Անցյալ տարի հասարակական կառուցապատման նպատակով վաճառվել է Իջեւան քաղաքի Երեւանյան 45 հասցեում գտնվող 189 քառակուսի մետր տարածքը: Հողամասը հարմար վայրում է՝ կենտրոնական մայրուղու եզրին, մարզկենտրոնում միակ Պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հարեւանությամբ:
Հիշյալ թանգարանի գործունեության համար Իջեւան քաղաքի 2009 թվականի բյուջեով նախատեսված է 3 միլիոն 447 հազար դրամ: Իսկ նշված հողամասում հիմքեր են փորվել, մոտակա թաղամաս տանող ճանապարհն էլ այնքան է սեղմվել-նեղացվել, որ հազիվ մի մեքենա կարող է անցնել, այն էլ զառիթափից գլորվելու վտանգին ենթարկվելով: Որքանո՞վ է նպատակահարմար մարզկենտրոնի միակ թանգարանի եւ սրբություն համարվող հուշարձանի կողքին ինչ-որ «օբյեկտի» կառուցումը: Իջեւանում ավագանու ընտրությունը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 19-ին, հողամասի վաճառքը տեղի է ունեցել ավագանու նախկին կազմի օրոք: Զարմանալի է, սակայն քաղաքի ավագանու նախկին կազմի շատ անդամներ՝ Գերասիմ Դավթյանը, Վահե եւ Վարդան Ղալումյանները, Նելլի Խուդավերդյանն ու Մարատ Զուրաբյանը անտեղյակ էին հողամասի օտարումից:
Մեր ունեցած տվյալներով, սույն հողամասի սեփականատերը Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Վոլոդյա Վաղարշակի Մաթեւոսյանն է: Նա մարզի բարձրաստիճան ոստիկաններից մեկի բարեկամն է, եւ հողամասը փաստացի հենց վերջինիս էլ պատկանում է:
Ներկայումս «օբյեկտի» շինարարությունը մեծ թափով ընթանում է: