատ հիշեցնում են նրան իր իսկական անունը. «Մի անգամ ուժեղ կռվեցի ծնողներիս հետ՝ ինձ այդպես կոչելու համար ու հեռացա տնից, բայց, դե, հետո հասկացա, որ նրանք իրականում մեղք չունեն իմ անհաջողությունների մեջ: Նորից անունս վերականգնեցի եւ որոշեցի պայքարել բոլորի հետ եւ ապացուցել, որ իմ անունը ամենասովորականներից մեկն է»:

Ասում են՝ անունը մեր ճակատագրի անբաժանելի մասն է եւ, փոխելով այն, փոխում ես նաեւ ճակատագիրդ դեպի վատը կամ լավը:

Էլեն Գրիգորյանը 20 տարեկան է եւ անունն էլ վերջերս է փոխել: Ըստ նրա. «Անունս Էլմաստ էր, տատիկիս անունն էր: Նա մահից առաջ ինձ կանչեց ու ասաց, որ ես իմ անունը փոխեմ, քանի որ ինքը դժբախտ է եղել, վախենում է, որ ես էլ դժբախտ կլինեմ: Ես էլ չէի սիրում իմ անունը, արդեն չորս տարին է՝ ինչ Էլեն եմ: Չեմ կարծում, որ անունը մարդու կյանքում էական նշանակություն ունի, պարզապես ինձ այսպես ավելի լավ եմ զգում»:

Իհարկե, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր կրում են իրենց տատիկ-պապիկների անունները եւ նրանց մեջ էլ կան կաշկանդվողներ: «Տնեցիները ինձ միշտ համեմատում են պապիկիս հետ: Երբ ինչ-որ բան եմ անում, ասում են, թե պապդ այսպես չէր անի, կամ էլ հակառակը՝ այսպես կաներ: Ախր, մենք տարբեր մարդիկ ենք, ես մեղք չունեմ, որ նրա անունն եմ կրում»,- ասում է 25-ամյա Անդրանիկն ու ավելացնում, որ ինքը իր երեխային երբեք չի կոչի իր ծնողների անունով:

Հաճախ ավելի ծանր է այն մարդկանց համար, ովքեր կրում են մահացած հարազատի անունը: Նրանք հաճախ են մտավախություն ունենում՝ միայն թե ես էլ նման ճակատագրի չարժանանամ:

Իհարկե, տարբեր ժամանակահատվածներում տարբեր անուններ են տարածում գտնում: Եթե մոտ քսան տարի առաջ նորաձեւ էին համարվում Անի, Լուսինե, Լիլիթ անունները, ապա այսօր՝ Էլեն, Միլենա, Էլիզա եւ նմանատիպ անունները, որոնք էլ այսօր ամենատարածվածն են: Պարզ է, որ բրազիլական ու մեքսիկական հեռուստասերիալներն իրենց մեծ դերն ունեն այս գործում:

Իսկ ավելի հետաքրքիր է, երբ անունը չի համապատասխանում տիրոջը: Օրինակ, մարդու անունը Գեղեցիկ է, իսկ ինքը՝ ոչ այնքան, իսկ Նազելի անունը կրում է բնավորությամբ կոպիտ մի աղջիկ եւ այլն:

ՔԿԱԳ-ում նշեցին ամենահետաքրքիր անունները, որ մինչեւ հիմա գրանցվել են՝ Ֆալաքնազ, Դոշխոժ, Թայլուն, Ղանդեւոս եւ այլն: Հետաքրքիր է, օրինակ, որ Պայծառ անունով տղամարդ է գրանցված: Հոգեբանները կարծում են, որ երեխայի անունը պետք է մայրը որոշի, քանի որ նա ինը ամիս իր արգանդում կրում է երեխային, իսկ հետո էլ մեծ տանջանքով ծնում նրան: Եվ հենց նա կարող է իր փոքրիկի համար ճիշտ ու գեղեցիկ անուն ընտրել: Իհարկե, մեզանում այս երեւույթը քիչ է պատահում, բայց, եթե համեմատում ենք անցյալի հետ, այնուամենայնիվ, այս առումով առաջընթացը նկատելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել