Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 181 դպրոցը՝ «Տաղանդների հրավառությունում»

Ապրիլ 24,2009 00:00

Յոթ տարի գործող թատերախումբը արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

Օրերս թիվ 181 դպրոցի թատերախումբը գլխավոր մրցանակով վերադարձավ Մոսկվայից, որտեղ ապրիլի 11-18-ը մասնակցում էր ՌԴ երեխաների ստեղծագործության կենտրոնի կազմակերպած «Տաղանդների հրավառություն» թատերական մրցույթին: 181-րդ դպրոցի թատերախմբից բացի, մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի դպրոցների թատերախմբեր, որոնք պետք է ներկայացնեին ռուսերեն բեմադրված որեւէ ստեղծագործություն: «Առավոտը» զրուցեց թատերախմբի անդամների հետ՝ պարզելու, թե ինչպիսի փորձություններ են անցել: Թիվ 181 դպրոցի՝ արդեն 7 տարի գործունեություն ծավալած թատերախումբը «Տաղանդների հրավառությանը» հյուրընկալվել էր Ալ. Պուշկինի «Քարե հյուրը» ներկայացմամբ: Ինչպես թատերախմբի ղեկավարները՝ ռուսաց լեզվի ուսուցիչներ Աիդա Մուշեղյանն ու Լարիսա Դավթյանը հավաստիացրին, իրենք ունեն կայուն խաղացանկ եւ հաճախ են հանդես գալիս տարբեր բեմերում: Գլխավոր մրցանակը ստանալուց բացի, թատերախումբը հաղթել է նաեւ երկու անվանակարգերում՝ «Բեմական խոսքի լավագույն տիրապետում» եւ «Լավագույն խորեոգրաֆիա»: Մինչ Մոսկվա հասնելը՝ թիվ 181 դպրոցի թատերախումբը 3 անգամ մասնակցել եւ հաղթել է հանրապետական մրցույթներում, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով միայն այս տարի է նրանց հաջողվել մասնակցել միջազգային մրցույթին: Թատերախումբը հանդես է եկել նաեւ Ռուսաստանում՝ հայկական համայնքի հայորդաց տանը:

«Առավոտը» զրույցի ընթացքում բարձրացրեց աշակերտների՝ դասերից դուրս ժամանցի կազմակերպման խնդիրը: Այս կապակցությամբ դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանն ասաց. «Դպրոցներում գեղագիտական դաստիարակության խնդիրներն առայժմ բավարար չափով լուծված չեն, ինչի հետեւանքներին ամեն օր առնչվում ենք մեր միջավայրում: Իսկ թատրոնն ու գեղարվեստը նպաստում են, որ այդ բացը լրացվի: Այդ պատճառով էլ աշակերտի առօրյան պիտի հետաքրքիր եւ նպատակաուղղված դարձնել՝ երեխայի մեջ սերմանել սեր դեպի արվեստը: Ուստի դեռ յոթ տարի առաջ մեր առջեւ խնդիր դրեցինք գեղագիտական դաստիարակության միջոցով ակտիվացնել ներդպրոցական կյանքը եւ դրսում թափառելու փոխարեն երեխաներին հնարավորինս համախմբել դպրոցի շուրջ»: Նկատենք, որ թատերախմբում չեն աշխատում մասնագետներ, բեմադրությունը, պարերը բեմադրվում են երեխաների եւ ուսուցիչների միջոցով: Օրինակ՝ Քարե հյուրի դերում հանդես եկող Արտակը պարն է բեմադրել: Նա պատմեց. «Քանի որ բեմադրությունը որոշել էինք իսպանական ոճով անել, ուստի որոշեցի իսպանական պար բեմադրել»: Իսկ 15-ամյա Մհերը, որն արժանացել է «Բեմական խոսքի լավագույն տիրապետում» անվանակարգին, հանդես է գալիս բազում կանայք տեսած Դոն Ժուանի դերում: Կատակով հետաքրքրվեցինք՝ գուցե բազում ընկերուհիներ է ունեցել, դրա՞ համար է դերը նրան հաջողվում: Մհերը պատասխանեց. «Կյանքում բոլորովին այն չեմ, ինչ՝ բեմադրության մեջ: Բայց այս դերի միջոցով հասկացել եմ՝ որքան էլ վատ բաներ են կատարվում մեր շրջապատում, միեւնույն է՝ լավը խրախուսվում է»: Իսկ ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Դավթյանը նկատեց. «Սկզբնական շրջանում հեքիաթներ էինք բեմադրում, բայց երբ երեխաները մեծացան, սկսեցինք ավելի լուրջ գործերի վրա աշխատել: «Քարե հյուրը» ներկայացման մեջ երեխաներից ուրիշ հարաբերություններ էին պահանջվում. պիտի բեմի վրա գրկախառնվեին, համբուրվեին: Սկզբից նրանք վախենում էին միմյանցից, բարդույթները սարսափելի էին: Հիմա վարժվել են: Ուզում էինք նրանց թատրոնի միջոցով սովորեցնել, թե տղամարդն ինչպես պիտի վերաբերվի կնոջը եւ՝ հակառակը: Այսինքն՝ թատրոնի միջոցով նրանք կյանքի դասեր էին ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել