Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԳԲ-Ի ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԳՈՐԾՈՎ

Ապրիլ 24,2009 00:00

ԿԳԲ-ի պատմության մեջ առաջին անգամ, 1937թ.-ից հետո, քրեական գործ է հարուցվում տվյալ տարածքի մեկուսարանի պետի տեղակալի դեմ:

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկից փախուստի է դիմել 12 տարվա ազատազրկման դատապարտված Արշակ Աղաբաբյանը: Վերջինս հայտնի է «Թուրք Արշակ» մականունով եւ մեղադրվել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ իրականացրած մահափորձի համար: Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել էին «Թուրք Արշակի» փախուստի բոլոր հանգամանքները:

Ըստ նախաքննության մարմնի՝ Արմեն Մուրադյանը, դուրս գալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված կալանավոր Արշակ Աղաբաբյանին, առանց վերջինիս գրավոր համաձայնության, հիմնարկի պետի գրավոր որոշման եւ համապատասխան ձեւակերպումներ կատարելու, պարբերաբար դուրս է հանել խցից եւ ներգրավել քրեակատարողական հիմնարկի տնտեսական բնույթի աշխատանքներում: Ապրիլի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, երբ հերթական անգամ Արշակ Աղաբաբյանին դուրս է հանել խցից եւ ներգրավել հիմնարկի համար ստացված սննդամթերքը բեռնաթափելու եւ պահեստ փոխադրելու աշխատանքներում, նրան թողել են առանց հսկողության: Դատապարտյալն էլ, օգտվելով իր նկատմամբ հսկողության բացակայությունից, տնտեսական պահեստի պատուհանից, որը նայում է Նալբանդյան փողոցին, դիմել է փախուստի: Շրջիկ լուրերի համաձայն, ԿԳԲ-ի մեկուսարանի պետի տեղակալը փախուստի դիմաց նաեւ «խոշոր հոնորար» է ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել