Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԱՂԱՎԱՂԵԼ ՓԱՍՏԵՐՆ ՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ

Ապրիլ 25,2009 00:00

\"\"Ընդդիմությանն ու կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

– Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ անկախ փորձագետները, նաեւ իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ-ն հայտարարեցին, որ Ցեղասպանության տարելիցից առաջ Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, բխում էր Թուրքիայի շահերից եւ նշանակում էր նպաստել նաեւ այն բանին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հանգիստ խղճով կարողանա խույս տալ իր ուղերձում ցեղասպանություն բառն օգտագործելուց:

– Նախ՝ շեշտեմ, այսօր էլ Ցեղասպանության տարելիցի առնչությամբ իր ուղերձում ՀՀ նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արդարության վերականգնման խնդիր են մեր ժողովրդի համար, եւ որ այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այսինքն՝ նա մեկ անգամ եւս փաստեց, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը հետամուտ է լինելու Ցեղասպանության ճանաչման հարցում, եւ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը չի հրաժարվել այդ գործընթացից: Երկրորդ՝ այո, մեզ համար շատ կարեւոր է, որ աշխարհի երկրները եւ մարդկային ողջ հասարակությունն ընդունեն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը: Չեմ ուզում գերագնահատել կամ թերագնահատել՝ ԱՄՆ նախագահն ուղերձում սպասվելիք ցեղասպանություն բառը կասի, թե չի ասի, բայց զարմանում եմ մեր բոլոր ընդդիմախոսների վրա, որովհետեւ քննադատությունն էլ պետք է հիմնավորված լինի: Ի՞նչն են քննադատում, երբ տարիներ շարունակ հայկական կողմն ասել է, որ մենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք: 2008թ.-ին Ս. Սարգսյանը հրապարակայնորեն հրավիրեց պարոն Գյուլին Հայաստան եւ նույնն ասելով՝ շեշտեց, որ ուզում ենք երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ լինեն, երկու պետությունների միջեւ բացվեն սահմանները, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ առանց նախապայմանների, որից հետո կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել բոլոր կնճռոտ խնդիրները: Ավելին, ՀՀ նախագահը մշտապես շեշտել է երկու կարեւորագույն բան. ԼՂ հիմնահարցը եւ Ցեղասպանության հարցը չեն կարող դիտվել հայ-թուրքական հարաբերություններում որպես նախապայմաններ: Մեր հասարակության մեծամասնությունն էլ է այդպես կարծում: Երբ Ս. Սարգսյանը Հայաստան հրավիրեց Թուրքիայի նախագահին, բոլորը ծափահարում էին, այդ թվում՝ ընդդիմադիրները: Ուրեմն՝ քննադատության թիրախը ո՞րն է, հիմա ի՞նչն է անհանգստացնում մեր ընդդիմադիր գործընկերներին՝ դա չեմ հասկանում, որովհետեւ հստակ ոչինչ չեն ասում:

– Նրանց համար մտահոգիչ խնդիրներից մեկն այն է, որ Ցեղասպանության հարցը պատմաբանների՝ հայ-թուրքական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա է դառնում, ինչով, ըստ էության, կասկածի տակ է առնվում Ցեղասպանության փաստը՝ անհարմար վիճակում դնելով նաեւ այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են դա:

– Ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ չաղավաղել փաստերը: Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմը հստակ պարզաբանում տվել է. դա կարող է լինել պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով՝ ոչ թե ցեղասպանության փաստը վիճարկելու, այլ՝ պատմական փաստերն ուսումնասիրելու համար:

– Բայց փաստերն ուսումնասիրելու են ինչի՞ համար, եթե ոչ ճշտելու՝ թե 1915թ. ողբերգությունը ցեղասպանությո՞ւն է, տեղահանությո՞ւն կամ այլ բան:

– Ոչ: Խոսքը վերաբերում է՝ որտե՞ղ է եղել, ինչպե՞ս է եղել, որքա՞ն զոհեր են եղել: Այս տարիների ընթացքում թուրքական պետական արխիվը բազմաթիվ նյութեր է հրապարակել, որոնք անհերքելի են դարձնում ցեղասպանության փաստը: Ավելին, ՀՀ իշխանությունը՝ ՀՀ նախագահի մակարդակով, երբեք հարցականի տակ չի դրել ցեղասպանության փաստը:

– Երեկ թուրքական «Սաբահ» թերթում, ըստ էության, գաղտնազերծվել է ապրիլի 22-ին հրապարակված եռակողմ հայտարարության մեջ մատնանշված «ճանապարհային քարտեզ» կոչված ծրագրի բոլոր 5 կետերը: Դրանցից առաջին երկուսը կարող են հավակնել առաջիկայում դառնալու Հայաստանում ամենաթեժ քննարկման առարկան: Դրանցից մեկով Հայաստանը ճանաչում է 1921թ. Կարսի պայմանագիրը, եւ երկրորդ՝ կստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ցեղասպանության վիճելիությունը, այդ հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրներ:

– Այս մեկ տարվա ընթացքում, ինչ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված պրոցեսը, տարբեր երկրների տարբեր ԶԼՄ-ներ այնքա՜ն աղբ են հրապարակել: Սա պաշտոնական փաստաթուղթ չէ: Պաշտոնական ես կհամարեմ այն, ինչ կհրապարակի մեր ԱԳՆ-ն, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ ցանկացած նմանատիպ պրոցեսի ընթացքում հրապարակված տեղեկությունների 80 տոկոսը կապ չունի իրականության հետ: Ինչ վերաբերում է Ղարսի պայմանագրին, ապա՝ բնականաբար, եթե մենք Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու, ենթադրվում է, որ պետք է պայմանագիր ստորագրվի, բայց թե դա Ղարսի՞, թե՞ նոր պայմանագիր կլինի, ես չեմ համարձակվում ենթադրություններ անել, որովհետեւ ԱԳՆ ներկայացուցիչ չեմ: Այսօր առաջնային խնդիրն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Ինձ համար «Սաբահի» հրապարակման մեջ շատ ավելի կարեւոր բան կա, որը շրջանցեցիք: Երկար ժամանակ, նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: Բայց հե՛նց թուրքական թերթի այդ հրապարակման համաձայն, «ճանապարհային քարտեզում» Ղարաբաղի հարցը՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման, նշված չէ:

– Բայց փոխարենը շեշտվում է, որ «թեեւ փաստաթղթում ԼՂ հարցին անդրադարձ չկա, բայց Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը կընթանա այդ հակամարտության կարգավորմանը զուգընթաց»:

– ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում միշտ էլ ընթանում է, եւ Ս. Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ շեշտեց, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերին համապատասխան: Ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԼՂ հիմնահարցի լուծման խնդիրները չեմ ուզում իրար կապել, որովհետեւ դա, իմ կարծիքով, այնքան էլ օբյեկտիվ չէ: Սա շատ նուրբ հարց է, ուստի խնդրում եմ մեր գործընկերներին դատողություններ անել միայն այն բանից հետո, երբ փաստաթղթերը պաշտոնապես կհրապարակվեն:

– Դուք մտահոգություն չունե՞ք, որ այս հարցի շուրջ դիմադրությունն ու ընդվզումը շատ մեծ են լինելու նաեւ իշխանական ուժերի կողմից, եւ դրանից կարող է տուժել նաեւ իշխանությունը, որովհետեւ կարող է պարզվել, որ կոալիցիան կորցրեց իր անդամներից մեկին, իսկ ընդդիմությունը համալրվեց:

– Ոչ մի կոալիցիա՝ ո՛չ պետությունների, ո՛չ կուսակցությունների, հավերժ չէ: Եթե բնական պրոցեսները դրան կհանգեցնեն՝ թող այդպես լինի, ի՞նչ կա որ: Մեր նպատակը ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ պետության ուժեղացումն է: Ո՞վ ասաց, թե ընդդիմությունն անպայման թույլ պիտի լինի, որ պետությունը ուժեղ լինի: Պիտի ուժեղ լինեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, նրանց միջեւ պայքարն էլ քաղաքակիրթ ու գաղափարական պետք է լինի, որ պետությունն էլ ուժեղ լինի:

– Ձեզ չի՞ վախեցնում այն, որ այս իշխանությունը «նախկինների» հետ կարող է կիսել «դավաճանի», «հողեր ծախողի» կամ «թուրքերի հետ քիրվայություն» անողի» դափնիները:

– Ես գտնում եմ, որ պատմությունն ինքը բոլոր հարցերի պատասխանը կտա, իսկ պիտակավորելն էլ պետք է հիմնավորված լինի, եւ ամեն ինչ պետք է լինի պետական եւ ազգային շահի գերակայության պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել