Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉՈՒՆԵՆԱԼ ՉՄՈՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Նորայր Անդրանիկի Շահբազյանը Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի առանձնակի գումարտակի բժիշկն է եղել 1992-1998 թվականներին: Հիմա՝ խաղաղ պայմաններում նախընտրում է ներկայանալ այլ կերպ՝ ՀՀ հասարակ քաղաքացի: Նրա հետ զրույցը ապրիլի 24-ի, մեր խոսքի ու գործի տարբերությունների, մեր մասին է:

– Ինչո՞ւ եղավ ապրիլի 24-ը: Ի՞նչն էր մեզ պակասում:

– 20-րդ դարում հայերի ցեղասպանություն եղավ, հետո, մոտ 20 տարի անց՝ հրեաների: Այստեղ շատ հետաքրքիր զուգահեռ կա: Երկու ազգեր, հարյուրավոր տարիներ պետություն չունեին, ցեղասպանություն եւ պետության ձեւավորում: Կարեւոր չէ՝ ով է իրականացրել, ձեռագիրը նույնն է: Հրեական պետությունը ձեւավորվեց արաբների մեջ եւ այսօր հավերժ պատերազմի մեջ է եւ, իմ կարծիքով, տանուլ է տալու՝ հավերժ պատերազմով հարց չի լուծվում: Եվ հայկական պետություն, որ ձեւավորվեց թուրքալեզուների մեջ: Ցեղասպանությանը պետք է այս տեսանկյունից նայել եւ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը դառնա Իսրայել:

– Ապրիլի 24-ից անցել է 94 տարի: Մենք ամեն ապրիլի 24-ին խոսում ենք միասնականության մասին, իսկ ապրիլի 24-ից ապրիլի 24, անընդհատ բաժանվում՝ արեւելահայ-արեւմտահայ, հայաստանցի-սփյուռքահայ, հայաստանցի-ղարաբաղցի եւ այսպես շարունակ: Ո՞րն է տրամաբանությունը:

– Եկեք մի քիչ հեռու գնանք: Երբ Արեւմտյան Հայաստանից առաջին գաղթը եղավ՝ գաղթականները չէին ինտեգրվում տեղի հայերի հետ: Գաղթականներին ամենալկտի ձեւով էին վերաբերվում: Ասածներիս ապացույցը վերջին դեպքերն են՝ ադրբեջանահայերի նկատմամբ վերաբերմունքը: 20 տարի է անցել, բայց այդ մարդիկ դեռ չեն ինտեգրվել հասարակությանը: Շատերը ճարահատ թողեցին- հեռացան: Ասեմ ավելին, 100 տարի է անցել, բայց սասունցիները մինչեւ հիմա ռեալ չեն ինտեգրվել հասարակությանը: Ազգայինը մեկը պետք է լինի: Մենք վանում ենք մեր տեսակին, չգիտեմ ինչու: Միգուցե շատ ենք խառնվել ուրիշ ազգերի: Իրենք են մեր վրայով անցել, թե մենք ենք իրենց տակով անցել՝ կարեւոր չի: Այսօր ամենակարեւոր հարցն է՝ ինչ անել, ում հետ անել, երբ անել, ինչպես անել:

Պիտի ունենանք քաղաքացիական հասարակություն, այսօրվա չմոների հասարակության փոխարեն: Չմո ասածը բացատրելու համար մի օրինակ բերեմ: 1997 թվականին Ժիրայր Սեֆիլյանը նշանակվեց Ղարաբաղի N զորամասի հրամանատար ու նրա հետ տեղափոխվեցին մեր տղաներից մի քանիսը, այդ թվում՝ Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդյանի եղբայրը՝ Գագիկը ու նշանակվեց զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար: Նա անմիջապես հավաքել էր «ավտարիտետներին» ու զրուցել հետները: Վերջում նրանցից մեկը ասել էր՝ «շեֆ ջան, նախկինները ասում էին այսպես արեք՝ անում էինք, դուք ասեք ոնց անենք՝ մենք կանենք»: Չմոյի դասական հոգեբանություն: Մի բան պիտի լինի՝ օրենք, բանակի դեպքում՝ կանոնադրություն: Ու եթե կանոնադրություն, կարեւոր չի ով է հրամանատարը, եթե լինի օրենք՝ կարեւոր չի ով է նախագահը: Եթե չլինի չմոների հասարակություն, այլ՝ քաղաքացիական հասարակություն, շատ հարցեր կլուծվեն: Թուրք սուլթան Սուլեյմանը շատ լավ բանաձեւել է, թե ինչ է պետք հզոր պետություն ունենալու համար՝ կենսական տարածք, իսկ դրա համար՝ հզոր բանակ, իսկ դրա համար՝ հարուստ ժողովուրդ, իսկ դրա համար՝ գործող օրենքներ: Վերջ, ուրիշ ոչ մի բան, ոչ նավթ, ոչ այլ բան: Հիմա ես հարց եմ տալիս, այս չորսից որ մեկը ունենք: Ուրեմն պետք է սկսենք վերջից՝ գործող օրենքներից՝ ունենանք հարուստ, հզոր բուֆեր՝ ցնցումներին դիմակայելու համար: Մարդը ավելի թանկ է, քան նավթը: Իսկ չմո ազգը արժանապատվություն չունի:

– Ինչպե՞ս եղավ, որ չմոների հասարակությունը նոր ապրիլի 24 թույլ չտվեց ու դեռ ամրացավ իր հողում:

– Ո՞վ սկսեց Ղարաբաղի պատերազմը: Ես Ղարաբաղ եմ գնացել, որովհետեւ իմ կարիքը այնտեղ կար, բայց պատերազմը ոչ մենք ենք սկսել, ոչ ադրբեջանցիները: Մեր ազգային գործիչների 90 տոկոսը ազգի հետ կապ չունի եւ եթե թուրքը հասնի սահմանին՝ առաջինը իրենք են փախնելու, սկսած մեծամեծ կուսակցություններից: 1994 թվականին ասում էին՝ Մոսկվան «դաբրո» է տվել այսինչ բնակավայրը գրավելու, բայց չկարողացանք գրավել:

Ղարաբաղի շարժումը կայսրության փլուզման մի բաղադրիչն էր՝ բնական երեւույթ, որի դեմ դուրս գալ չենք կարող: Հատուկ ծառայությունները պիտի հսկողության տակ պահեին շարժումը: Իհարկե, փառք Աստծո, որ նրանց հաշվարկները սխալ դուրս եկան: Գիտե՞ք քանի հոգով ենք ազատագրել Ղարաբաղը: Պատերազմով մենք հնարավորություն ստացանք պահել Ղարաբաղը: Հնարավորություն ստացանք, բայց դեռ չենք պահել:

Ղարաբաղում պատերազմի ժամանակ մեկը ասաց, թե Ղարաբաղ ենք եկել հողի ու ջրի համար, մարդիկ կարեւոր չեն: Ղարաբաղցիք արդարացիորեն վիրավորվեցին: Հողն ու ջուրը հայրենիք չի, եթե մարդ չկա: Հայաստան եկող օտարազգին, այդ թվում՝ թուրք, կարող է ճանապարհի մի հատվածում արտաթորել: Դա չի նշանակում, թե պղծեց մեր հայրենիքը: Եթե փորձի դա անել խաչքարի վրա կամ եկեղեցում՝ չենք թողնի: Ուրեմն՝ հայրենիքը հողուջուրը չէ, հայրենիքը հողուջրի վրա ստեղծածն է, մշակույթն է, մարդիկ են:

Պատերազմում հաղթանակը հարաբերական է: Պատերազմում չեն հաղթում: Պատերազմում հաղթում է միայն տականքը: Մեր կողմից հաղթել է հայ տականքը, նրանց կողմից՝ ադրբեջանցի տականքը: Ժողովուրդը միայն կորուստ է ունենում: Այդ զոհված 8000 երիտասարդներին ինչո՞վ ենք լրացնելու: Խոսում ենք մեկուկես միլիոնի մասին: Բայց մեզ համար թանկ են նաեւ մեկ տարի առաջ զոհված 10-ը, որի համար ոչ ոք, չգիտես ինչու, պատասխան չի տալիս: Աշխարհը առաջ է գնում, իսկ մենք հետընթաց ենք արձանագրում: Ես շատ եմ սիրում իմ ազգը ու սա ասում եմ նեղված ու վիրավորված: Ինչքա՞ն պիտի այսպես շարունակել: Ունենք հնարավորություն, դժվար չէ օրենքները կիրառել:

Օրինակ՝ ունենք վարչապետ: Դե, նրան տվեք կառավարություն ձեւավորելու հնարավորություն, որի համար էլ հենց ինքն է պատասխանատու լինելու: Թե չէ՝ մի քանի կուսակցություն մտել են, ամեն մեկը իր բաժինը վերցնում է եւ ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս: Այսօրվա քաղաքական ցնցումների հիմքը դրվեց 2007-ի ԱԺ ընտրություններից հետո: Երբ մեծամասնություն ստացած Հանրապետականը կոալիցիա ձեւավորեց՝ հասկացա, որ բան չի փոխվելու՝ լճացում է:

Օրեր առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեմ պայքարի մասին: Ասաց՝ նախագահը ինձ նկատողություն է արել: Ուրեմն նախագահը բանուգործ չունի ու պիտի ճանապարհային երթեւեկության կանոնների հետ կապված նկատողությո՞ւն անի: Ձեր գործը լավ արեք, թող նկատողություն չանի: Մի՞թե Սահմանադրությամբ նախագահը ճանապարհային երթեւեկության կանոններով պիտի զբաղվի:

– Ինչպե՞ս անենք, որ առաջիկա 100 տարում, վերջին 100 տարվա սխալները թույլ չտանք:

– Ուրիշի գործիք չպետք է դառնանք եւ ունենանք բոլորի համար միասնական օրենսդրական դաշտ, գնահատենք մարդուն եւ մարդկային արժեքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել