Մարզասերը ցանկացած սպորտային միջոցառման կամ իրադարձության կարեւոր գործող անձն է, որին հաճախ մարզիկից կամ թիմից պակաս կարեւոր դերակատարություն չի վերապահվում:
Լավագույն օրինակը տալիս է ֆուտբոլը, որտեղ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսատեսը համարվում է թիմի 12-րդ խաղացող եւ որի՝ սիրելի թիմին աջակցել-ոգեւորելու ակտիվության աստիճանից է հաճախ կախված պայքարի վերջնական ելքը: Ֆուտբոլասերը նման է անբուժելի հիվանդի, որը, սակայն, դրանից երջանիկ է ու «բուժվել»՝ մտքով անգամ չի անցկացնում: Տարբեր երկրներում ֆուտբոլասերներին տարբեր կերպ են կոչում՝ երկրպագու, ցավորդ, ցավքաշ, ֆանատ, տիֆոզի… Ու այս բնութագրումները մեկ ընդհանուր իմաստ են պարունակում՝ մոլագարության աստիճանի հասնող նվիրվածություն սիրած մարզաձեւին: Ֆուտբոլասերն անհամբերությամբ է սպասում իր կուռք թիմի կամ ֆուտբոլիստի հետ հաջորդ հանդիպմանը: Դա նրա համար իսկական տոն է, որին նախապատրաստվում է առանձնահատուկ ջանադրությամբ եւ հանուն հաղթանակի՝ պատրաստ է բառիս բուն իմաստով ամեն ինչի, սկսած հարազատ թիմի գույներով շպարվելուց, ծեծ ու կռիվ սարքելուց, հասարակական անկարգություններ սադրելուց, մինչեւ մորեմերկ վիճակում խաղադաշտ նետվելը: Ու հետաքրքիրն այն է, որ նույն ցավով հավասարապես տառապում են թե տղամարդիկ, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: