Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն չի ուզում փոխվել

Ապրիլ 25,2009 00:00

Մինսկի եւ Արեւմուտքի երկխոսությունը չի բերի Բելառուսի ղեկավարության քաղաքականության փոփոխության: Այս մասին հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Լուկաշենկոն քննադատել է Բրյուսելի կողմից առաջադրված Մինսկի եւ ԵՄ-ի մերձեցման նախապայմանները, որոնց թվում են ընտրական օրենսդրության ազատականացումը, կուսակցությունների գործունեության պայմանների բարելավումը եւ ԶԼՄ-ների ազատությունը: «Լուկաշենկոյից պահանջում են փոխել օրենսդրությունը, քանդել ընտրական համակարգը, իսկ ԶԼՄ-ները տալ ընդդիմությանը: Եթե թողնես, որ մեր ընդդիմությունը մուտք գործի ԶԼՄ-ներ, ապա բնակչության 95%-ն այդ ընդդիմությունից կփախչի՝ ինչպես բորոտներից»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով՝ ընդդիմության համոզմունքը, որ Արեւմուտքը պետք է երկխոսության մեջ մտնի Բելառուսի հետ միայն այդ երկրում կատարված արմատական բարեփոխումներից հետո, վարկաբեկում է ընդդիմությանը: «Սա ընդդիմություն չէ: Սրանք ժողովրդի թշնամիներ են»,- եզրակացրեց Բելառուսի ղեկավարը: Նա նաեւ չպարզաբանեց այն խնդիրը, թե արդյոք մասնակցելո՞ւ է «Արեւելյան գործընկերությանը» նվիրված՝ Պրահայում մայիսի 7-ին կայանալիք միջազգային համաժողովին: Եվրոպացի քաղաքական գործիչներից շատերը կտրականապես դեմ են դրան, գտնելով, որ Լուկաշենկոն տեղ չունի ժողովրդավարական երկրների ղեկավարների ընտանիքում: Բելառուսի ղեկավարը նաեւ դժգոհեց, որ Արեւմուտքը փորձում է իր հետ երկխոսության թեման պայմանավորել Վրաստանից անջատված հանրապետությունների ճանաչման խնդրով: «Ասում են, իբր, եթե ճանաչեք Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, մենք ձեզ կպատժենք: Դե պատժեք Ռուսաստանին, որն արդեն ճանաչել է»,- հեգնում է Լուկաշենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել