Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԿԶԱՐԳԱՆԱՆ

Ապրիլ 24,2009 00:00

Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների մասնակցությանը, ֆեդերացիայի տված գնահատականներին «Առավոտը» մանրամասն անդրադարձել է: Սակայն երեկ «Տեսակետ» ակումբում ֆեդերացիայի նախագահի, մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր այլ հարց ու պատասխաններ եղան:

– Առաքել Միրզոյանը Բուխարեստում ընտրվեց Եվրոպայի լավագույն ծանրորդ: Ինչո՞ւ այդքան մասնակիցների մեջ հենց նրան ընտրեցին:

Սամվել Խաչատրյան. ֆեդերացիայի նախագահ- «Դա ինչ-որ մեկի կամ խմբի որոշելով չէ: Ծանրամարտում գոյություն ունի հատուկ սանդղակ, որով մարզիկի անձնական քաշի եւ բարձրացրած կիլոգրամների հարաբերակցության հատուկ հաշվարկով հայտնի է դառնում, թե ով է լավագույնը: Եվ քանի որ հարցը հնչեց, ասեմ, որ հայաստանցի ծանրորդներից 2007 թվականին Եվրոպայի լավագույն ծանրորդ ճանաչվել է Գեւորգ Դավթյանը, 2008-ին՝ Մելինե Դալուզյանը եւ 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, հիմա էլ՝ Առաքել Միրզոյանը»:

– Այս տարի հոկտեմբերի կեսերին Վլադիսլավովոյում առաջին անգամ կայանալու է Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Ս. Խ.- «Օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա փուլն ավելի արդյունավետ ու խտացած ծրագրով անցկացնելու նպատակով: Ընդ որում, այդ առաջարկը Հայաստանինն է: Այն ես արել եմ դեռ 2007 թվականին: Այս ընթացքում բազմաթիվ երկրներ միացան մեզ, ու խնդիրը դրական լուծում ստացավ»:

– Դրանից մեկ ամիս հետո Կորեայում մեկնարկելու է աշխարհի մեծահասակների առաջնությունը, որն օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Մեկը մյուսին չի՞ խանգարի:

Ս. Խ. «Իհարկե, մեզ համար անհամեմատ ավելի կարեւոր է աշխարհի առաջնությունը, որին Լոնդոնում առավելագույն քանակությամբ մասնակից ունենալու համար պարտավոր ենք մասնակցել տղաների եւ աղջիկների ամբողջական թիմերով: Հասկանալի է, որ լավագույնները կգնան աշխարհի առաջնություն: Բայց լավ է, որ հերթափոխը գալիս է: Եվրոպայի հենց այս առաջնություն հիմնականում տարել էինք մեր երիտասարդներին, որոնք իրենց վատ չդրսեւորեցին: Առաքելն առաջին անգամ էր մեծահասակների առաջնությանը մասնակցում ու միանգամից դարձավ չեմպիոն: Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը հաստատ մեդալակիր էր դառնալու, եթե թեւը չցավեցներ: Մինչեւ աշուն դեռ բավականին ժամանակ կա: Մարզիչների հետ կնայենք: Ով ի վիճակի կլինի ազգային հավաքականին մեդալ կամ միավոր բերել՝ կգնա Կորեա, իսկ ով ոչ՝ ուժերը կչափի Վլադիսլավովոյում: Սակայն նրանք էլ հուսախաբ չեն անի մեր մարզասերներին»:

«Առավոտը» մեկական հարց ուղղեց Հոկսեն Միրզոյանին եւ Հռիփսիմե Խուրշուդյանին:

– Պարոն Միրզոյան, հեռուստաէկրանին տեսանք, թե ինչպես էին Ձեր աչքերը խոնավացել, երբ Ձեր որդին չեմպիոնի կոչումը նվաճեց: Հուզված էիք: Դուք օլիմպիական չեմպիոն եք: Ե՞րբ ավելի շատ հուզվեցիք՝ օլիմպիական ոսկին նվաճելի՞ս, թե՞ Առաքելի հաղթանակի ժամանակ:

– Դժվար հարց եք տալիս: Ասեմ միայն, որ Բուխարեստում Առաքելի ամեն մի մոտեցումից առաջ, թեեւ վստահ էի նրա ուժերին, մտածում էի, որ ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե ինքս մոտենայի ծանրաձողին, թեկուզ հինգ անգամ, քան կողքից այդքան հուզվեի:

– Հռիփսիմե, սովորաբար, երբ մոտեցումդ հաջող ես կատարում, պարելով ես հեռանում մրցահարթակից: Բուխարեստում բավականին լուրջ կիլոգրամներ բարձրացրիր: Ինչո՞ւ չէիր պարում:

– Դրանք չեմպիոնական մոտեցումներ էին: Եթե հրում վարժությունում 150 կգ ծանրաձողը պահեի գլխավերեւումս, չեմպիոն ես էի դառնում: Այս անգամ չստացվեց: Բայց ոչինչ: Դեռ կպարեմ:

– Երիտասարդ ու գեղեցիկ աղջիկներ՝ եւ ծանրամարտ: Սրանք, կարծես, այնքան էլ համատեղելի չեն:

Արտաշես Ներսիսյան. կանանց հավաքականի գլխավոր մարզիչ. «Միայն առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում ծանրամարտը շատ նուրբ մարզաձեւ է, որտեղ որոշիչ են թե կիլոգրամները, թե կատարման տեխնիկան, թե դրա հղկվածությունը: Կիլոգրամների ծանրությունը կրում են մարմնի մկանային հյուսվածքները եւ ոսկրային համակարգը: Դա շատ սովորական է նաեւ բազմաթիվ այլ մարզաձեւերի համար, երբ խոսքն արդեն բարձր արդյունքների մասին է: Հիմա նայեք Հռիփսիմեին ու Նազիկին: Որեւէ արտառոց բան տեսնո՞ւմ եք: Երկուսն էլ գեղեցիկ են ու առողջ: Դա վա՞տ է: Եթե աղջիկն ուժ ունի, ինչո՞ւ իրեն չփորձի ծանրամարտում»:

Նազիկ Ավդալյան. «Երբ ծանրամարտն աղջիկների շրջանում նոր էր տարածվում, շատերն էին դեմ: Ինձ էլ էին խորհուրդ տալիս թողնել այն: Բայց հիմա այդ նույն մարդիկ փոխել են իրենց համոզմունքը: Ես զբաղվել եմ ակրոբատիկայով, սպորտի վարպետ եմ: Ակրոբատիկան էլ հեշտ մարզաձեւ չէ: Մանավանդ, երբ, ինչպես ասում են, ներքեւում ես աշխատում ու պիտի բարձրացնես ու պահես մի քանի թիմակիցներիդ»:

– Լավ ավանդույթ է դարձել, որ Հայաստանում չեմպիոններին եւ մեդալակիրներին սկսել են նաեւ նյութապես խրախուսել: Հիմա մեր ծանրորդներին ի՞նչ է սպասվում:

Ս. Խ. «Սկսեմ ավելի կարեւորից: Մեդալ պահանջելուց առաջ պետք է պայմաններ ապահովես՝ նյութատեխնիկական բազա, սնունդ, կենցաղային եւ սոցիալական հազար ու մի հարց լուծես: Եվ ոչ միայն մարզիկի, այլեւ նրա հետ աշխատող մարզիչների: Այս առումով մեզանում սպորտի բախտը բերել է: Երկրի ղեկավարները սիրում են սպորտը եւ անում հնարավոր առավելագույնը: Խոսքը միայն ծանրամարտի մասին չէ: Մասնավորապես, հանրապետության նախագահը Հայաստանի առաջատար մարզիկներին ու նրանց մարզիչներին որպես թոշակ 150 միլիոն դրամ է հատկացրել, կառավարությունը մշտապես անդրադառնում է սպորտային խնդիրներին ու անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք մեկնում, ՀԱՕԿ-ի նախագահը չի թողնում, որ որեւէ մանրուք խանգարի մարզումներին, անգամ, եթե խնդիրն անձնական է: Նա անձամբ իր միջոցներով է կարգավորում բոլոր հարցերը: Սպորտի նախարարությունը կազմակերպում է հավաքները, հանրապետության առաջնությունները, ուղեւորությունները մրցավայր եւ հետեւում, որպեսզի որեւէ խափանում չլինի: Այսինքն՝ ստեղծվել է մի կուռ թիմ: Իհարկե, այս ամենի դիմաց նաեւ արդյունքներ են պահանջվում: Ինչ վերաբերում է նրան, թե մեր մեդալակիրներին ի՞նչ է սպասվում, բոլորդ էլ գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը աչքի ընկած մարզիկներին, մարզիչներին մեքենա է նվիրում, դրամական խոշոր պարգեւ տալիս: Սրան ավելացնենք սպորտի ներկայացուցիչների տարեվերջյան ամփոփիչ հավաքները, որոնց ժամանակ նրանք նաեւ երկրի նախագահից են պետական խոշոր խրախուսանքներ ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել