Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք ապրել»

Ապրիլ 25,2009 00:00

\"\"«Զանգակը»՝ հանուն երեխաների ինտեգրման

«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրով կրթադաստիարակչական կենտրոններ են ստեղծվել Երեւանում, Մեծամորում եւ Վանաձորում: Վանաձորի «Զանգակ» կենտրոնը գործում է 2003 թվականից: Այս ընթացքում կենտրոնի ծառայություններից օգտվել եւ օգտվում է մոտ 200 ընտանիք, 300 դպրոցահասակ երեխա: Ծրագրի շահառուները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են:

«Մենք երեխաներին տալիս ենք հիմնականում հոգեբանական օգնություն: Մեր մոտ աշխատում են հոգեբաններ, մանկավարժներ: Դպրոցից հետո ամեն օր 3 ժամ այստեղ անցկացնելով, երեխան լիցքաթափվում է, շփվում այլ երեխաների հետ, եւ շատ բարդույթներ են հաղթահարվում»,- պատմում է կենտրոնի սոցաշխատող Էլմիրա Գեւորգյանը: Ծրագրի հիմնական նպատակներից է երեխաների մեջ հայրենասիրություն եւ քրիստոնեական արժեքներ դաստիարակելը, եւ այս հարցում «Զանգակ» կրթադաստիարակչական կենտրոնը համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ՝ երեխաները գնում են եկեղեցի, հոգեւորականներն էլ պարբերաբար այցելում են երեխաներին:

Կենտրոնում գործում են համակարգչի ուսուցման, նկարչության, խեցեգործության, հայ եկեղեցու պատմության, ազգային երգի ու պարի եւ այլ խմբակներ:

Ինչպես նշեց տիկին Գեւորգյանը, կենտրոնի աշխատակիցները փորձում են երեխաների մեջ հաստատել ազգային, բարոյական արժեքներ ու նաեւ բարելավել նրանց կյանքի որակը: «Մեր երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են եւ շատ բարդույթներ ունեն: Դպրոցում հաճախ նրանք չեն շփվում իրենց հասակակիցների հետ, իսկ այստեղ ամեն երեխայի անհատական մոտեցում ենք ցուցաբերում եւ շատ բարդույթներ են հաղթահարվում: Մենք աշխատում ենք ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների հետ: Նրանք եւս խնդիրներ ունեն, երեխաների հանդեպ իրենց պարտավորությունները հաճախ պատշաճ չեն իրականացնում»,- նկատեց Էլմիրա Գեւորգյանը:

Բացի նշվածից, կենտրոնը երեխաներին տրամադրում է օրական մեկ անգամ տաք սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ: Իսկ կազմակերպված էքսկուրսիաների միջոցով երեխաները ծանոթանում են Հայաստանի տեսարժան վայրերին: «Երբ երեխաներին էքսկուրսիա տարանք Երեւան, պարզվեց, որ նրանց 80%-ը Մասիս սարը չէր տեսել»,- պատմում է տիկին Գեւորգյանը: Վանաձորի «Զանգակ» կենտրոն այցելում է մոտ 300 դպրոցական, իսկ դպրոցականները Վանաձորում հազարավոր են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել