Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Ապրիլ 25,2009 00:00

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ԶԼՄ-ներին պատմել է պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտում իր գոտու 10-րդ պաշտպանության նախապատրաստության, միջին քաշային կարգում WBC/WBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտի հավանականության, իր՝ երկրորդ միջին քաշային կարգ տեղափոխվելու, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է Բեռլինի կենտրոնում վարսավիրանոց բացել:

«Ես արդեն սկսել եմ լրջորեն նախապատրաստվել դոմինիկացի Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտին, -ասել է նա: -Լորենցոն ուժեղ մրցակից է, պանչեր (նոկաուտ անող): Ռաուլ Մարկեսի հետ նա պայքարեց 12 ռաունդ եւ միավորների չնչին տարբերությամբ պարտվեց: Կարծում եմ՝ մեր մենամարտը նույնպես հետաքրքիր կլինի»:

Աբրահամը հույս է հայտնել, որ Լորենցոյին հաղթելուց հետո կկարողանա Պավլիկի հետ այնքա՜ն սպասված գոտիների միավորման մարտն անցկացնել: «Կարծում եմ, որ այսօր արդեն բավականին մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ մեր մարտը կկայանա»,- վստահեցրել է Աբրահամը, որը մտադիր է հաջորդ տարի մրցելույթներ ունենալ ավելի ծանր քաշային կարգում: «Երբ սկսում էի պրոֆեսիոնալ ռինգում իմ կարիերան, 75 կիլոգրամ էի: Հիմա կշռում եմ 80 կգ եւ մարտից առաջ քաշ գցելը գնալով դժվարանում է: Հաջորդ տարի, հաստատ, բարձր քաշային կարգում ելույթ կունենամ»,- ասում է չեմպիոնը:

Աբրահամը նաեւ պատմել է, թե ինչո՞ւ է Բեռլինի կենտրոնում վարսավիրանոց հիմնել, որի բացմանը ներկա են եղել Գերմանիայի մայրաքաղաքում ապրող բազմաթիվ անվանի մարզիկներ: Նրա խոսքերով, դա ոչ այնքան շահութաբեր նոր բիզնեսում դրամ ներդնել է, որքան նվեր իր մայրիկին՝ Սոֆիին, որը վերջերս է տեղափոխվել որդու մոտ: «Ցանկանում եմ, որ նա Բեռլինում էլ իրեն լավ զգա: Ինձ այս քաղաքը շատ է դուր գալիս: Հուսով եմ, որ մայրս նույնպես շուտով այստեղ կապրի»,- եզրափակել է Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել