Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդկանց չպետք է դասակարգել

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Հաշմանդամները հասարակության լիիրավ անդամներ են

Աշոտն ու Աննան սովորում են միեւնույն բուհում՝ ՀՊՃՀ-ում: Նրանք ամեն օր միասին են: Մինչեւ վերջերս պարզապես ընկերներ էին, իսկ այժմ արդեն՝ սիրահար զույգ:

Աննան Աշոտի առաջին սերն է, ավելի ճիշտ՝ այն աղջիկը, որը նրան սիրեց ու ընդունեց այնպիսին, ինչպիսին որ կա: Աշոտը մանկուց հաշմանդամություն՝ ձեռքի արատ ունի: Ինչպես շատ հաշմանդամ մարդիկ, այնպես էլ Աշոտը թերարժեքության բարդույթ ունի: Դեռ մանկապարտեզում նա սկսել է գիտակցել, որ տարբերվում է իր ընկերներից: «Լսում էի, թե ինչպես էին ցածր ձայնով դաստիարակներս վախեցնում մյուս երեխաներին, ասելով, թե իբր մայրիկին չլսելուց ա եղել»,- ասում է նա:

Աշոտը պատմում է, որ պատանեկության տարիներին շատ էր կռիվ անում դրսում. «Ինքս ինձ եւ ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու խնդիր ունեի: Դե, հետո էլ գլուխ էի գովում, որ մի ձեռքով կարողանում եմ կռվել»: Աշոտը պատմում է, որ եկել էր մի տարիք, երբ ինքն իրեն առանձնացրել էր հասարակությունից եւ չէր ուզում շփվել որեւէ մեկի հետ: «Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ կարող այդպես ապրել, ես ինքս ինձ դանդաղ մահվան եմ դատապարտել»,- նշում է նա: Այսօր Աշոտն ունի բազմաթիվ ընկերներ, որոնք սիրում ու հարգում են նրան եւ միշտ կողքին են:

Մեր օրերում բազմաթիվ հաշմանդամ մարդկանց աջակցող հ/կ-ներ կան: Չնայած դրանք հիմնականում միտված են օգնելու ազատվել այդ բարդույթներից եւ հասարակության մեջ ներգրավվելու, բայց, Աշոտի կարծիքով, հակառակն է. «Մի անգամ գնացի այդ կազմակերպություններից մեկը: Այնտեղ ավելի եմ ընկճվում: Եթե տանը եւ ընկերներիս շրջապատում մոռանում եմ իմ հաշմանդամության մասին, ապա այնտեղ այդ միտքն ինձ մի վայրկյան չի լքում»:

Աշոտը մի խնդիր էլ ունի՝ աշխատանք գտնելու հարցը: Ըստ նրա, շատ է փորձել ինչ-որ տեղ տեղավորվել, բայց միշտ նույն խնդրի առաջ է կանգնել. «Ճիշտ է, երեսիս չեն ասում. հաշմանդամ ես՝ դրա համար չենք ընդունում, եւ հետո ամեն աշխատանք չէ, որ կարող եմ անել, բայց որն էլ ինձ հարմար է լինում, հասկացնում են, որ չեն կարող ինձ ընդունել»: Աշոտի խոսքերով. «Բավականին փոխվել է մեր հասարակության մտածելակերպը: Եթե առաջ ռեպլիկ էին անում, մատով էին ցույց տալիս ինձ, այսօր միայն անթարթ հայացքով նայում են…»:

Մեր զրուցակիցը լավատես է ու համոզված, որ գալու է այն օրը, երբ միայն բժիշկներն են դնելու հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարդկանց միջեւ տարբերություն՝ բուժման նպատակով: Եվ որ մեր երկրում վերջապես հաշմանդամություն ունեցող մարդու իրավունքները իսկապես կպաշտպանվեն: Ըստ նրա, հաշմանդամ մարդիկ նույնպես հասարակության լիիրավ անդամներն են՝ նույն իրավունքներով, հետաքրքրություններով ու նախասիրություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930