«Առավոտը» տեղեկացրել է, որ «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովին մասնակից ռուսաստանցի ճարտարապետներ Կարեն Բալյանն ու Հրաչյա Արմենակյանը ասել էին, թե Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ: Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե նա այս քննադատությունից ի՞նչ հետեւություններ է արել եւ, ըստ այդմ, ինչ քայլեր է անելու: Պարզվեց՝ ոչինչ էլ չի անելու: «Ես կարծում եմ, պետք է հարցը ուրիշ կերպ ձեւակերպել: Խոսքը չի գնում հետեւություններ անելու մասին: Ֆորումի նպատակն այն է, որ մեր գործընկերների աչքերով ընկալելը Երեւանը՝ մեզ կօգնի կողքի աչքերով հասկանալ, ի վերջո, ուր ենք հասել: Այդ կարծիքները մեզ հնարավորություն կտան շատ ավելի զգոն լինել: Սխալներ եղել են բոլոր ժամանակներում»,- հայտարարեց Նարեկ Սարգսյանը:
Հետո Նարեկ Սարգսյանը սրտնեղեց, թե իրենք աշխատաժամանակի 95%-ը ծախսում են Երեւանին ոչ հարիր շինությունների կառուցումը թույլ չտալու վրա: Այս աշխատանքը, սակայն, չի երեւում, բայց երեւում են այն անհաջող շինությունները, որոնց դեմն առնել չի հաջողել: