Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը չհամոզեց Փհենյանին

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Երեկ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ երկրի միջուկային խնդիրներում կտրուկ դրական զարգացումներ առայժմ չեն երեւում: Ըստ BBC-ի՝ Լավրովն առայժմ չի հանդիպել նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ: ՌԴ արտգործնախարարի առաքելությունն էր համոզել Փհենյանին՝ վերադառնալ միջուկային խնդրին նվիրված բազմակողմանի բանակցությունների սեղանին: «Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, իր դժգոհությունները դիմացինից: Մեր համոզմամբ, պետք է վերադառնալ պայմանավորվածությունների այն ամուր հիմքին, որը ստեղծվել է 2005 թվականի սեպտեմբերին եւ մեկնարկ տվել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- նշել է Լավրովը՝ կոչ անելով տուրք չտալ էմոցիաներին եւ համատեղ ուժերով հաղթահարել ճգնաժամը: Հյուսիսային Կորեան հրաժարվել է բանակցություններից, արտաքսել է երկրից «Մագատեի» տեսուչներին եւ սպառնացել է վերսկսել ռազմական նպատակներով նախատեսված պլուտոնիումի արտադրությունը: Այդպիսով, Փհենյանն իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ապրիլի 14-ի բանաձեւից, որով դատապարտվում է հյուսիսկորեական արբանյակի արձակումը: Ռուսաստանը, դեմ լինելով Փհենյանի դեմ պատժամիջոցների կարծրացմանը, միաժամանակ փորձում է համոզել Հյուսիսային Կորեայի ղեկավարներին՝ կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Համոզելու լծակ կարող են լինել տնտեսական համագործակցության խոստումները, որոնք ՌԴ արտգործնախարարը տվել է իր այցելության ժամանակ: Այսօր սպասվում է Լավրովի այցը Սեուլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել