Միս ուտելիս ճաշակում ենք նաեւ անասնական բնազդնե՞ր
«Արդեն 7 տարի է՝ հրաժարվել եմ մսից ու այլ մսամթերքներից: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ որոշեցի պաս պահել: Սկզբում մի փոքր դժվար էր հարմարվել, բայց օրեցօր ավելի ու ավելի էի զգում, թե օրգանիզմս որքան թեթեւ է ու որքան շուտ եմ հագենում բուսական մթերքներից: Պատճառն այն է, որ բուսամթերքների մեջ շատ վիտամիններ եւ օգտակար նյութեր կան, ու քաղցը հաղթահարվում է նման մթերքների օգտագործումից: Մեր ընտանիքը բազմամարդ է, ու միայն ես եմ բուսակեր, բայց իմ ճաշացանկի առողջ սնունդը կարծես թե ընտանիքիս մյուս անդամների համար էլ գնալով դառնում է ընդունելի»,- պատմում է 29-ամյա Աննա Հակոբյանը:
Հարվարդի համալսարանի սննդաբան Ջին Մեյերի հաշվարկներով՝ եթե մսի արտադրությունը նվազի ընդամենը 10%-ով, դա տեղ կազատի հացահատիկի այնպիսի քանակության համար, որը բավարար կլինի 60 միլին մարդու սնունդով ապահովելու համար:
Բուսակերները վստահ են, որ մարդն ի սկզբանե եղել է ոչ թե մսակեր, այլ հենց բուսակեր ու մրգակեր: Նրանք ունեն նաեւ շատ կարեւոր կենսաբանական փաստարկ. չնայած մարդը սառցե դարաշրջանից սկսած՝ ուտում է միս, սակայն նա չունի զարգացած ժանիքներ. դրա փոխարեն ունի առաջնային կտրող ատամներ՝ նախատեսված հենց մրգերի ու բանջարեղենի համար: Եվ բացի այդ, մարդու աղիքների երկարությունն էլ բուսակեր կենդանիների աղիքների երկարությունն ունի: Ու շատ բուսակերներ միեւնույն կարծիքին են: Կենդանին այդ նույն բույսերով սնվում է, իսկ միս ուտելիս, փաստորեն, ուտում ենք արդեն մեկ անգամ ստամոքսահյութով շաղախված այդ նույն սնունդը: Ինչպե՞ս կարող է դա ավելի օգտակար լինել, քան հենց բուսական սնունդը: Մսի հետ մենք ուտում ենք այդ կենդանու հիվանդությունները, կենդանական, անասնական բնազդները…
Իրենց շրջապատում բուսակերները շփվում են մսակերների հետ, բայց ոչ միշտ ու ոչ բոլորն են նրանց հետ համակարծիք. «Հարազատներիս համար արդեն սովորական երեւույթ է այն, որ մսամթերքները բացառված են իմ սննդակարգից: Բայց երբ նոր, անծանոթ միջավայրում եմ հայտնվում, բոլորը մի տեսակ կասկածամտորեն են նայում ինձ ու միշտ միեւնույն հարցերն են տալիս՝ «ընդհանրապե՞ս չես ուտում», «բա ո՞նց ես դիմանում», «գոնե կշտանու՞մ ես»: Մի անգամ էլ քաղաքից դուրս էինք գնացել, ընկերներիցս մեկի եղբայրը հարցրեց. «Հիմա ուզում ես ասես, որ այս ընտիր չալաղաջից էլ ես հրաժարվելո՞ւ»: Զարմացավ, որ ասացի՝ այո, բայց իսկապես մսային կերակրատեսակները ինձ համար ախորժելի չեն, ու օրգանիզմս էլ դրա կարիքը ընդհանրապես չի զգում»,- պատմում է 42-ամյա Վարուժան Գալստյանը:
Սոնա Գրիգորյանն ու իր ընտանիքն էլ արդեն 11 տարի միս չեն ուտում: Նրանց ընտանիքի համար բուսական սնունդը միայն հոգեւոր բնույթ չունի, այն համարվում է առողջ ապրելու միջոց: «Ամանորի տոներին սննդային ուժեղ թունավորում ունեցա: Դրանից հետո մի քանի շաբաթ չէի կարողանում միս ուտել. օրգանիզմս հարմարվել էր բուսական սննդամթերքների հաճելի թեթեւությանը: Սակայն մի որոշ ժամանակ հետո որոշեցի կրկին փորձել, բայց չկարողացա. զզվանք ու ծանրություն առաջացավ»,-պատմում է Լեւոն Գրիգոյանը:
Մասնագետների կարծիքով, բուսական սնունդը շատ առողջարար եւ օգտակար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, ու եթե ձեզ համար բուսակեր դառնալը ինչ-ինչ պատճառներով անհնարին է, ապա նախընտրելի է, որ ձեր սննդակարգում բուսական ծագման սննդամթերքներն ավելի շատ լինեն, քան մսամթերքը: Ի դեպ, բուսակերությունը օգտակար է ոչ միայն առողջության ու հոգու հանգստության համար, այլ նաեւ «փրկություն» է ալարկոտների համար: «Ինձ բավական կուշտ եւ հագեցած զգալու համար մի քանի խնձորը ու մի փոքր ընկույզը լրիվ բավարար է: Իսկ ինչ-որ մսային ճաշատեսակ պատրաստելու համար մի քանի ժամ է հարկավոր, որից հետո էլ կեղտոտ ափսեների մի հսկայական կույտ է հավաքվում»,- ասում է 32-ամյա Սարգիսը:
Գիտնականների հավաստմամբ, բուսակերությունը համարվում է նաեւ ագրեսիայից ազատվելու լավագույն ու հիմնական միջոցներից մեկը: Բուսակերները նաեւ ունեն օրինական ապացույց. 2003թ. Կոպենհագենի փաստաթուղթը նրանց հիմնական ու միակ հաղթաթուղթն է, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ բուսական համակարգի սնունդը գերադասելի է կենդանական սպիտակուցներից: