Banks.am պորտալի, ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի շրջանակներում «Մեդիամաքս» գործակալությունը ստացել է 36 ռեֆերատ: Ըստ «Մեդիամաքսի»՝ մրցութային հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել հետեւյալ բուհերի ուսանողների աշխատանքները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (12), Երեւանի պետական համալսարան (9), Գավառի պետական համալսարան (3), Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա (3), Հայաստանի պետական ագրարային համալսարան (2), Արցախի պետական համալսարան (2): Մեկական ռեֆերատ են ներկայացրել Ֆրանսիական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, Երեւանի գյուղատնտեսական համալսարանի եւ «Հայբուսակ» համալսարանի ուսանողները: Եվս մեկ ռեֆերատ է ներկայացվել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանու ներքո գործող Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողի կողմից: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են ապրիլի 28-ին, իսկ հաղթողների պարգեւատրման արարողությունը կայանալու է մայիսի 5-ին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, տնտեսական բլոկի նախարարների, Կենտրոնական բանկի Խորհրդի անդամների եւ հատուկ մրցանակներ սահմանած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Լավագուն ռեֆերատները տեղադրվելու են Banks.am պորտալում:
Առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները պարգեւատրվելու են, համապատասխանաբար, 150, 100 եւ 75 հազար դրամ մրցանակներով: Մրցույթի մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել 4 ընկերություններ: Telcell վճարային համակարգը եւ «Լիկվոր» դեղագործական ընկերությունը սահմանել են հատուկ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամի չափով: «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն սահմանել է հատուկ մրցանակ երկու մասնակիցների համար՝ երկամսյա աշխատանքային ստաժավորում ընկերությունում՝ աշխատանքային պայմանագրի հնարավոր կնքման հեռանկարով: «Արմենբրոկը» սահմանել է հատուկ մրցանակ երեք աշխատանքների հեղինակների համար՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 100 բաժնետոմս (1 բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը 1050 դրամ է): Լավագույն աշխատանքների երեք հեղինակներին կտրամադրվեն, համապատասխանաբար, 50, 30 եւ 20 բաժնետոմսեր: