Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղրաղի» հույսին մնացածները

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Նկարում պատկերված այս մարդիկ Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի վաղուց գործազուրկ բնակիչներ Սեդա Սարգսյանը, Արմեն Ղաբուզյանը եւ Մարինե Էվոյանն են, որոնք իրենց օրվա աղքատ սնունդը հայթայթում են Դեբեդի եզրերից պղնձի կտորներ հավաքելով ու վաճառելով: Նրանց ամեն օր առավոտյան կարելի է հանդիպել Ալավերդի-Հաղպատ մայրուղում, ոտքով իրենց «աշխատանքին» գնալիս: Թե ինչպես են ապրում եւ կատարում իրենց ծանր աշխատանքը եւ ինչ են վաստակում դրա դիմաց, պատմեց Սեդա Սարգսյանը. «Մի տեղ էլ ա չեմ աշխատում, 89 թվականից չեմ աշխատում, թոշակ եմ ստանում՝ 3-րդ կարգի, նպաստ էլ չի հասնում: Հիմի էլ գնում ենք պղնձի, գետի ղրաղներին, էլի, Հաղպատիցը դենը, 100 դրամով բերում ենք, էնքան, որ հացի փող լինի»:

Իսկ թե օրական Դեբեդի «ղրաղներիցը» որքա՞ն պղինձ են կարողանում հավաքել հարցին՝ Սեդան պատասխանեց. «Պատկերացրու մինչեւ իստիանս ջրի մեջ եմ ըլում,- գոտկատեղը ցույց տալով ասաց նա եւ շարունակեց,- դա ի՞նչ աշխատանք ա, օրը մի հացի փող»:

Նույն գործով օրը մի հացի փող են աշխատում նաեւ նրա գործընկերները: Արմեն Ղաբուզյանն էլ իր վաստակի մասին պատմեց. «Գնում ենք պղինձ հանենք գետի ղրաղից, քանդում ենք, մի երկու կգ հավաքում ենք, տանում: Հավաքած մի երկու կգ պղինձն էլ հանձնում ենք պղինձ հավաքող, մեր թաղում ապրող Ալվարդին»:

Մարինե Էվոյանն էլ վերջին անգամ Ախթալայի պահածոների գործարանում է աշխատել, որը Հայաստանի անկախության հենց առաջին տարում փակվել է: «Սաղ կյանքս, էսա 10-15 տարի է՝ էս գործով եմ զբաղվում, մի վախտ շատ հավաքեի, հմի չկա էլ: Մինչեւ Հաղպատի էն թազա գերեզմանուտը որ կա, հասնում ենք պղինձ գտնելու համար: Մտնում ենք գետի մեջը, պղինձն էլ ըլում ա, մեծ քարերի տակին ա ըլում, քարերը շուռ ենք տալի ու մի բան գտնում: Տենց տուժվում ենք: Մեռնելուց բեթար ա, էլ լավ ա, որ թոքախտ չենք ընկնում, հիվանդ էլ հեր ունեմ, անկողնում պառկած ա, ոչ մի տեղից էլ օգնություն չունեմ»,- ասաց Մարինեն:

Վերջում էլ նրանք եզրահանգեցին. «Չէ, էլ ապրելու ձեւ չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել