Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԲՈԲ ԱՐՈՒՄԻՆ

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է հուլիսին չեմպիոնական գոտի նվաճել իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն, քաշային կարգում՝ այն վերցնելով IBF-ի վարկածով գործող չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյից, պատասխանել է Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումի՝ վերջերս իր հասցեին արած հայտարարությանը:

«Ես Դոների հետ կհանդիպեմ ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում,- լրատվամիջոցներին ասել է նա:- Գլխավորը, որ Նոնիտոն այդ ժամանակ գոտի ունենա եւ մարտից չվախենա: Բոբ Արումը սիրում է խոսել իր տղաների մասին, որպեսզի նրանց ավելի ճանաչելի դարձնի: Նա ասում է, թե ես հանդիսատեսին չեմ գրավում: Քրիստիան Միխարեսի հետ իմ մենամարտին, չնայած հորդառատ անձրեւ էր, ավելի շատ մարզասեր էր եկել, քան նույն օրը Լաս Վեգասում նույն քաշային կարգի բռնցքամարտիկների մասնակցությամբ նրա կազմակերպած շոուին: Բոբ Արումն ավելի ճիշտ կանի, եթե մտահոգվի այն բանի համար, որպեսզի նրա բռնցքամարտիկները ձեռնակապերի մեջ գիպս չդնեն եւ ինձ չհիշեն այն բանից հետո, երբ ես լավ ջարդ տվեցի նրա «ոսկե տղա» Արսեին: Հիմա Արումին արդեն մեծ շահույթ բերող ուրիշ բռնցքամարտիկ է հարկավոր: Դրա համար էլ առաջ է մղում Դոներին: Արսեն ու Մոնտիելը կարող էին հաղթել Դոներին, բայց երկուսն էլ Արումի մարտիկներն են: Դրա համար էլ շարունակում է անընդհատ ինձ հիշել: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ ես հանդիսատեսին տալիս եմ այն, ինչ նա ուզում է: Իսկ Արումը շատ լավ գիտի, թե ի՞նչն է փող բերում: Ես բավականին վաղուց եմ այս բիզնեսում եւ լավ գիտեմ, թե ով՝ ե՞րբ է ձգտում բարձրացնել իր բռնցքամարտիկի գինը: Ես չեմպիոնական վեց գոտի եմ նվաճել եւ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի միակ բացարձակ չեմպիոնն եմ: Ես ինձ համար համեմատաբար թույլ մրցակիցներ չեմ ընտրում եւ պատրաստ եմ՝ երբ ասես եւ որտեղ ասես, մենամարտել ցանկացածի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել