Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Ապրիլ 24,2009 00:00

Այլ կերպ դժվար է բնութագրել այն, ինչ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, հրապարակախոս Մետաքսեն հեղինակել էր թերթերից մեկում:

«Դա մարդասիրություն չէ, մարդատյացություն է: Չեմ հավատում, որ ամբողջ աշխարհում է տարածված այդ վտանգավոր անհեթեթությունը, եւ հետո՝ ի՞նձ ինչ, թե Կոնգոյում կամ Բանգլադեշում ինչ մեթոդնեով են երեխա կրթում: Ինձ պետք է, որ իմ առողջ երեխան առողջ մթնոլորտում ապրի եւ շփվի իր նման առողջ երեխաների հետ»:

«Ամենից սարսափելին սենյակի մի ընդարձակ անկյունում դրված մանեժիկն էր, որի մեջ երեխա հիշեցնող մի արարած մերթ սողում էր մանեժի հատակին փռված ներքնակի վրա, մերթ մագլցում էր ցանցն ի վեր, որ դուրս գա: Չորս տարեկան էր, երեսը՝ ծռմռված ու խեղված: Դեմք գրեթե չուներ, բայց ուներ անուն: Նրանից հրաժարվել էին ծնողները, բայց պետությունը պահում է, այն էլ որտեղ՝ առողջ երեխաների հետ համատեղ»:

«Տխուր էինք, որ տաղանդավոր երեխաները ստիպված են մի հարկի տակ ապրել եւ շփվել մտավոր հետամնաց, հոգեպես շեղված երեխաների հետ: Կալանավայրերում անգամ նման պատիժ չի կիրառվում մեծերի նկատմամբ»:

«Դա մարդասիրություն չէ, դա անդանակ մարդամորթություն է, որը կամաց-կամաց տարիների ընթացքում խելացի երեխաներից զրկվելու եւ ապագայում ազգը դեբիլացնելու ողբերգություն է»:

«Ինչո՞ւ փակվեցին մասնագիտացված հրաշալի դպրոցները: Փակվեցին, որ դրսից ներմուծվեր այս փորձանքը՝ ներառական կրթության համակարգը: Անհապաղ պետք է կյանքի կոչել փակված այդ դպրոցների համակարգը, որը հնարավորություն է տալիս առանձնացնելու առողջին հիվանդից»…

Կարծում եք՝ վերը մեջբերվածը ֆաշիստական Գերմանիայի գաղափարախոսներից որեւէ մեկի մտքե՞րն են: Ոչ, սխալվում եք: Սրանք հատվածներ են ՀՀ օրաթերթերից մեկում ապրիլի 4-ին տպագրված հայ բանաստեղծուհի, այսինքն՝ կին, մայր, մտավորական եւ հայ քրիստոնյա Մետաքսեի «Մարդասիրությո՞ւն, թե՞ մարդատյացություն» հոդվածից: Կին, որը որոշել է, որ ինքը գիտե, թե ով է առողջ եւ ով է հիվանդ.. Մայր, որը վստահ է, որ ինքը կամ իր հարազատները ապահովագրված են անառողջ լինելուց, եւ ուզում է փակի տակ պահել հիվանդներին, որ հանկարծ իր նման առողջները նրանց նման հիվանդների հետ չշփվեն… Մտավորական, ով կարծում է, թե առողջական խնդիրներ ունեցող երեխաների ներկայությունը հանրակրթական դպրոցներում՝ «ազգը դեբիլացնելու ողբերգություն է»… Հայ քրիստոնյա, ով խտրականություն է դնում Աստծո ստեղծած արարածների միջեւ:

Իսկ ո՞վ է որոշում, թե ով է մտավոր հե տամնացը՝ այբուբենին տիրապետող եւ հանգավորումներով գրվածքներ արարող մե՞կը, թե՝ այն արարածը, որի՝ դժվարընկալելի խոսքի պատճառով դժվար է պատկերացում կազմել նրա մտավոր կարողությունների մասին: Գուցե վերջինս իր հնարավորություններով բազմակի գերազանցո՞ւմ է առաջինին:

Տիկին Մետաքսեն նաեւ «մտահոգվում» է. «Մտավոր հետամնացին երբ ծաղրում են, իսկ դա անխուսափելի է (՞՞՞՞-Մ. Բ.), նրա մեջ շրջապատի նկատմամբ չարություն է առաջանում, որը, ինչ իմանաս, թե հետագայում չի դրսեւորվում այնպիսի երեւույթով, որ մերթ հեռուստատեսությամբ լսում ենք, թե ինչպես մի երիտասարդ մտավ դպրոց, կրակեց աշակերտների վրա, կան զոհեր, վիրավորներ եւ վերջում ինքնասպան եղավ… Ի՞նչ իմանաս, որ այդ երիտասարդը մտավոր թերարժեքություն ունեցող այն երեխան չէ, որ, հիշելով իրեն ծաղրողներին, վրեժով է լցվել մարդու եւ աշխարհի նկատմամբ…»:

Շփվելով ներառական կրթություն իրականացնող կրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ, առնչվելով նրանց բազմաթիվ խնդիրներին, երբեք չեմ լսել, որ այդ դպրոցներում ներառված երեխային ծաղրելու կապակցությամբ խնդիրներ եղած լինեն: Ճիշտ հակառակը, երեխաները, որոնք հենց մանկապարտեզային, դպրոցական տարիքից տեսնում են, շփվում, առնչվում են իրենցից ֆիզիկապես տարբերվող երեխաների հետ, երբեք խտրականություն չեն դնում, առանձնահատուկ ուշադրության չեն արժանացնում, առավել եւս՝ ծաղրում այդ տարբերությունը: Նրանց համար այդ երեխան նույնպիսի երեխա է, ինչպիսին իրենք են, ուղղակի մի քիչ դժվար է խոսում, քայլում, շարժվում… Ներառական կրթությունը, ի զարմանս տիկին Մետաքսեի, մեծ հաջողությամբ իրականացվում է Եվրոպայի ամենազարգացած երկրներում, եւ ոչ թե՝ Կոնգոյում ու Բանգլադեշում: Շվեդիայում ինքս եմ եղել մի քանի դպրոցներում, որտեղ ամենուր իրականացվում էր ներառական կրթություն: Այնտեղ դա այնքան սովորական բան էր, որ որեւէ մեկի մտքով չէր անցնում զարմանալ կամ, ինչպես տիկին Մետաքսեն՝ «վրդովվել»: Մյուս, այսպես ասած՝ առողջ երեխաները գիտեին, որ իրենք նույնպես պատասխանատու են իրենց թույլ ընկերների համար՝ սիրով օգնում էին նրանց ե՛ւ դասերի հարցում, ե՛ւ տեղաշարժման, ու նրանց շնորհիվ սովորում էին լինել հանդուրժող եւ համբերատար: Ինչ վերաբերում է «մարդու եւ աշխարհի հանդեպ չարությամբ լցվելուն», ապա տիկին Մետաքսեին եւ նրա նման մտածող շատերին հիշեցնենք, որ Հիտլերը, Ստալինը, Պինոչետը, Բեն Լադենը եւ այլ հրեշներ հաստատ «մտավոր հետամնաց» չէին: Կամ՝ ճիշտ հակառակը: Հե՛նց նրանք էին մտավոր հետամնացը, թեեւ չունեին այդպիսին թվալու որեւէ ակնհայտ նշան: Ի տարբերություն այն երեխաների, որոնք ինչ-ինչ պատճառներով ծնվել են ոչ այնպիսին, ինչպիսին մեծամասնությունն է: Սակայն դրանով նրանք ավելի վատը չեն ու դրանով չեն արժանացել հասարակությունից մեկուսացվելու պատժին:

Հ. Գ. Մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք ներառական կրթության հետ սերտորեն առնչված մարդկանց կարծիքները նույնպես:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930