Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի ընտանիքի պատմություն

Ապրիլ 25,2009 00:00

«Ես էլ հայ եմ եւ հայրենիքում ապրելու իրավունք ունեմ»

Հայաստանի թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային հանրապետությունների ցավոտ հարցերից մեկը արտագաղթն էր: Արտագաղթ հիմա էլ կա: Բայց կա նաեւ ներգաղթ՝ հատկապես Մերձավոր Արեւելքի երկրներից: 5 տարի առաջ Հայաստանում մշտական բնակություն հաստատած Գայմագամյան ընտանիքի հավաստմամբ, իրենց ծանոթ- բարեկամներից շատերը կուզեին Հայաստանում բնակվել, եթե միայն Հայաստանում հարմար աշխատանք ունենան:

Գայմագամյանների ընտանիքը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 5 տարի առաջ՝ նպատակ ունենալով 2 աղջիկ զավակներին՝ Սոնային եւ Արազին, հայրենիքում մեծացնել ու հայեցի կրթություն տալ: «Ծնողներս որոշել էին, որ պետք է Հայաստան տեղափոխվենք դեռեւս 10 տարի առաջ, սակայն որոշ խնդիրներ կային, որոնք մինչեւ չլուծեինք, չէինք կարող: 5 տարի առաջ վաճառեցինք բնակարանն ու ոգեւորված եկանք Հայաստան»,- պատմում է ընտանիքի ավագ դուստրը՝ Սոնան:

Սակայն ընտանիքի ոգեւորությունը երկար չտեւեց: Տեղափոխվելուց անմիջապես հետո հիվանդացավ ընտանիքի հայրը եւ վաճառված բնակարանի ամբողջ գումարը ծախսվեց նրա բուժման համար: «Ամենացավալին այն էր, որ հիվանդանոցում մեզնից ավելի գումար էին վերցնում, պատճառաբանելով, որ սփյուռքահայ ենք,- պատմում է Սոնան եւ ավելացնում,- իսկ մենք երազում էինք հայրենիքում ապրել»:

Հայրենիքում, իհարկե, ապրում են, բայց բուժումը թանկ է, ուստի ապրում են վարձով: «Հինգ տարվա ընթացքում 4 տուն փոխեցինք»,- պատմում է կրտսեր դուստրը՝ Արազը: Դպրոց ընդունվելն էլ է խնդիրներ առաջացնում: Սիրիայում գերազանց սովորող աղջիկներին՝ արեւելահայերեն լավ չիմանալու պատճառով, դպրոցում փորձում են ցածր դասարան նստեցնել: «Հետո սկսեցինք բոլոր առարկաները անհատական պարապել, որ հասնենք մեր համադասարանցիներին»,- պատմում են քույրերը:

Հիմա արդեն քույրերը լեզվի խնդիր չունեն: Ընկերների հետ շփվում են արեւելահայերեն, իսկ միմյանց հետ շարունակում են արեւմտահայերեն խոսել: Սոնան արդեն համալսարանում է սովորում, իսկ Արազն այս տարի է ավարտելու դպրոցը եւ նույնպես բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունի:

Ընտանիքը բողոքում է սփյուռքահայերի հանդեպ խտրական վերաբերմունքից եւ որպես օրինակ Սոնան հիշում է մի դեպք. «Մի անգամ մայրիկիս հետ գնումների էինք գնացել: Երբ մայրս փորձեց սակարկել, վաճառողը զայրացավ ու ասաց, որ գնանք «իրենց» երկրից, որ մենք շատ փող ունենք ու հերիք չի եկել՝ իրենց երկրում ենք ապրում, չենք էլ ուզում վճարել: Մեզ շատ վատ զգացինք»: Սակայն հիմա Սոնան ու նրա ընտանիքը այլ կերպ են մտածում եւ եթե հիմա որեւէ մեկը փորձի նման բան ասել, Սոնան անպայման կպատասխանի. «Եթե դուք հայ եք եւ իրավունք ունեք ապրել այս հողի վրա, մենք էլ հայ ենք եւ սա նաեւ մեր հայրենիքն է»:

Մեծ քույրն արդեն հարմարվել է Հայաստանին եւ իրեն Սիրիայում այլեւս չի պատկերացնում: «Սկզբնական շրջանի հիասթափությունն անցավ: Հասկացա, որ մեզ հանդիպած դժվարությունների պատճառը հայրենիքը չէր, մարդիկ էին մեղավոր»,- ասում է նա: Իսկ կրտսերը դեռ ցանկանում է վերադառնալ՝ «կարոտել է ընկերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930