ԱՄՆ-ը նախազգուշացնում է Իրանին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին սպասվում են չափազանց կարծր պատժամիջոցներ, եթե Թեհրանը խուսափի իր միջուկային ծրագրի քննարկումից: Քլինթոնը նշել է, որ Իրանի եւ նրա միջուկային ծրագրի խնդիրը ներկայիս ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից է: «Մենք աշխատում ենք Իրանի ներկայացրած սպառնալիքներին դիմագրավելու համար եւ դա անում ենք բաց աչքերով ու առանց պատրանքների»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Իրանական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համաշխարհային տերությունների հետ կառուցողական երկխոսություն վարելու վերաբերյալ: Անցած շաբաթ այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խոստացավ բանակցությունների համար փաթեթ ներկայացնել, սակայն չի մանրամասնել, թե ինչպիսի քայլեր են նախատեսում այդ նոր նախաձեռնությունները, հաղորդում է BBC-ին: «Մենք գիտենք, թե որքան կարեւոր է դիմակայել Իրանի միջուկային զենք ստեղծելու ցանկությանը,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը,- մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք, եթե մեր բոլոր գործընկերներն աշխարհում հասկանան, որ պետք է աշխատենք միասին»: Իրանական կողմից գլխավոր բանակցողներից մեկը՝ Սայիդ Ջալիլին տեղական լրատվական գործակալությունների հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից, որը, Թեհրանի պնդմամբ, բացառապես խաղաղ բնույթ է կրում: