Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ

Ապրիլ 24,2009 00:00

Կարծիք՝ թուրքերի մասին

Ցեղասպանությունը չի դարձել պատմություն, այն մեզ համար մնում է իրականություն: Մենք ամեն տարի կարծես նորից ենք վերապրում այն: Որքան էլ զարմանալի լինի, այնուամենայնիվ, հայերն ու թուրքերը օտար երկրներում ընկերներ են դառնում: Սակայն չենք կարող ժխտել նաեւ այն, որ մեզանից շատերը թշնամաբար են վերաբերվում այդ ազգին: Հարցումներ անցկացնելով երիտասարդների եւ միջին տարիքի անձանց շրջանում, պարզ դարձավ, որ երիտասարդների մի փոքր մաս շատ բացասական վերաբերմունք ունի թուրքերի նկատմամբ: Փոխարենը՝ միջին եւ ավագ սերունդն է չափազանց վատ վերաբերվում այդ ազգին՝ «մարդ չեն» ձեւակերպումով: Սակայն, ընդհանուր առմամբ, մեր հարցումից պարզ դարձավ, որ այսօր երիտասարդները ավելի չեզոք վերաբերմունք ունեն թուրքերի նկատմամբ:

«Փոքր ժամանակ, իմանալով, թե նրանք ինչպես են վարվել մեր նկատմամբ, ես միաժամանակ եւ՛ ատում, եւ՛ վախենում էի նրանցից: Այժմ ես թուրք ընկերներ ունեմ: Նրանք լավ են վերաբերվում հայերիս, բայց աշխատում ենք իրար հետ չխոսել ցեղասպանության մասին, քանի որ մեր կարծիքները շատ տարբեր են ու հակասական»,- ասում է ԵՊՏՀ-ի ուսանող Էդգար Ավետիսյանը:

Իսկ ԵՊՀ ուսանող Արեւիկ Մինասյանը կարծում է, թե ժամանակն է, որ երկու երկրների միջեւ հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ: «Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք կամ հաշտվենք իրողության հետ, բայց մեր երկրին ու ժողովրդին առաջընթաց ու զարգացում է հարկավոր»,- ասում է նա:

Միջին տարիքի մարդիկ ավելի սուր ու կտրուկ էին իրենց համոզմունքներում: «Նրանց հետ չպետք է ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական հարաբերություններ ունենալ՝ մինչեւ չընդունեն իրենց արածը: Իսկ մենք ոչ մի զիջողության չպետք է գնանք»,- ասում է 40-ամյա մանկավարժ Ռաֆայել Հակոբյանը:

Ամեն դեպքում՝ թուրքերի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը չպետք է տարածել ու սերմանել երեխաների մեջ: Ըստ հոգեբանների՝ այդպիսով երեխաների մեջ ագրեսիա է առաջանում, ինչն էլ հետագայում կարող է վատ հետեւանքներ թողնել: Իհարկե, այս խնդրի վերաբերյալ կարծիքները շատ են ու բազմազան, բայց մի բան պարզ է. հայ ժողովուրդը ճանաչում է պահանջում: Թե ինչ կլինի դրանից հետո՝ ոչ մեկը չգիտի: Դա նաեւ հոգեբանական պահանջմունք է, որը հանգստություն կբերի մեր ժողովրդին ու եղեռնի զոհ դարձած 1,5 մլն մարդկանց հոգիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930