Անցած շաբաթվա հինգշաբթի օրը Ռուսաստանի ուժայինները հայտարարեցին, որ Չեչնիայում վերացվում է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը, սակայն այդ շաբաթվա սկզբից նույն աղբյուրները հայտարարեցին, որ հանրապետության մի շարք շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական գործողություններ: Մասնավորապես չորեքշաբթի օրը Բամուտ քաղաքի արվարձաններում սպանվել է ռուսաստանցի 3 զինծառայող: Դաշնային զորքերի օպերատիվ շտաբը հայտարարել է նաեւ, որ Չեչնիայի լեռնային շրջաններից մեկում կուտակվել են առնվազն 60 գրոհայիններ, որոնք նախապատրաստվել են Վրաստանի տարածքում գտնվող ուսումնական ճամբարներում: Զինվորականների կարծիքով, գրոհայինները ահաբեկչություններ են պատրաստում հանրապետության տարբեր տարածքներում, այդ թվում՝ Գրոզնիում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ի պատասխան, դիմել է հանրապետության քաղաքացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստությունը, քանի որ իրավիճակը կայուն է եւ գոյություն չունեն ուժեր, որոնք կարող են այդ իրավիճակում որեւէ բան փոխել: Կադիրովը նաեւ իր տարակուսանքն է հայտնել այն մասին, որ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին սկսեցին խոսել հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմի վերացումից հետո, իսկ մինչ այդ նման տվյալներ չեն եղել:
Մեկնաբանները նշում են, որ տվյալ դեպքում իրավիճակը երկակի է. մի կողմից Կադիրովը՝ կորցնելով արտակարգ իրավիճակում գործող նախագահի կագավիճակը, դառնում է սովորական չինովնիկ՝ Դաղստանի եւ Ինգուշեթիայի նախագահների նման, մյուս կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարը գործիք է, որը ռուսաստանյան ուժայիններն օգտագործում են իրենց ներկայությունն ու ուժը ընդգծելու համար: