Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Ապրիլ 24,2009 00:00

Ֆանատիզմի դրսեւորումները կարող են վտանգավոր լինել

«Ես խելագարվում եմ Դիմա Բիլանի համար: Երբ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով նրա երգերն են հնչում՝ չեմ կարող բացատրել, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ես ուրախությունից կարող եմ գոռալ, լաց լինել: Մի հաստափոր ալբոմ ունեմ նրա նկարներով: Սենյակիս պատերին նրա նկարներով պաստառներն են, դպրոցական տետրերիս, օրագրիս վրա դարձյալ նա է: Գիտե՞ք քանի սկավառակ ունեմ նրա երգերով ու տեսահոլովակներով: Երբ Երեւան էր եկել՝ ընկերուհուս հետ այնքան կանգնեցինք օպերայի բակում՝ ետնաբեմում, մինչեւ ինձ հաջողվեց նրանից ստորագրություն վերցնել: Այդ րոպեին թուղթ չունեի, խնդրեցի, որ ձեռքիս գրի ու դրանից հետո մի քանի շաբաթ ձեռքս չէի լվանում, որ չանցնի: Եթե շատ փող ունենայի՝ հաստատ նրա հետեւից կշրջագայեի, կգնայի այն քաղաքները, որտեղ նա համերգներ կունենար: Բայց մի օր, երբ շատ փող աշխատեմ, այդպես էլ կանեմ»,- պատմում է 16-ամյա Ինեսան:

17-ամյա Վահրամի տարերքն էլ ֆուտբոլն է, միակ պաշտամունքի առարկան՝ Ռոնալդինյոն: «Նրա ոչ մի խաղը բաց չեմ թողնում: Նրա մասին գիտեմ ամեն ինչ, թե ինչպիսի մանկություն է ունեցել, ինչ ընտանիք, ինչպես է սկսել ֆուտբոլ խաղալ: Նրա մեջ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Երբ նրա մասին ասում են՝ թե տգեղ է, այնպես եմ զայրանում, բայց նաեւ զարմանում եմ: Եթե տգեղ է, ինչպես են այդքան աղջիկներ խելագարվում նրա համար: Մի ժամանակ մազերս ուզում էի նրա պես երկարացնել, չհաջողվեց: Հենց մի քիչ երկարեց, հայրիկս ստիպեց, որ կտրեմ, ասաց, որ ծաղրածուի եմ նման: Բայց երբ նայում եմ նրա խաղը, այնքան եմ ոգեւորվում, հուզվում, որ պատկերացրեք՝ տնեցիները սենյակից դուրս են գալիս: Չգիտեմ, ինձ համար Ռոնալդինյոյից այն կողմ ոչ ոք չկա»,- խոստովանում է Վահրամը:

50-ամյա Արմինեին հանդիպելու դեպքում դժվար չի լինի նրան շփոթել Ալլա Պուգաչովայի հետ: «Երիտասարդ տարիներից պաշտել եմ նրան: Դեռ այն ժամանակ, երբ նա երիտասարդ երգչուհի էր, մեծ դժվարությամբ էի կարողանում ճարել նրա սկավառակները: Նա ինձ համար իդեալ է, կատարելություն: Միշտ ձգտել եմ նմանվել նրան, հետեւում եմ, որ սանրվածքս միշտ նրա նման լինի, աշխատում եմ նրա պես հագնվել: Ծանոթներիցս քչերն են ինձ Արմինե ասում, բոլորի համար ես Ալլա եմ»,- պատմում է տիկին Արմինեն:

Այս ամենը այն երեւույթի դրսեւորումներն են, որ մի բառով անվանում են «ֆանատիզմ»՝ մոլեռանդություն: Ֆանատիզմն առհասարակ ինչ-որ բանին ուժեղ նվիրվելը կամ ինչ-որ բանով տարվելն է: Երբ մարդը կախվածության մեջ է հայտնվում, ապրում է դրանով, պաշտում է այն: Հաճախ մարդկանց սերը մոլեռանդության է հասնում ոչ թե ինչ-որ երեւույթի, այլ կոնկրետ անձի նկատմամբ: Իսկ թե ինչ դրսեւորումներ կարող է ունենալ այն, մեզ համար պարզաբանեց հոգեբան Նարե Գրիգորյանը:

«Այս երեւույթը կարող է ի հայտ գալ դեռեւս մանկությունից: Մոլեռանդությունն այն երեւույթն է, երբ երեխան մանուկ հասակում իդեալականացնում է իր ծնողին, ուզում է նմանվել նրան: Որոշակի տարիքում դա նորմալ է, բայց երբ ավելի մեծ տարիքում է նման երեւույթ նկատվում, դա արդեն որպես ռեգրեսիվ վարք է ընկալվում»,- ասում է հոգեբանը:

Նրա խոսքերով, ֆանատիզմի ամենատարածված դրսեւորումներից մեկն այն է, երբ մարդիկ ուզում են նմանվել իրենց պաշտամունքի առարկային, հագնվել, խոսել նրա պես, անել այն ամենը, ինչ նա է անում: «Դա կոչվում է նույնականացում տվյալ անձի հետ: Քանի որ մարդու ողջ ներքին էներգիան ուղղվում է տվյալ օբյեկտին, իսկ այդ օբյեկտն իրականում անհասանելի է, մարդն ինքն է դառնում այդ օբյեկտը, եւ այդպիսով նրան հասանելի դարձնում իր համար: Նույնականացումը, փաստորեն, պաշտամունքի առարկային հասանելի դարձնելու միջոց է»,- բացատրում է Ն. Գրիգորյանը:

Նրա խոսքերով, սակայն, կա ֆանատիզմի մեկ այլ դրսեւորում եւս: «Այս դեպքում պաշտամունքի առարկային է ուղղված ոչ թե դրական ներքին էներգիան, այլ մահվան էներգիան: Սա կարող է դրսեւորվել այն ժամանակ, երբ ֆանատը հիասթափվում է իր պաշտամունքի առարկայից: Այդ ժամանակ նրան վնասելու ցանկություն կարող է առաջանալ: Բայց դա չի նշանակում, որ նա դադարում է վերջինիս պաշտել: Նրան ոչնչացնելով՝ նա պարզապես ցանկանում է ոչնչացնել իր հիասթափությունը, որպեսզի այն դրականը, որ մինչ այդ ստանում էր նրանից՝ հավերժ մնա»,- ասում է հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել