Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍՆ Է

Ապրիլ 24,2009 00:00

Աշխարհի բոլոր հայերը պետք է դրա մասին հիշեն

Ջավախքը այսօր կանգնած է ահավոր վտանգի առաջ. մի կողմից վրացական իշխանություններն աշխատում են ջլատել միավորող ուժերը, մյուս կողմից էլ ներսի՝ Ջավախքի ժողովուրդը չի համախմբվում: Մի մասը լոկ իր անձնականը հաշվի առնելով գործում է միմիայն իր շահի համար, մյուսներն էլ հույսները կտրած ելք են որոնում ու չկարողանալով համախմբվել՝ թողնում-հեռանում են: Վերջին տասը տարում Ջավախքի բնակչությունը գրեթե կիսով չափ պակասել է: Գյուղերը կիսով չափ դատարկվել են, հողերը դարձել են խոպան: Ճիշտ է գրել Դերենիկ Դեմիրճյանը՝ հայի թշնամին հայն է. «Ամեն մի հայ մի հայ թշնամի ունի»: Եվ դա գերազանց գիտեն մեր օտարները ու օգտագործում են: Մեր թշնամին՝ թուրքը, վրացին, ազերին կամ պարսիկը չի: Մեր թշնամին մենք ենք:

90-ական թվականներին յոթ անգամ ուժեղ ադրբեջանցիներին հաղթեցինք եւ մեր երկրի տարածքի մի մասը՝ Արցախը, ազատագրեցինք: Պատճառը հայ ժողովրդի միասնությունն էր: Այդպիսի միասնություն շատ հազվադեպ էր եղել: Ամբողջ աշխարհի համակրանքը հայի կողմն էր: Ուժեղներին հարգում են, օգնում, իսկ թույլերին խղճում են ու թողնում-հեռանում: Բայց հիմա պառակտվեց ժողովուրդը, մասերի բաժանվեց եւ արդյունքը այն եղավ, որ իր ղեկավարներին, պետական այրերին ինքը՝ հայը գնդակահարեց: Այժմ էլ հայը պառակտված է, հեղինակազրկված:

Այդպես է նաեւ Ջավախքը: 90-ական թվականներին Ջավախքը ոչ միայն ինքն էր համախմբված ու ուժեղ, այլեւ օգնում էր Արցախին: Բազմաթիվ հայ երիտասարդներ զենքը ձեռքներին եկան եւ մարտնչեցին Արցախի համար: Հսկայական էր նաեւ նյութական օգնությունը: Ստեղծվեց «Ջավախք» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարը երկար ժամանակ Սամվել Պետրոսյանն էր: Նա 1988-96թթ. ակտիվ մասնակցություն ունեցավ Ջավախքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: 1990-92թթ. ակտիվ մասնակցել է Ջավախքի սահմանների պաշտպանությանը, զենքը ձեռքին պայքարեց ու մասնակցեց ընդհարումների, որոնց մի մասին ես եմ ականատես եղել: Այդ ժամանակ ոչ մի ուժ չկարողացավ ներխուժել Ջավախք:

Այժմ երբեմն թերթերում հոդվածներ են տպագրվում՝ մեղադրում Սամվել Պետրոսյանին: Գրածների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը եւ սա արդարացի վրդովմունք է առաջացնում: Մամուլի նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց լարել իրար դեմ՝ ազգը պառակտել, այլ ընդհակառակը՝ հաշտեցնել, որից կշահեն եւ Ջավախքը, եւ առանձին անձինք: Եվ Սամվել Պետրոսյանի, եւ Վահագն Չախալյանի, եւ Ա. Պողոսյանի, եւ բոլոր ջավախքցիների նպատակը պետք է լինի մեկը՝ Ջավախքը դարձնել հզոր, անպարտելի: Անձնականը պետք է մոռանալ. կարեւորը եւ առաջնայինը ազգի շահերն են:

Այսօրվա Ջավախքի կազմակերպությունները պետք է Ջավախքի շահերով զբաղվեն եւ ոչ թե Վրաստանի կամ Հայաստանի ղեկավարությանը հլու-հնազանդ ենթարկվեն:

Առաջին պլան պետք է մղել Ջավախքում հայապահպանության հարցը:

Այսօր վրացական իշխանությունների հսկողության տակ է գտնվում Ջավախքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն, եւ այդ ամենը՝ հայ լրաբերների միջոցով: Ջավախքում գործող ուժերը կամաց-կամաց սպառվում, մեռնում են, ազգային շարժումը գրեթե դադարել է: Նրանց նկատմամբ կիրառվում են ճնշման տարբեր մեթոդներ: Այսօր վրացական իշխանությունները Ջավախքում հայահալած քաղաքականություն են վարում: Եվ դա նկատում ու անտարբերություն են ցուցաբերում Ջավախքի բնակիչները, գործիչները:

Ջավախքի ղեկավարությունը մեկընդմիշտ պետք է հիշի, որ իրենց կատարած այսօրվա սխալի համար իրենց որդիներն են պատասխան տալու: Այսօր եթե Երեւանի եւ Թբիլիսիի ղեկավարները խրախուսում են Ջավախքի ղեկավարներին, դա նրանից է, որ նրանք չունեն ազգային մտածողություն, հեռուն չեն տեսնում, ունեն լոկ իրենց անձնական շահերը:

Չմոռանանք, որ Վրաստանում ապրող հայերի 60 տոկոսը արդեն ձուլվել, ուծացել է: Կան քաղաքներ, որ ամբողջովին ձուլվել են (օրինակ՝ Գորի քաղաքը): Արդեն այդ ճանապարհի վրա է գտնվում Ջավախքը (հատկապես՝ Ախալցիխեն, հետո՝ Ախալքալաքն ու մյուս բնակավայրերը):

Այժմյան վրացական իշխանությունների նպատակն է ջլատել ազգային փոքրամասնության ուժերը: Պատմության վրա պետք է հիմնվել՝ երբ այս երկու ազգերը իրար հետ մտերիմ են եղել, իրար օգնել են, բոլոր հարցերում երկուսն էլ շահել են: Այսօրվա վրացական իշխանությունների՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած ազգահալած քաղաքականությունը ոչ մի կերպ չի արդարացվում: Հայերին ճնշելով, նրանց նկատմամբ հալածանք կիրառելով՝ վրացական իշխանությունները ոչինչ չեն շահի: Դրանով նրանք փորձում են վրաց ժողովրդի ուշադրությունը շեղել դեպի ազգային փոքրամասնությունները, այնտեղ փնտրելու իրենց անհաջողությունների պատճառները: Դա մանկամտություն է: Մի՞թե Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի փորձը բավական չէ տեսնելու, թե ինչի է հանգեցնում տեռորը, ազգային թշնամանքը, խտրականությունը: Այսօր պարզ զգացվում է վրացական իշխանությունների բացահայտ հակահայկական վերաբերմունքը: Մենք դարեր շարունակ ապրել ենք իրար կողքի, մտերմություն է եղել, ջերմություն, անմիջականություն: Ազգային հարց չի շոշափվել: Իսկ այժմ լարումը քանի գնում սրվում է: Դա գալիս է միմիայն վրացական իշխանությունների վարած քաղաքականությունից: Այժմ Վրաստանում բացարձակապես վերացել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Ի հավելումն՝ այսoր Ջավախքի ուժերը պառակտվում են, 90-ական թվականների Ջավախքի շարժման ղեկավարները իրար դեմ են դուրս գալիս եւ դրանով թուլացնում, հուսահատեցնում են տեղի բնակչությանը: Իսկ մեր հարեւանին դա է պետք: Նրանք ամեն կերպ նպաստում ու խրախուսում են, որ տեղի հայերը իրար դեմ դուրս գան: Ամեն մի ջավախցի այսօր պետք է մտածի, որ Ջավախքի հույսը ինքն է:

Մենք չպետք է հույսներս ուրիշի վրա դնենք: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը եւ ո՛չ էլ մի ուրիշ երրորդ ուժ մեզ օգնել չեն կարող: Ջավախքի ամբողջ բնակչության համախմբվածությամբ պետք է հասնել հաղթանակի: Փորձը ցույց տվեց, որ երբ Ջավախքը համախմբված էր եւ ուժեղ, վրացիները Ջավախքի նկատմամբ շատ լավ էին ու ոչ միայն ուշադիր էին, այլեւ օգնում էին, իսկ այսօր տեսնելով, որ ջլատվել են Ջավախքի ուժերը, սկսեցին ոտնահարել մեր ազգային ու մարդկային իրավունքները:

Ջավախքում ապրող ոչ մի հայ՝ հայ թշնամի չպետք է ունենա: Անկախ իրենց հայացքից, նրանք իրար պետք է օգնեն, ներեն, սիրեն: Անձնականը պետք է կողքի դնել եւ ազգայինը առաջին պլան մղել: Միայն փոքր մարդն է անձնական հաջողություններով ապրում: Ձեր շուրջը նայեք. ո՞ւր է այսօր Ջավախքի հայ երիտասարդությունը, ինչո՞ւ պետք է նա թափառի օտարության մեջ: Սա եղեռն է, սպիտակ եղեռն, որի առաջը պետք է առնել: Ոչ մեկը իրավունք չունի անտարբեր անցնել այս հարցի կողքով՝ անկախ տարիքից ու զբաղեցրած պաշտոնից: Ամեն մի հայ, ամեն մի ջավախցի պետք է մեղքի իր բաժինը գտնի այս իրավիճակում հայտնվելու համար եւ հետեւություններ անի: Հակառակ պարագայում՝ բոլորս վաղ թե ուշ հեռանալու ենք: Նախիջեւանը՝ օրինակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել