Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԸ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Ապրիլ 25,2009 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ, որով հավաստիացնում են, թե Ադրբեջանը չպիտի անհանգստանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» թերթը: Այդ հրապարակման համաձայն, ապրիլի 23-ին Գյուլը, զրուցելով լրագրողների հետ, նշել է, որ իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ չհասկացվածության պահ չկա: «Այն, ինչ տեղի է ունենում՝ բխում է թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի շահերից: Եթե նախաձեռնած համաձայնագիրն ընդունվի, դա օգուտ կբերի Թուրքիային, Ադրբեջանին, հայերին եւ ամբողջ կովկասյան տարածաշրջանին»,- նշել է Գյուլը: Թուրքիայի նախագահը նաեւ հստակեցրել է, որ համաձայնագիրը միայն նախաձեռնված է, բայց ոչ ստորագրված, թուրքական օրենքների համաձայն՝ նման համաձայնագիրը պետք է նաեւ հաստատվի Թուրքիայի խորհրդարանի կողմից: Իր հերթին Թուրքիայի վարչապետը նշել է. «Մենք չենք ձեռնարկի որեւէ քայլ, որը վնաս կպատճառի մեր ադրբեջանցի եղբայրներին: Առայժմ ոչ մի բան, բացի նախնական համաձայնագրից, չի ստորագրվել»: «Ռեգնումը» հիշեցնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարություններից հետո Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը, կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է զուգորդվի Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել