Հարցազրույց՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ
– Ի՞նչ իրավիճակ է ստեղծել Լոռու մարզում միջազգային տնտեսական ճգնաժամը, եւ մարզպետարանը հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում:
– Տնտեսական ճգնաժամի արդյունքում խնդիրներ են ունենում մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները՝ Ալավերդու Էյ-Սի-Փի ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւ Վանաձորի քիմիական համալիրի մեջ մտնող կազմակերպությունները, հիմնականում՝ քիմիական գործարանը: Բնական է, որ ՀՀ կառավարությունը իր հակաճգնաժամային քաղաքականությամբ որոշակի աջակցություն ցուցաբերում է տնտեսավարող սուբյեկտներին: Մենք Ալավերդու հարցում հույսներս միայն պետական աջակցության եւ գործարանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության վրա չենք դրել: Փորձում ենք նաեւ ինքներս գտնել ռեսուրսներ: Գաղտնիք չէ, որ Ալավերդի քաղաքում գործարանից կրճատված մարդիկ կան: Նրանց մի մասին ղեկավարությունը տեղափոխեց Դրմբոնի հանք, մի մասն էլ այլ աշխատանքի անցավ, բայց մի զգալի մասը՝ մոտ 200 մարդ, մնաց առանց աշխատանքի: Այս մարդկանց համար փորձում ենք իրականացնել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիր, որը մասամբ նրանց հնարավորություն կտա այս պայմաններում գոյատեւել: Հետագայում կարող է այնպես ստացվել, որ նրանք վերադառնան իրենց աշխատանքին: Շատ բան Ալավերդու պարագայում պայմանավորված է նաեւ Թեղուտի նոր շահագործվող հանքավայրում շինարարական աշխատանքների մեկնարկով: Իսկ մինչ այդ մենք ընկերության ղեկավարությանը խնդրեցինք, որ անգամ ոչ շահութաբեր այս վիճակում չդադարեցնի ձուլարանի աշխատանքները: Նրանք ընդառաջ գնացին, եւ այսօր 500 հոգի աշխատում է գործարանում:
– Որքա՞ն է այսօր Լոռու մարզում գործազուրկների թիվը:
– Քանի որ կան փոքր ձեռնարկություններ, որտեղ փոփոխական է աշխատողների քանակը, այսօր կրճատում են՝ վաղը նորից սկսում են աշխատել, հստակ թիվ ասել հնարավոր չէ, բայց խոշոր ձեռնարկություններում կրճատված մարդկանց թիվը կարող եմ ես ասել: 240 հոգի կրճատվել է Ալավերդու գործարանում՝ Էյ-Սի-Փի ընկերության կառույցներում, 350 մարդ կրճատվել է Վանաձորի «Ավտոգենմաշ» գործարանում, մոտ նույնքան էլ՝ Վանաձորի քիմիական համալիրում: Վիճակը անհույս չի: Փորձում ենք վերականգնել պարարտանյութերի արտադրությունը քիմիական համալիրում: Մինչեւ հոկտեմբեր կսկսենք արտադրությունը: Վանաձորի ՋԷԿ-ի վերագործարկման պարագայում, որը այս ցիկլի բաղկացուցիչ մասն է, հնարավորություն կստեղծվի ամոնիակի արտադրություն կազմակերպել, ՋԷԿ-ի շոգու միջոցով շինարարական իրերի արտադրություն հնարավոր կլինի: Իսկ սա նշանակում է՝ նոր աշխատատեղեր: Մենք տեսնում ենք, որ աշխատատեղերի կորուստով սոցիալական խնդիրներ ենք ունենում: Եթե մենք շինարարական իրերի արտադրություն ունենանք, ապա մեծ թվով աշխատողներ՝ մոտավորապես 1500-ից 2000 հոգի, կաշխատեն Սպիտակում եւ 8 գյուղերում իրականացվելիք շինարարական աշխատանքներում: Սա բավականին մեծ թիվ է, եւ հնարավորություն կտա մասամբ մեղմելու ճգնաժամի հետեւանքները:
– Շատ է խոսվում զբոսաշրջության զարգացման մասին: Ձեր ղեկավարած մարզում տեսնո՞ւմ եք զբոսաշրջության զարգացման նախադրյալներ:
– Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղությունների մեջ 2 տարի առաջ արձանագրել ենք նաեւ զբոսաշրջության զարգացումը: Սա համարել ենք մարզի տնտեսության զարգացման կարեւոր ճյուղերից մեկը: Ունենք զբոսաշրջության զարգացման մարզային հայեցակարգ, որը մշակվել է նաեւ սփյուռքահայերի մասնակցությամբ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը մեզ աջակցում է այս հարցում, եւ մենք անպայման փորձելու ենք արդյունավետ օգտագործել մեր մարզի հնարավորությունները:
– Որքա՞ն են մարզի վարելահողերը եւ ինչպե՞ս են օգտագործվում դրանք:
– Աշնանացան ենք կատարել 6600 հեկտար հողատարածքների վրա՝ 2007 թվականի 8000-ի փոխարեն, մի փոքր քիչ են գարնանացանի ծավալները՝ մոտ 6000 հեկտար: Նվազումը շատ չէ, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամը իր ազդեցությունը թողել է նաեւ գյուղատնտեսության վրա:
– Թումանյանի տարածաշրջանի Օձուն գյուղը 1400 հա վարելահող ունի, գարնանը մշակվել է հազիվ 140 հա, որից 20 հեկտարը հարեւան արեւածագցիներն են վարձակալությամբ մշակել: Գյուղացիները դժգոհում են, որ իրենք ներդրումներ են կատարում, իսկ կարկուտը ամեն ինչ ոչնչացնում է: Հնարավոր չէ՞ տարածաշրջանում հակակարկտային կայան տեղադրել: ՀՀ կառավարությունը այս խնդրին երբեւէ անդրադարձե՞լ է:
– Դժգոհությունը արդարացի է, հարցը շատ կարեւոր է, արդիական: Օձունի տարածաշրջանում ռիսկայնությունը բարձր է եւ կարկտահարության վտանգը ամեն տարի կա: Նախկինում այստեղ եղել են հակակարկտային կայաններ, վերջերս մարզում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամները: Եղան նաեւ Օձունի տարածաշրջանում, հանդիպեցին ազգաբնակչությանը եւ նորից նույն խնդիրը դրվեց: Կառավարության ծրագրով նախատեսվում է եկող տարվանից հանրապետության մարզերում հակակարկտային կայաններ տեղադրել: Լոռու մարզը ընդգրկված է այս ծրագրի մեջ: Ես չեմ կարող ասել, թե 2010-ին քանի հակակարկտային կայան կտեղադրվի, բայց հաստատ ծրագրի սկիզբը կազդարարվի եւ կլինեն աշխատանքներ: Կարծում եմ՝ առաջիններից մեկը կտեղադրվի Օձունում:
– Գյուղացիների մեկ այլ դժգոհությունն էլ՝ արտադրված գյուղմթերքի իրացման հարցն է: Մարդիկ չեն կարողանում վաճառել աճեցրած բերքը: Ի՞նչ եք անում այս ուղղությամբ:
– Ազատ շուկայական տնտեսությունը նոր պայմաններ է պարտադրում, եւ գյուղացին էլ պիտի հաշվի առնի շուկայի պահանջարկը: Մենք մեկ-մեկ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Օրինակ, Ջրաշեն գյուղը Սպիտակի տարածաշրջանի խոշոր գյուղերից մեկն է: Մի տարի ցանում են կաղամբ, հաջորդ տարի՝ կարտոֆիլ: Այս տարի կաղամբ չկա, շուկաներում կաղամբի ավելցուկ չկա: Գյուղացին այսօր չի դժգոհում, որ կաղամբ վաճառելու խնդիր ունի: Գներն էլ 50-200 դրամի սահմաններում են: Իսկ կարտոֆիլի գերարտադրությունը մեծ խնդիրներ է առաջացնում այսօր ոչ միայն մեր, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում:
– Իսկ հնարավոր չէ՞ գործարարներին խորհուրդ տալ մարզում կարտոֆիլի ալյուրի արտադրության համար ներդրումներ կատարել: Մասնագետները գտնում են, որ կարտոֆիլի ալյուրը հնարավոր է օգտագործել հացի արտադրության մեջ, բացի այդ, դրա պահանջարկը կա նաեւ հարեւան Վրաստանում:
– Շուկան պիտի նման պահանջարկ ձեւավորի, որ ներդնողն էլ գա ու ներդրում կատարի: Տեսնի, որ կարտոֆիլի ալյուրի պահանջարկը կա: Մենք կարող ենք բացատրել, որ այս դաշտը ներդրման համար բարենպաստ է: Հարեւան Վրաստանի հետ հարաբերություններում հենց վրացիներն են խոչընդոտներ ստեղծում, մենք խոչընդոտներ չենք ստեղծում: Նրանք Թուրքիայից շատ ավելի էժան կարտոֆիլ սկսեցին ներկրել:
– Վերջին օրերի ցուրտ եղանակները ի՞նչ վնասներ են պատճառել մարզի գյուղատնտեսությանը:
– Մեծ վնասներ չի պատճառվել, որովհետեւ միայն Թումանյանի տարածաշրջանում է, որ ծառերը ծաղկել էին: Այստեղ երեւի որոշ չափով վնաս կունենանք: Առանձին համայնքներից գրություններ ստացել ենք: Ցրտահարության վնասների մասին կարող ենք խոսել 10 օր հետո:
– Թումանյանի շրջանում տարածված է այն կարծիքը, որ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը բնակչության հետ գրեթե չի շփվում: Մարդիկ Ձեզ երբեւէ չեն տեսնում անգամ Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության եթերում: Առավել եւս ճգնաժամային այս պայմաններում մի՞թե հուսալքված բնակչությանը ասելիք չունեք:
– Երեւի այնքան էլ այդպես չի: Ես հաճախ լինում եմ համայնքներում, վերջին երեք ամսվա ընթացքում միայն Օձուն համայնքում, եթե չեմ սխալվում, երկու անգամ եղել եմ եւ տարբեր առիթներով ժողովրդի հետ շփվել եմ: Այնքան էլ այնպես չի, որ ես Թումանյանի տարածաշրջանը աչքաթող եմ արել: Մենք մեր աշխատանքների մեջ որոշակի փոփոխություններ ենք անում, ես որոշել եմ տարածքներում էլ քաղաքացիների հետ ընդունելություններ կազմակերպել: Շփումները կշատացնենք: