Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ԱՊԱՇԽԱՐԻ»

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Այս կարծիքին է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

«Եթե մեր ազգի 50%-ից ավելին այցելել է Թուրքիա, ուրեմն փակ սահմանների մասին խոսելն ավելորդ է: Այսօր թուրք հասարակությունը խաբված է, նրան պատմությունը մատուցել են խեղաթjուրված, դաստիարակել են այնպես, իբր ցեղասպանությունը ոչ թե իրենք են իրականացրել, այլ իրենք են ցեղասպանության զոհ, ուստիեւ անհրաժեշտ է նրանց հետ շփվել ու շփվելով բացատրել, որ իրենք դահիճ են»,- «Առավոտի» հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման վերաբերյալ ասաց Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Անպայման չէ, որ թուրքին չբարեւենք, որպեսզի լինենք պահանջատեր, կարելի է պահանջատեր լինել նաեւ թուրքին բարեւելով: Ես անձամբ դրա կողմնակիցն եմ, խորհրդակցության կողմնակիցն եմ, եթե նույնիսկ երկխոսություն չլինի, այսինքն՝ դիմացինդ միտված չէ քեզ հետ խոսելու, դա չի նշանակում, որ դու պիտի հրաժարվես իր հետ խոսելուց: Անշուշտ, այստեղ զգացմունքային հարց կա, մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, եւ դա, բնականաբար, խոր վերք է առաջացրել, եւ պիտի ակնկալեինք, որ թուրքը ավելի շատ հակված լիներ ներողություն խնդրելու, քան թե զոհը գնար իր մոտ խորհրդակցություն վարելու եւ նրան մղեր ներողության: Ավելի տրամաբանականը դա կլիներ, բայց եթե դա չենք տեսնում, չի նշանակում, թե պետք է ինքնափակվենք, չուզենանք խոսել եւ պայման դնենք ու ասենք՝ մինչեւ դու չճանաչես, որ դահիճ ես, չենք ուզում քեզ հետ խոսել, պետք է խոսելով բացատրես իրեն, որ ինքը դահիճ է: Ես եղել եմ Արեւտյան Հայաստանում, շփվել եմ զանազան մակարդակներում գտնվող թուրքերի հետ, բոլորն էլ գիտեն, որ իրենցից հարյուր տարի առաջ այդ հողերի վրա ապրում էին հայեր, ինչո՞ւ հայերը գնացին, իրենք այդ հարցի ճշմարիտ պատասխանը հարյուր տոկոսով չունեն: Մանավանդ դեռահաս սերունդը, որն ամենավտանգավորն է, ամենամոլեռանդ, ամենահայատյաց եւ մոլի նացիոնալիստը, նրա համար նման հարց գոյություն չունի: Եվ եթե մենք ինքնափակվենք ու ասենք՝ թող գնան իրենք իրենց խելքի գան, դա դժվար թե հնարավոր լինի: Անշուշտ, հոգեբանորեն շատ ծանր բան է դահիճի հետ զրուցելը, բայց եթե պետք է՝ պետք է անել»,- ասում է թեմի առաջնորդը, կարծիք հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն որեւէ ուրիշ ազգամիջյան հարաբերությունների: Ըստ նրա, այն եզակի երեւույթ է համաշխարհային պատմության մեջ ու եզակի մոտեցում է պահանջում:

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանն էլ կարծում է, թե «ինչո՞ւ պիտի բան-գործ թողած, հայերը զբաղվեն թուրքերի վերադաստիարակությամբ»: Նրա խոսքերով. «Թուրքական հասարակությունը իր միջից պետք է պատրաստ լինի ընդունելու Հայոց ցեղասպանության գաղափարը եւ ներողամտություն հայցելու, իսկ մեր գնալ-գալը, անընդհատ շփումները՝ չեմ կարծում, որ ինչ-որ դրական արդյունքի կհանգեցնեն: Մենք ի՞նչ է՝ մեզ վրա՞ վերցնենք թուրքական հասարակությանը նախապատրաստելու եւ բարեփոխելու առաքելությունը, ամբողջ Եվրախորհուրդը Թուրքիային անընդհատ պահանջներ ու պարտավորություններ է ներկայացնում՝ անհրաժեշտ չափանիշների մեջ մտնելու, անհրաժեշտ չափորոշիչներ ստանձնելու համար: Թուրքական կառավարությունը, ելնելով նաեւ իր հասարակության դիրքորոշումից, պատրաստ չէ, օրինակ, հրաժարվել ծայրահեղ իսլամական գաղափարախոսությունից, որը այսօր աճում, զորանում է: Պատրաստ չէ ճանաչելու քրդական խնդիրը իր երկրի ներսում, պատրաստ չէ մշակութային, կրոնական անկախություն տալու մյուս փոքր ազգերին, ի վերջո, պատրաստ չէ Հայոց ցեղասպանությունը ընդունելու: Եվրախորհրդի անընդհատ ճնշումների տակ էս երկիրն ու երկրի մարդիկ ցույց են տալիս, որ իրենք դեռեւս պատրաստ չեն, այնպես որ, կարծում եմ, թուրքերի վերադաստիարակմամբ զբաղվելը սխալ ճանապարհ է: Հատկապես, որ այսօրվա թուրքը շատ բանով չի տարբերվում 1915 թվականի թուրքից»:

Իսկ մեր այն հարցին, թե հայ հասարակությունը պատրա՞ստ է թուրքերի հետ շփմանը, Ա. Ավետիսյանը խորհուրդ է տալիս միացնել հեռուստացույցը ու տեսնել, թե ինչքան մարդ, իսկ ավելի կոնկրետ՝ ազգի 90%-ը գնում է Ծիծեռնակաբերդ կամ Շիրակի մարզի Ջարդի ձոր՝ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը պահանջատեր է եւ թուրքերի հետ «գրկախառնվելու» ցանկություն ամենեւին չունի: Ի պատասխան մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է Գյումրիի առեւտրականներից շատերին դրդում իրենց խանութներն անվանակոչել թուրքական անուններով, մեր զրուցակիցն ասաց. «Դա որոշ մարդկանց ներքին կուլտուրայի բացակայությունից է: Հիշենք, որ Հնդկաստանում հնդիկները ժամանակին հրաժարվեցին անգլիական ամեն ինչից՝ ի նշան բողոքի գաղութատիրության դեմ: Մեծ խարույկների վրա այրեցին շուկաները հեղեղած անգլիական հագուստները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930