Լրահոս
Օրվա լրահոսը

101 տարվա մենություն

Ապրիլ 24,2009 00:00

Կամ Սոնա տատի հիշողությունները

\"\"Կոտայքի մարզի միակ երկարակյացը՝ 101 տարեկան Սոնա Խաչատրյանը, ապրում է Մայակովսկի գյուղում: Նա Հայոց մեծ եղեռնը վերապրած վերջին մոհիկաններից է, ու չնայած պատկառելի տարիքին՝ 94 տարվա դեպքերը հիշում է նախօրեին կատարվածի պես: Ծնվել ու ապրել է Մուրադգետի ափին գտնվող Իգդիրում: «Իմ հայրիկ ու հորեղբայր Անդրանիկ զորավարի հետ կռիվ արած, էդ թուրքերին քշած-տարած են»,- պատմում է նա: Եղեռնի օրերին ինքը յոթ տարեկան էր, բայց այսօրվա պես հիշում է, թե ինչպես էին թուրքերը մորեղբորն ու տատին հարյուրավոր հայերի հետ «փրթում-գցում Մուրադգետը», թեեւ մի ուրիշ թուրք՝ իրենց հարեւանը, իր հոր կյանքը փրկեց՝ թոնիրում թաքցնելով:

Մյուս ահասարսուռ դիպվածը պատահեց տարիներ անց, երբ հայերի ջարդերը դեռ շարունակվում էին: Գրեթե մանկահասակ ամուսնացած ու մայրացած Սոնան՝ 1 տարեկան դստերը գրկած, հարյուրավոր համերկրացիների հետ բռնել էր գաղթի տառապալի ճանապարհը: Հանկարծ զգաց, որ մարմինն ու հագուստները թաց են, իսկ երեխան՝ մեռած: Դժբախտ մայրը չէր էլ իմացել, որ րոպեներ առաջ ասկյարները հեռվից նետահարել էին երեխային ու իր մարմինը պատվել էր նրա անմեղ արյունով: Հենց այդտեղ էլ թաղեց առաջնեկին ու շարունակեց ճանապարհը:

Ընտանիքում էլ է Սոնան հալածանքներ տեսել: Խորթ մայրն ամեն Աստծո օր ծեծում էր իրեն, նախատում: Մի օր էլ պատժեց ու փակեց անասունների մարագում: Երեկոյան հորեղբայրը լացի ձայնով գտավ Սոնային ու տարավ իր տուն: Առավոտյան պարզվեց, որ գիշերը մարագ էին մտել գայլերը ու կերել անասուններին: Եթե Սոնան այնտեղ լիներ…

Հաջորդ փորձությունը գայլի կերպարանքով նրան հանդիպեց 1941թ., երբ 6 ամսական որդուն գրկած՝ անցնում էր Արամուս գյուղի գերեզմանոցի մոտով: «Չոքերս վախից թուլացան, մտածեցի՝ վա՜խ-վա՜խ, առաջ էրեխո՞ւս կուտի, թե՞ ինձ, մեկ էլ տեսնեմ՝ գելը հո չի փախչում, ոնց որ մի 100 հրացանով վրեն կրակեին»: Հետո իմացավ, որ գայլը գյուղում 4-5 հորթ էր կերել, թե իրեն ու երեխային ինչո՞ւ խնայեց, այդպես էլ չհասկացավ:

Իր հիշողության գզրոցները բացելով պատմում է, պատմում Սոնա տատը ու չի հագենում: Ամուսնու հետ մի ամբողջ կյանք է ապրել, ունեցել են 12 երեխա, որոնցից հիմա 3-ն է ողջ: Ունի 23 թոռ, 21 ծոռ, 4 թոռի թոռ: Առանձնապես ջանքեր չի գործադրել մեկ դարից երկար ապրելու համար: Ողջ կյանքում քչակեր է եղել, որքան էլ զարմանալի է՝ կաթնամթերք չի սիրել, սուրճ սկսել է խմել բոլորովին վերջերս, բայց չի հավանել: Միշտ շատ է շարժվել, աշխատել է հողամասում, բայց հիմա հազիվ է քայլում՝ որեւէ մեկի օգնությամբ, որովհետեւ արդեն 8 տարի է՝ աչքերը կուրացել են:

Արդեն 5 տարի Սոնա տատն ապրում է ավագ դստեր՝ Սիլվա Գեւորգյանի տանը, գոհ է նրա, փեսայի ու թոռների ջերմ վերաբերմունքից: Միայն նեղսրտում է, որ բացի 15 000 դրամ թոշակից, ուրիշ ոչ մի օգնություն չի ստանում, նույնիսկ «Փարոսի» համակարգում ընդգրկված չէ: Այնինչ, աղջկա ընտանիքը կարիքի մեջ է, միակ աշխատողը նրա ամուսինն է:

Պետությունից ու Աստծուց մոռացված՝ այսպես էլ ապրում է իր 101 տարվա մենությունը Սոնա տատը ու եզրակացնում. «Աստված գիտի ես մեռել եմ՝ էդոր համար ինձ չի տանում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել