Ադրբեջանից տեղահանված հայը կահույքի փոխարեն խաչքարն է հետը վերցրել
Բագրատաշենցի 86-ամյա Իսահակ Բաղյանը, չնայած պատկառելի տարիքին, առույգ ու գործունյա է: Առանձնատան բակում նշանավոր խաչքարն է, որը Բագրատաշենի ու հարեւան գյուղերի բնակիչների համար սրբավայր է. մարդիկ գալիս են այստեղ, մոմ վառում: Խաչքարը ունի հայի ճակատագիր՝ Բագրատաշեն է գաղթել Խաչակապից:
Դաշտային Ղարաբաղի Դաշքեսանի շրջանի Ղուշչի (Խաչակապ) գյուղի բնակիչները 1988-ի վերջերից ստիպված եղան լքել ծննդավայրը: Գյուղն աստիճանաբար հայաթափվում էր: 1989 թվականի մայիսի վերջին այստեղ միայն Իսահակ Բաղյանի ընտանիքն էր մնացել: Հայաստանից գաղթած եւ Խաչակապում հաստատված ադրբեջանցիները քարեր էին նետում նրա տան վրա, ոչխարի հոտերը պահում էին հռչակավոր Թարգմանչաց վանքի կամարների ներքո՝ աղտոտելով սրբավայրը: Թարգմանչաց վանքից հարավ-արեւմուտք, բլրի վրա հառնում էր տեր Հովհաննես քահանայի հիշատակին կառուցված դրվագազարդ խաչքարը, որի վրա փորագրված է. «Սուրբ խաչս բարէխաւս ի տէր Յոհանիսի հոգուն ամէն, թվին ՌԾԷ»: Իսահակի բժիշկ որդին՝ Աշոտը, Սեւանում էր աշխատում, հորը հորդորել է փրկել խաչքարը, որպեսզի ադրբեջանցիները այն հետագայում չավերեն: Իսահակը ստիպված էր գործել մեծ զգուշությամբ: Հայաստանից այստեղ վերաբնակեցված 3 ադրբեջանցու նա իր տուն է հրավիրում, առատորեն հյուրասիրում, նրանց համոզում, թե խաչքարն իր պապի գերեզմանաքարն է, որ պիտի Հայաստան տեղափոխի: Ճաշկերույթի մի պահին հեռուստացույցով Ադրբեջանի գրողների միության նախագահ Անարն էր ելույթ ունենում ու հայտարարում, թե այն ադրբեջանցին, ով գոնե մի հայ չի սպանել՝ մահմեդական չէ: «Ադրբեջանցի սեղանակիցներս այս լսելով՝ իրար նայեցին: Ես երկյուղեցի: Սակայն չկորցրի ինքնատիրապետումս եւ սեղանակից ազերիների օղու բաժակները նորից լցրեցի»:
Իսկ խաչքարը անտառում էր, ուր Իսահակը ուղեւորվեց որդու՝ Սերգեյի եւ ազերի օգնականների հետ ու տոննանոց խաչքարը բարձեցին «ԶԻԼ» բեռնատարը: Մինչ մեքենան կանցներ վանքի ոլորապտույտը, Սերգեյը ավելի փոքր, եզրը կոտրած մի ուրիշ խաչքար շալակած՝ ելել է ձորից: Այն թեեւ չափերով մեծ չէ, սակայն ծանր է: Սերգեյը հիմա էլ է զարմանում, թե ինչպես է ինքը ձորն ի վեր այն շալակած տարել, հասցրել բեռնատարին: «Երեւի Աստված ինձ ուժ տվեց»,- ժպտալով ասում է Սերգեյը: Այժմ այդ խաչքարն էլ Բաղյանների բակում է, Հովհաննես քահանայի հիշատակի խաչքարի կողքին:
Հաջորդ առավոտ, Հայաստան մեկնելուց առաջ, բենզալցակայանում ադրբեջանցի լիցքավորողը երկար ու ակնապիշ նայում էր թափքում գտնվող խաչքարին, այնքան երկար, որ բաքը լցվել եւ բենզինը թափվում էր: Իսահակը համոզված է, որ խաչքարի զորությունից է, որ մինչ Հայաստան՝ Բագրատաշեն ոչ մի տեղ մեքենան չկանգնեցրին:
Բաղյանների ընտանիքը ստիպած Խաչակապում է թողել հարստություն՝ կահույք եւ այլ գույք: Սակայն փրկվել է 1608 թվականին կերտված խաչքարը: 381 տարի Խաչակապում ապրելուց հետո գեղաքանդակ այս խաչքարը 20 տարի առաջ նոր կյանք ստացավ Բագրատաշենում: