Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀՆ՝ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Ներառական կրթությունը՝ ճանապարհ դեպի հավասար հնարավորությունների եւ հանդուրժողականության աշխարհ

Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը Հայաստանում (նույնիսկ՝ ԱՊՀ-ում) առաջինը սկսեց ներառական կրթություն իրականացնել: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ 9 տարի տնօրինել է այդ դպրոցը, պատմում է. «Նոր էի նշանակվել թիվ 27 դպրոցի տնօրեն, 1999 թ. փետրվարն էր, մի հավաքույթի ժամանակ դիտում էինք տեսագրված ներկայացում, որի մեջ խաղում էին հաշմանդամ երեխաներ: Այնքան տպավորված էի, որ հետաքրքրվեցի ու պարզեցի, որ դա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական խմբի ներկայացումն է: 1999 թվականին ես արդեն 33 տարվա մանկավարժական փորձ ունեի եւ իմ գործունեության ընթացքում ոչ մի այդպիսի երեխայի չէի հանդիպել, հարցրեցի՝ որտե՞ղ են այդ երեխաները, ի՞նչ դպրոց են գնում, գնո՞ւմ են, թե՞ չեն գնում: «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանն ասաց՝ նրանք գնում են հատուկ դպրոցներ, զարմացա՝ էդ ի՞նչ հատուկ դպրոցներ են… Այդպես խոսեցինք, եւ Սուսաննան, անմիջապես ինձ խոսքի մեջ բռնացնելով, հարցրեց՝ այ, Դուք դպրոցի տնօրեն եք, եթե մի այսպիսի երեխա Ձեզ դիմի, կընդունե՞ք: Ասացի՝ իհարկե, կընդունեմ… խտրականությունն այդ պահին չէի հասկանում, ինձ ուղղակի թվում էր, թե մեր երկրում չկան այդպիսի երեխաներ, որովհետեւ չէինք տեսնում նրանց, բայց պարզվեց, որ նրանք կան, ուղղակի… մեկուսացված էին հասարակությունից: Այդպիսով, «Հույսի կամուրջի» տիտանական աշխատանքների արդյունքում 1999 թ. սեպտեմբերից իմ դպրոցում հայտնվեց առաջին հաշմանդամ երեխան: Աշխենիկ Ավագյանը մեզ մոտ տեղափոխվեց հատուկ դպրոցից, որտեղ 4 տարի սովորել էր եւ ընդամենը մի քանի տառ գիտեր: Նրա բժշկական տեղեկանքի մեջ գրված էր, որ նա մտավոր հետամնաց է եւ չի կարող սովորել: Բայց այսօր նա ավարտել է դպրոցը, սովորում է քոլեջում եւ պատրաստվում է դառնալ գործավար: Նրա մուտքը դպրոց եղավ բեկումնային: Մեր դպրոցի ծնողների, ուսուցիչների մոտ սկզբում ընդվզում կար, պետք է ասեմ, որ ամենանվազ բողոքը երեխաների կողմից էր, երեխաների մոտ խտրականություն չկա, այդ մեծերն են նրանց սովորեցնում խտրականությանը: Ուսուցիչները սկզբում թերահավատ էին, շատ քչերն էին արդյունքներին հավատում, մեծամասնությունը հետեւիցս ասում էր՝ Բախշյանը ուզում է դպրոցը դեբիլների դպրոց դարձնի: Բայց հետո, երբ Աշխենի վրա տեսանք այդ տարբերությունը, բոլորը ոգեւորվեցին, այդ ոգեւորությունը սկսեցին տարածել, ուսուցիչներով սկսեցինք սովորել «Հույսի կամուրջ» հ/կ-ի շնորհիվ, ու մեր գիտակցության մեջ հեղափոխություն եղավ, մի շատ պարզ բան հասկացանք, որ ամեն երեխա, անկախ իր հատուկ կարիքներից, կարող է սովորել, իհարկե, իր հնարավորությունների սահմաններում: Մանկավարժի ամենաամեծ շնորհքը նրանում է, որ տվյալ երեխայի կրթական կարիքը գնահատվելուց հետո կարողանա բավարարել այն: Չկա այնպիսի երեխա, որը ոչինչ չի կարող սովորել, այդ մանկավա՛րժը պիտի տիրապետի գործիքների այն լայն սպեկտրին, որ կարողանա օգնել նրան սովորել: Հոգեբանության մեջ կա աքսիոմա. կրթությունը երեխայի համար 5-րդ կարիքն է: 1-ինը՝ նա պետք է սիրված լինի եւ հոգատարությամբ շրջապատված, 2-րդը՝ պաշտպանված եւ անվտանգ զգա իրեն, 3-րդը՝ սոված չլինի, չմրսի, գլխին տանիք ունենա, այսինքն՝ ֆիզիկապես նույնպես պաշտպանված լինի, 4-րդ՝ գտնվի խմբի մեջ, սոցիալիզացվի, շփման հնարավորություն ունենա, եւ երբ այս 4 պայմանները բավարարված լինեն, նոր կզգա 5-րդ կարիքը՝ կրթության: Իսկ եթե երեխան սոված է, մրսած, վախեցած, չսիրված, անպաշտպան, ապա նա սովորել չի կարող: Եվ հակառակը՝ եթե այս չորս պայմաններն ապահովված են, ապա մտավոր ամենախոր հետամնացին էլ ինչ-որ բան կարող ես սովորեցնել: Երբեմն հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին ասում են՝ սահմանափակ հնարավորությունների տեր, դա աբսուրդ է, իսկ ո՞ւմ հնարավորություններն են անսահմանափակ, կա՞ այդպիսի մարդ: Չկա՛: Ներառական կրթությունը պետք է ոչ միայն ներառվող երեխային, այլեւ՝ դասարանի մյուս աշակերտներին: Դա դաստիարակություն է, դա կյանքի, համբերատարության, հանդուրժողականության, խտրականության բացառման դպրոց է, քրիստոնեական մթնոլորտ է: Ինքս մինչեւ վերջին նյարդս ընդունում եմ ներառական կրթությունը եւ պիտի հպարտությամբ ասեմ, որ «Հույսի կամուրջ», «Առաքելություն արեւելք» հասարակական կազմակերպությունների ու ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ այսօր արդեն Տավուշի մարզն ամբողջությամբ ներառական կրթություն է իրականացնում, այսինքն՝ ոչ մի երեխա դուրս չի մնում, ամենքն իրենց կարիքների, հնարավորությունների չափով կրթություն են ստանում: Եվ այն երեխաները, որոնք խտրական վերաբերմունքի պատճառով դուրս էին մնացել կրթական դաշտից, հիմա կներառվեն, եւ յուրաքանչյուրն իր չափով կդրսեւորվի»:

Տիկին Բախշյանի հետ մեր զրույցի ընթացքում մեզ միացավ Ալբերտ Աբգարյանը, ով ժամանակին թիվ 27 դպրոցում վերապատրաստել է ուսուցիչներին՝ ներառական կրթություն իրականացնելու համար, իսկ հիմա պատգամավոր Անահիտ Բախշյանի օգնականն է: «Իրավաբան, կոմպոզիտոր, երաժիշտ, հրաշալի տղա եւ իմ լավ ընկերը»՝ այսպես ներկայացրեց տիկին Բախշյանը Ալբերտին: Նա տեսողական խնդիր ունի, եւ շատ լավ է հասկանում՝ ինչ ասել է խտրականություն, ինչ ասել է ներառական կրթություն կամ դրա բացակայությունը: «Ընդամենը պետք է հնարավորություն տալ: Միայն այդքանը: Յուրաքանչյուր երեխայի պետք է կրթություն ստանալու, իր տարեկիցների միջավայրում լինելու հնարավորություն տալ»,- ասում է Ալբերտը:

«Ներառական կրթությունը հետսովետական երկրների ժողովուրդների գիտակցության մեջ դեռեւս չտեղավորվող հարցադրում է, քանի որ մենք սովոր ենք եղել, որ կան օժանդակ դպրոցներ՝ մտավոր հապաղումներ եւ առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաների համար, որ նրանք առանձնացված են եղել: Բայց ներկայումս, արեւմուտքի ազդեցությամբ, գնում ենք մարդասիրական, հումանիստական ուղղությամբ,- ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր հոգեբան, Երեւանի մանկավարժական համալսարանի դոցենտ Ռուբեն Պողոսյանը:- Ներառական կրթության մեջ ամենակարեւորը շփման դաշտն է: Ճիշտ է, դժվար է պատկերացնելը, որ հանրակրթական դպրոցներում կարելի է ներառել շատ խորը աֆազիաներ, խնդիրներ ունեցող երեխաների: Բայց սահմանը՝ ո՞րն է այդ «շատ խորը», դեռ ոչ ոք չի տվել, ոչ ոք չի գտել: Նախ պետք է գտնել այն սահմանը, թե ինչ աստիճանի հոգեկան խեղումներ եւ զարգացման մեջ հապաղումներ ունեցողներն են, որոնք չեն կարող սովորել հանրակրթական դպրոցներում: Բայց եթե երեխան անվերջ գտնվում է օժանդակ դպրոցում, նա կարծես լրիվ մեկուսացվում է իրական կյանքից, դա արդեն նմանվում է գաղութի: Այս առումով ես գտնում եմ, որ, այո, պետք է այնպես անել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները ներքաշվեն մեր կյանք, վստահություն, ջերմություն ձեռք բերեն, դա նաեւ խթան կարող է հանդիսանալ, որ ինչ-ինչ հապաղումներ ունեցող երեխան շտկվի: Գիտեք, եթե նույնիսկ ոչ հաշմանդամ երեխային անընդհատ ասես՝ քեզնից բան դուրս չի գա, ոչինչ անել չես կարող, ի վերջո նա կընտելանա այդ վիճակին եւ մտավոր առումով հետ կմնա: Շփման դաշտը պետք է ընդլայնվի, նույնիսկ ամենավատ վիճակում գտնվող երեխան պետք է չմեկուսացվի, հասարակության անդամ դառնա, գոնե 4-5 դասարանի կրթություն ստանա: Այն հանձնաժողովները, որոնք որոշում են երեխայի մտավոր ունակությունները, պետք է կազմված լինեն ոչ միայն բժշկից, լոգոպեդից, հոգեբանից, այլեւ՝ մանկագիրներից, ծնողներից, գուցե՝ նկարիչներից, երաժիշտներից, որովհետեւ դժվար է ասել, թե ինչ ունակություններ կարող են թաքնված լինել այդ երեխայի մեջ: Հիշեցնեմ, որ Էյնշտեյնը սկսել է խոսել 7 տարեկանից: Հոգեկան զարգացման ներուժը մինչեւ 7 տարեկան հասակը այնպիսի ճկունություն կարող է դրսեւորել, որ ոչ մի ձեւով չեն կարող կանխորոշել: Պետք է միայն համբերատար աշխատանք տանել, ամեն ինչը հնարավոր է շտկել: Սոցիալական դաշտի, մարդկային շփման գործոնը անասելի հզոր ուժ է, որ կարող է ինքն իրենով շտկողական, խթանիչ ուժ հանդիսանալ հատուկ կարիքներ ունեցող, եւ ոչ միայն այդպիսի երեխաների համար: Նույնիսկ ամենաառողջ երեխային եթե մեկուսացնես հասարակությունից, իր տարեկիցներից, վաղ թե ուշ պրոբլեմներ կունենա»:

Պարոն Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հիմնավոր որոշ մարդկանց մտավախությունը, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ շփումը այդ դասարանի մյուս երեխաներին էլ կդարձնի այդպիսին (տես՝ «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Սովորական ֆաշիզմ» հոդվածը): Հոգեբանը կտրուկ էր. «Անմիջապես ասեմ՝ նման բան չկա: Ինչ վերաբերում է ծաղրելուն, այդ երեխայի անկանոն շարժումները կապկելուն, ապա սկզբնական շրջանում գուցե մի քանի օր այդ երեխայի խորհրդավոր վարքագիծը, անհամաչափ շարժումները մյուս երեխաների համար ոչ սովորական լինեն, եւ նրանք, չհասկանալով, անսովորությունից, սկսեն կրկնօրինակել, ծաղրել, բայց շուտով կսկսեն ընկերություն անել: Երեխաները շատ ճկուն են այդ հարցում: Նրանք հաշվի չեն առնում՝ դիմացինն ինչ ընտանիքից է, հարուստ է, թե աղքատ, սեւ է, թե սպիտակ, խելացի է, թե ոչ այնքան, երեխաների մեջ խտրականության զգացողությունը չկա, այդ մեծերն են նրանց մեջ մտցնում այդ բաները…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել