Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Ապրիլ 25,2009 00:00

Ցուցափեղկերում ծխախոտի պատկեր չեք տեսնի

ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, ծխախոտի օգտագործման բնագավառում հսկողություն իրականացնող մարմիններ դեռ չեն սահմանված: Գործող օրենքը հնարավորություն չի տալիս իրական պայքար մղել ծխախոտի դեմ, քանի որ այն չի նախատեսում սահմանափակումներ՝ 18 տարին չլրացած անձանց կողմից ծխելու, նրանց ծխախոտ տրամադրելու, նրանց ներկայությամբ ծխելու համար, անուղղակի իրականացվում է ծխախոտ օգտագործելու գովազդը՝ մասնավորապես հեռուստատեսությամբ եւ քանի որ չի նախատեսված պատասխանատվություն, ապա ծխախոտը վաճառվում է ցանկացած վայրում: Ըստ ՀՀ կառավարությանը տրամադրած վիճակագրության, 2005թ. հանրապետություն ներմուծվել է 2895 տոննա սիգար եւ սիգարետ, իսկ 2007թ. 358 տ-ով ավելի՝ 3253 տ: 2008 թ. 10 ամիսների ընթացքում՝ 2700 տ եւ, ըստ կանխատեսումների, ներմուծման քանակն այս տարի ավելի է լինելու: Նույն տվյալների համաձայն, 2005թ. սպառվել է 258 մլն տուփ սիգարետ, իսկ 2007 թ.՝ 270 մլն տուփ: 2008 թ. 9 ամիսների ընթացքում սպառվել է 207 մլն տուփ ծխախոտ:

ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Ծխախոտի իրացման, սպառման, եւ օգտագործման սահմանափակումների մասին» գործող օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն, «Առավոտի» տեղեկություններով, մինչ օրենքի ուժ ստանալը պետք է քննարկվի հասարակական, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, հանրության կողմից: Ծխախոտի շրջանառության համար առաջարկվել են բազմաթիվ սահմանափակումներ: Մասնավորապես, արգելվում է օգտագործել կամ տարածել ծխախոտային արտադրատեuակի «կեղծ», «մոլորեցնող բնութագիր», «առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մաuին ոչ ճիշտ տեղեկություններ» պարունակող տուփերով ծխախոտ: Արգելվում է ծխախոտային արտադրատեuակն օգտագործել որպեu այլ ապրանքատեuակների վաճառքի խթանման միջոց, «այլ շահագրգռման ձեւ» կամ՝ հրապարակային միջոցառումների ժամանակ ծխախոտ արտադրող կազմակերպությունների կամ ծխախոտի արտադրատեuակների անվանումների կամ ապրանքային նշանների օգտագործումը, ինչպես նաեւ դրանց տարածումը այդ միջոցառումների մաuնակիցների շրջանում: Իսկ, որ ամենից կարեւորն է, օրենքի նախագծի հեղինակների կողմից նախատեսվում է՝ ծխախոտի արտադրատեսակների ցուցադրումը կամ զետեղումը կամ գովազդը առեւտրի օբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների՝ հիմնականում դրամարկղային գործառույթ իրականացնող առանձնացված դրամարկղերում եւ արտաքին ցուցափեղկերում: Իհարկե, այդ արգելքը չի տարածվի «ծխելու հետ առնչվող պիտույքների», մասնավորապես՝ հրահանների կամ մոխրամանների վրա: Ծխախոտի հետ առնչվող «պիտույք» կարո՞ղ է լինել, օրինակ, բանաստեղծի «Ծխախոտս, այրվում ես, վառվում ես ինքդ քեզ, ինչպես ես» գրական ստեղծագործությունը: Այսօրինակ գրական արժեքների վաճառքի ժամանակ ծխախոտի պատկերը գրախանութներում զետեղելու համար դժվարություններ կլինեն եւ օրենքի նախագիծն այս առումով պատասխան չունի:

Գործող օրենքով արգելվում է վաճառել կամ իրացնել ծխախոտային արտադրատեuակը՝ 18 տարին չլրացած անձանց: Սակայն մի բան պարզ է, որ Հայաստանում որեւէ երեխա «պապայի» համար ծխախոտ գնելիս իր ծննդյան վկայականը կամ «պապայի» անձնագիրը խանութ չի տանում: Իսկ թե ինչպիսի սահմանափակումներ են նախատեսվել ծխախոտի օգտագորման համար՝ այս ռոմանտիկ նախագծում, պարզվում է հետեւյալը: Ծխախոտի օգտագործումն արգելվում է՝ ուսումնական, առողջապահական, մարզական եւ մշակութային հաստատություններում, կազմակերպությունների վարչական կամ այլ շենքերի տարածքներում, բացառությամբ՝ ծխախոտ օգտագործելու համար առանձնացված տարածքների: Չնայած նախատեսված է, որ վերելակներում ծխելն արգելվում է, սակայն չի նշված, թե 3 տեղանոց վերելակում ո՞վ եւ ինչպե՞ս է կանխելու ինչ-որ մեկի ծխելու ցանկությունը: Ինչ վերաբերում է հեռուստատեսային ուղիղ եթերներին, որտեղ անգամ մոտավորական-մտավորական կանայք են ծխում եւ դա ցուցադրվում է, ապա այն արգելվելու է ոչ միայն ուղիղ եթերի ժամանակ, այլեւ նկարահանվելիս (օրինակ, «32 ատամի», «PS քլաբ-ի», «2 աստղի»), ասուլիսների կամ բրիֆինգների ժամանակ: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ-ում ցուցադրվող հեռուստահաղորդումներում կամ ֆիլմերում արգելել «հասարակության մեջ դրական վարկանիշ ունեցող անձանց կամ դրական հերոսներին ցուցադրել ծխախոտ օգտագործելիս», բացառությամբ՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նկարահանվածների: Միայն պարզ չէ, թե ինչպես է որոշվելու դրական վարկանիշ ունեցողների ցանկը կամ ինչպես է իրականացվելու վերահսկողությունը: Ըստ նախագծի հեղինակների, ծխախոտի օգտագործման սահմանափակումների բնագավառում կազմակերպություններն իրավունք ունեն՝ դիմել ոստիկանությանը ծխախոտի օգտագործման սահմանափակումները պարբերաբար խախտած եւ տվյալ կազմակերպության աշխատակից չհանդիսացող կամ տվյալ կազմակերպությունում չսովորող կամ չբուժվող կամ չմարզվող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար:

Շատ գործատուներ չգիտեն, որ աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերով կարող են խրախուսանքի միջոցներ կիրառել չծխող աշխատակիցների համար: Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտ չօգտագործելու փաստը որոշել «լիազոր մարմնի կողմից»՝ պայմանագրի համաձայն, եւ 2-օրյա վճարովի արձակուրդ տալ աշխատակցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել