Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ»

Ապրիլ 25,2009 00:00

\"\"ՀԱԿ-ը հակադարձում է Արցախի խորհրդարանի պատգամավորի մեղադրանքներին

«Մակերեսային մեկնաբանություններին չեմ պատասխանի, միայն կասեմ, որ ՀԱԿ-ը խնդիր է դրել, որ Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանի իր իրավունքները: Եթե Վահրամ Աթանեսյանը դա չի հասկանում՝ ես ցավում եմ իր համար»,- «Առավոտի»՝ ցանկանում եք արցախցիների ձեռքո՞վ Հայաստանում իշխանափոխություն անել հարցին այդպես արձագանքեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում Արցախի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը՝ ի պատասխան առաջին նախագահի կոչի, ասել էր, որ արցախցիները երբեք չեն կանգնի Տեր-Պետրոսյանի կողքին, եւ հավելել, որ Արցախում հասկանում են ՀԱԿ-ի հրահրած ինտրիգը՝ «Ցանկանում են մեր ձեռքով Հայաստանում իշխանափոխություն անել, հա՞»:

ՀԱԿ մեկ այլ անդամ՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես պնդեց, որ ՀԱԿ-ը երբեւէ իր առջեւ խնդիր չի դրել օգտագործել Արցախը՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար, եւ, ընդհանրապես, ՀԱԿ-ի համար գերխնդիր չէ իշխանափոխությունը: Հատուկ պարոն Աթանեսյանի համար տիկին Սարգսյանը հարկ համարեց մեկ անգամ եւս հիշեցնել, որ ՀԱԿ-ի նպատակն է երկրում սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական իշխանությունների հաստատումը եւ ժողովրդավարացումը: «Ինչ վերաբերում է պարոն Աթանեսյանի՝ նման չմտածված եւ բուռն հայտարարություններին, ապա ՀԱԿ-ն իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որպեսզի ղարաբաղյան բանակցություններն ի նպաստ Արցախի ընթանան: Լեւոն Տեր-Պետրոսյանն արցախյան պատերազմի հաղթող նախագահն է, եւ ցանկացած մտածող քաղաքացի, կարծում եմ, հասկանում է, որ այն մարդը, ով իր ողջ եռանդը ներդրել է, որպեսզի հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում առաջին անգամ հաղթանակ տանի թշնամու նկատմամբ եւ վերադարձնի իր կորցրած հողերը, նա երբեւիցե այդ հողերի կորստի կամ այդտեղ բնակվող ժողովրդին օգտագործելու գնով իշխանափոխության հարց չի կարող դնել»,- ասում է տիկին Սարգսյանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ, որ ՀԱԿ-ը աշնանը դադարեցրեց հանրահավաքների շրջանը միայն այն նպատակով, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենային համեմատաբար կայուն պայմաններում արցախյան հարցի լավագույն լուծումը գտնել: Մինչդեռ՝ «Դա տեղի չունեցավ, եւ այժմ հայ-թուրքական բանակցությունների հիմքում նորից Արցախի խնդիրն է դրված: Հայ-թուրքական սահմանի բացումը շատ վտանգավոր է հենց Արցախի համար: Նախ՝ այն պատճառով, որ արդեն գաղտնիք չէ, թե Թուրքիան ինչ նախապայման է առաջադրում սահմանը բացելու համար: Ապա՝ օտարերկրացիների սեփականության մասին ՀՀ օրենքում հստակություն չկա. սահմանի բացման պարագայում առաջին հերթին վտանգվելու է Արցախը, քանի որ, համենայնդեպս՝ ինձ համար, տեսանելի է, որ շատ քրդեր եւ թուրքեր կվերաբնակվեն Արցախում եւ ազատագրված տարածքներում: Այդ դեպքում ինձ համար անհայտ է մնում, թե ի՞նչ կերպ պետք է տարիներ հետո անցկացվելիք հանրաքվեով ի նպաստ արցախահայության լուծվի Արցախի ճակատագիրը: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմեց արցախցիներին՝ դա նախեւառաջ արցախցիների շահերից էր բխում: Եթե Արցախը լռում է, եւ արցախցիներին գոհացնում են այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում իրենց շուրջ, ու իրենք անմասն են այդ բանակցություններից՝ ուրիշ ի՞նչ կարող է անել ՀԱԿ-ը՝ չունենալով որեւէ լծակ: Արցախահայությունը պետք է տեր կանգնի իր ձեռքբերումներին, եւ ՀԱԿ-ը կսատարի նրանց նույնիսկ այսօր, այս իրավիճակում: Մենք պատրաստ ենք պայքարելու հանուն Արցախի, բայց մեզ պետք է արցախահայության աջակցությունը»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:

Ելնելով այս ամենից եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երեկ ձեռք բերված համաձայնությունից, Արցախի՝ «Վահրամ Աթանեսյանի նման ղեկավարներին» տիկին Սարգսյանը խորհուրդ է տալիս անձերով չպայմանավորել Արցախի ապագան՝ «Հատկապես անձինք, ումով ինքը պայմանավորում է դրական միտումները (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին- Ն. Գ.), առաջինն են վաճառելու Արցախը: Եթե ինքը համամիտ է նրանց հետ, ուրեմն ինքը նրանց հետ միասին վաճառում է Արցախը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել