Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՏԱՐԵԼ ԵՆ, ՀԻՄԱ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ

Ապրիլ 25,2009 00:00

Չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած հայ լիկվիդատորները մի շարք հիվանդությունների տեր են դարձել, սակայն նրանց խնդիրներով գրեթե չեն զբաղվում:

\"\"
«Չեռնոբիլը խլել է առողջությունս»- ասում է Գրիգորի Զախարյանը:

Այս տարի Չեռնոբիլում տեղի ունեցած ԱԷԿ-ի վթարի 23-րդ տարելիցն է:

Գրիգորի Զախարյանը 22 տարի առաջ մասնակցել է չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը: Նա, իր կամքով, Չեռնոբիլ էր գործուղվել նախկին «Արմավիա տրեստից»: «Մեզ ասել էին, որ պետք է շինարարություն անենք, տարան տարբեր օբյեկտներում աշխատելու, շենքեր, քոթեջներ էինք սարքում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Գ. Զախարյանը: Այնտեղ նա մնացել է մեկ ամիս, վերադառնալուց հետո բուժզննում է անցել եւ իմացել, որ սրվել են սրտանոթային, շնչառական, նյարդային համակարգի հիվանդությունները: Այժմ մեր երկրում Գ. Զախարյանի նման՝ վթարի հետեւանքների վերացմանը 1986-1990 թթ.-ին Հայաստանից մասնակցած հազարավոր լիկվիդատորներ կան, որոնց մեծ մասը ձեռք է բերել մի շարք հիվանդություններ, ստացել է հաշմանդամության կարգ եւ ապրում է սոցիալապես վատ պայմաններում: Իսկ պետության կողմից սահմանված թոշակի չափն այնքան էլ մեծ չէ, որպեսզի գոնե իրենք իրենց խնդիրները լուծեն:

2-րդ կարգի հաշմանդամ, զինվորականի կոչում ունեցողները ստանում են ընդամենը 25 հազար դրամ թոշակ, իսկ հիմնարկ-ձեռնարկություններից գործուղվածները՝ 20-23 հազար: Գ. Զախարյանի խոսքերով՝ այն ժամանակ բռնի ուժով տանում էին հիմնականում զինծառայողներին: Լիկվիդատորների շուրջ 5%-ը կանայք են: Առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը հանրապետության միակ բուժհիմնարկն է, որտեղ այս մարդիկ պետպատվերով բուժօգնություն են ստանում: Սակայն աղետից անմիջապես հետո ստեղծված ճառագայթային վնասվածքների բաժանմունքն այսօր գտնվում է անմխիթար վիճակում՝ չկան բուժսարքավորումներ, դեղորայքի համար հատկացվող գումարն էլ քչություն է անում: Ըստ կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի, այս տարի հնարավորության դեպքում բաժանմունքը կվերանորոգվի: Այստեղ հաշվառված 2500 լիկվիդատորների հանդեպ իրականացվում է պարտադիր դիսպանսեր հսկողություն։ Տարեկան հոսպիտալացվում է 500 մարդ, որոնք, սակայն, վերականգնողական լիարժեք բուժում ստանալու հնարավորություն չունեն։

Բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Մարինա Միրիջանյանի խոսքերով՝ հոսպիտալացված 1 հիվանդի բուժման համար 1 տարվա ընթացքում պետբուջեից հատկացված է 230 հազար դրամ: Այս հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը թանկարժեք է եւ հիմնականում՝ պատվիրվող: Բաժանմունքում անգամ էլեկտրասրտագրության սարք չկա: Հիվանդները բուժզննում անցնում են բուժհիմնարկի պոլիկլինիկայում կամ դիագնոստիկ կենտրոնում: Լիկվիդատորները հիմնականում ունեն սրտանոթային, վերջույթային անոթների, շնչառական, նյարդային հիվանդություններ, վահանձեւ գեղձի խանգարումներ: «Ինչքան էլ գրեք, դրանից մեր սոցիալական խնդիրները չեն լուծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Սպարտակ Սիմոնյանը: Նրան Չեռնոբիլ որպես վարորդ նախկին «Շինտրեստից» բռնի ուժով են տարել՝ զինկոմիսարի հրամանով. «Ես արդեն ծառայել- վերջացրել էի, 2 երեխա ունեի, սակայն բռնի տարան: Պարգեւատրվել եմ հուշամեդալներով, սակայն դա ինձ չի ուրախացնում»:

Վերադառնալուց հետո նրա մոտ ի հայտ են եկել սրտանոթային հիվանդություններ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1986-2008-ի ընթացքում հայ լիկվիդատորներից 191-ը մահացել է, սակայն չհաշվառված մահվան դեպքեր էլ կան, հետեւաբար՝ ոչ պաշտոնական տվյալներով այս թիվը հասնում է 400-ի:

Հայաստանում չեռնոբիլյան լիկվիդատորների շահերի պաշտպանությամբ զբաղվող միակ կառույցը «Չեռնոբիլ ասոցիացիա» հ/կ-ն է, որն էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխարեն ձեռնամուխ է եղել այս մարդկանց իրավունքներն ու շահերը պաշտպանող օրենքի նախագծի մշակմանը, որն արդեն ԱԺ-ում է: Կազմակերպության նախագահ Գեւորգ Վարդանյանի խոսքերով՝ դեռ 2 տարի առաջ օրենքի նախագիծն ուղարկվել է առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններ՝ կարծիքներ ստանալու համար: Նախագիծն առաջին գերատեսչության հավանությանն ու վերջինի դժգոհությանն է արժանացել. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ասել են, թե որոշ օրենքներով եւ կառավարության որոշումներով այդ մարդկանց խնդիրներին լուծում է տրվում: Դեռ 2001-ից նախարարությունում աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է մշակեր վերոնշյալ օրենքի նախագիծը, սակայն համապատասխան հանձնաժողովն իր վրա դրված պարտականություններն այդպես էլ չի կատարել: Այնինչ, 1994 թ. Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանակներում միացել է համապատասխան համաձայնագրին եւ պարտավորվել ունենալ այս դասակարգի մարդկանց սոցիալական իրավունքները պաշտպանող օրենսդրություն: «Չեռնոբիլի ատոմակայանի վթարից եւ միջուկային այլ աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծով նախատեսվում է լուծել նաեւ այն հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների խնդիրները, ովքեր անբարենպաստ ազդակների միջավայրում են աշխատել:

Գ. Վարդանյանի խոսքերով, այդ մարդիկ առողջարանային ուղեգրեր ստանալու համար պետք է դիմեն իրենց մարզկենտրոններ, սակայն հաճախ նրանց պատճառաբանում են, որ ֆինանսավորման բացակայության հետեւանքով հնարավոր չէ ուղեգրեր տալ: Տարածքային պոլիկլինիկաներն էլ անհրաժեշտ դեղորայքը հաճախ չեն տրամադրում հիվանդին կամ տալիս են այնպիսի դեղորայք, որը նրանց պետք չէ:

Օրինագիծն անդրադարձել է նաեւ ճառագայթահարված ծնողներից ծնված երեխաների առողջական խնդիրներին: Այդ երեխաների թիվը Հայաստանում 460-ն է: Նրանք էլ լիարժեք բուժում չեն ստանում: Մինչդեռ ԱՊՀ մյուս երկրներում տարին 2 անգամ այս երեխաներն անվճար մասնագիտական հետազոտության են ենթարկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930