Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»

Ապրիլ 25,2009 00:00

Նկատի ունենալով «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեկ եթեր է հեռարձակվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Russia Today հեռուստաալիքին: Պատասխանելով լրագրող Ալեքսանդր Գուրնովի հարցին՝ «որքանո՞վ եւ ի՞նչ չափով են 1915թ. դեպքերը բարդացնում ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կա՞ն, արդյոք, այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ մեր օրերում», ՀՀ նախագահն ասաց. «Ինչպես նշեցի, 1915 թ. ապրիլի 24-ը ամեն օր ներկա է մեր կյանքում: Բայց նաեւ, ինչպես գիտեք, ես անցյալ տարի Թուրքիայի նախագահ պարոն Գյուլին հրավիրեցի Երեւան, որպեսզի նախ միասին դիտենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ապա նաեւ խոսենք մեր հարաբերությունների մասին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն ընդունեց այդ հրավերը, եկավ Երեւան, եւ մենք սկսեցինք Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ վարել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք ելնում ենք այն գաղափարից, որ, այո՛, եղել է ցեղասպանություն, բայց Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու: Ինչպես գիտեք, մինչ Գյուլի այցը Հայաստան, թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Եվ բանակցությունների ընթացքում մենք՝ եւ հայերս, եւ թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետեւ ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն այդ ժամանակ ինձ հրավիրեց՝ դիտելու պատասխան ֆուտբոլային խաղը, եւ ես հաճույքով կընդունեմ պարոն Գյուլի հրավերը, կայցելեմ Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ մենք լինենք դրա նախաշեմին: Մինչ վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում, եւ ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց եւ նախապայմանի առաջադրում: Ես կարծում եմ, որ մենք բանակցություններում այնքան ենք առաջ գնացել, որ հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում: Եվ եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել