Երեկ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ համարյա խուսափելով հարեւանությամբ
գործող «Ակոռի» ռեստորանի մասին հարցի պատասխանից:
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում թանգարանի տնօրինությունը ներկայացրեց վերջին մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը:
«Արդեն սովորույթ է դարձել ապրիլից ապրիլ ամփոփել տարին: Թանգարանի մեկ տարվա ձեռքբերումները բացառիկ են»,- մեկնաբանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչպես ներկայացրեց տնօրենը, թանգարանի կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Մեծ եղեռնին ու հայ բնակչության բռնագաղթին առնչվող վավերագիր շուրջ հարյուր նոր լուսանկարներ: «Թանգարանի ջանքերով, բոլորովին վերջերս հայտնաբերվել եւ թվայնացվել են շուրջ երկու հարյուր հիսուն բացառիկ լուսանկարների օրիգինալ ապակե կրիչներ, որոնք ներկայացնում են Սիրիայում՝ Եղեռնից փրկված հայ տարագրյալներին հումանիտար օգնություն ցուցաբերելու դրվագներ: Բացառության կարգով նորահայտ վավերագիր լուսանկարներն ապրիլի 24-25-ը զետեղվելու են թանգարանի հիմնական ցուցադրության մեջ: Հատկանշական է նաեւ նվիրատվության կարգով ձեռք բերված երեք խոշոր հավաքածուները, որոնք ներառում են հարյուրավոր եզակի նյութեր՝ արեւմտահայերի կենցաղի, ընտանեկան կյանքի, կենսագործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Մեծ եղեռնին առնչվող ու դրա հետեւանքները լուսաբանող վավերագրեր եւ եզակի հրատարակություններ: Հավաքածուների շարքում առանձնահատուկ կարեւորություն ունեն նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի ձեռագիր հուշագրությունները եւ նամականին, որոնք ներկայացնում են Մուշի հայ բնակչության դեմ թուրքական բանակի կողմից իրականացված մասսայական կոտորածներն ու Սիրիայում նրա իրականացրած որբախնամ գործունեությունը»,- նշեց Հ. Դեմոյանը:
«Առավոտի» հարցին՝ մինչեւ ե՞րբ են հանդուրժելու Եղեռնի հուշահամալիրի հարեւանությամբ գործող «Ակոռի» ռեստորանի գոյությունը, որը առաջացնում է մեր հայաստանցի ու սփյուռքահայ հայրենակիցների զայրույթն ու մտահոգությունը, Հ. Դեմոյանը պատասխանեց. «Խոսել եմ սեփականատերերի հետ: Կոնֆլիկտ չեմ սիրում, աշխատում եմ հնարավորինս զուսպ լինել: Շատ բաներ կան, որ տեսնում եմ եւ լռում: Չեմ կարող ամեն անգամ այդ մանր խնդիրների պատճառով մամուլի ասուլիս հրավիրել եւ բողոքել… Շատ անգամ ստիպված եմ շատ բաներ կուլ տալ, հասկանում եք՝ ինչու… Բայց մարդկանց ոգեւորում է այն փաստը, որ ես չեմ կարողանում խոսել, որ իմ լեզուն փակ է, ձեռքերս էլ՝ կապված… Այնպես որ, խնդրում եմ այս հարցը չքաղաքականացնել, որովհետեւ վտանգավոր է…»: