Համաշխարհային տնտեսությունն այս տարի անկում է ապրելու 1,3%-ով, իսկ հաջորդ տարի աճելու է 1,9%-ով: Այդպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր զեկույցում, որ նվիրված է արդար տնտեսության զարգացման հեռանկարներին: Հիմնադրամի տնտեսագետների կարծիքով, համաշխարհային ֆինանսական իշխանությունների նույնիսկ հաջող գործողությունների դեպքում, տնտեսության վերականգնումը տեղի է ունենալու շատ դանդաղ: Ամբողջապես դա տեղի կունենա մոտ 5 տարուց եւ վերականգնման շարժիչ ուժերն են լինելու Չինաստանն ու Հնդկաստանը: ԱՄՀ փաստաթղթի համաձայն, ճգնաժամի էպիկենտրոնում են գտնվում ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները: Երկրների այդ խումբը, ըստ հիմնադրամի, այս տարի տնտեսական անկում է ապրելու 3,8%-ով:
Ռուսաստանին ու նրա հարեւաններին վերաբերող կանխատեսումները նույնպես լավատեսական չեն: Ռուսաստանի անկումն այս տարի կազմելու է 6%, իսկ ԱՊՀ երկրներինը՝ միջին հաշվով 5,1%: «ԱՊՀ երկրները, ինչպես սպասվում է, պետք է աշխարհի բոլոր տարածաշրջաններից ամենաշատը տուժեն տնտեսական ճգնաժամից»,- ասված է զեկույցի մեջ: Դրան նպաստելու են միաժամանակ 3 գործոններ՝ ֆինանսական ցնցումներ, արտաքին ֆինանսավորման սահմանափակում եւ ապրանքների ու ծառայությունների պահանջարկի անկում: ԱՄՀ-ի հաշվարկներով, ԱՊՀ երկրներից միայն Թուրքմենստանն ու Ադրբեջանն են պահպանում տնտեսական զարգացման հեռանկարները: