Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Ապրիլ 25,2009 00:00

Մասաչուսետսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 82 անդամներ, ներառյալ պալատի նախագահ Ռոբերտ Ա. Դելեոն, նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով Արեւելյան Մասաչուսետսի Հայ դատի հանձնախումբը, նամակը հեղինակել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եւ նահանգային Ներկայացուցիչների պալատի անդամ Պիտեր Քութուջյանը: Վերջինս հիշատակել է իր նախնիներին, ովքեր ցեղասպանության ժամանակ գաղթել են իրենց հայրենի Մարաշից, ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայերի, եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչել Ցեղասպանությունը: Ըստ նրա, մարդկության դեմ այսպիսի ոճիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ արդարացիորեն չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը: Նամակում կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին՝ վավերացնել Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձեւը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մասաչուսետսից ԱՄՆ Կոնգրեսում ներկա 10 անդամներից 9-ը իր աջակցությունն է հայտնել բանաձեւին: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ շաբաթվա սկզբին կոնգրեսական Մքգավերնը, ով ներկայացնում է Մասաչուսետսի Վուստեր եւ հարեւան քաղաքները, կոչ է արել նախագահ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ իր խոսքում նշել է. «Ե՞րբ է ճիշտ ժամանակը: Երբ վերջին վերապրածը, վերջին ականատեսը այլեւս մեզ հետ չի՞ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել