Մեղադրյալը դատի կտա ոստիկանության քննիչին
Կենցաղային հարցի շուրջ վիճաբանության արդյունքում առաջացել է ծեծկռտուք, որի հետեւանքով երկու հարեւանուհիները կհայտնվեն մեղադրյալի աթոռին: Երեւանի Հասմիկի փողոցի 24 եւ 24ա տների բնակիչների ջրերը մի առվով չեն գնում. Մանուշակ Սարգսյանն այստեղ հնաբնակ է, Մանուշակ Քիշմիրյանը տունը նոր է գնել եւ չի իմացել, որ իր գնած տունն ու տարածքը վիճաբանության առարկա են, եւ այդ վիճաբանությունը եղել է նաեւ նախկին տանտերերի հետ: Տարածքի խնդիրը քննվել է նաեւ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում, եւ մերժվել է Սարգսյանների հայցը:
«Առավոտի» խմբագրություն այցելած Մանուշակ Քիշմիրյանը փաստում է, որ ինքը հաճախ է ծեծի ենթարկվել հարեւանների կողմից, ովքեր ոտնահարել են իր սեփականության իրավունքը եւ ազատ ելումուտ են արել իրեն պատկանող տարածքով: Քիշմիրյանը երկար ժամանակ է՝ չի բնակվում այդ տանը, քանի որ, ինչպես ինքն է վկայում՝ «այդտեղ ապրելը դարձել է անհնար եւ ես միայն առիթից առիթ եմ գնում՝ անձնական իրերս տանելու կամ այլ գործերով»: 2008 թ. հոկտեմբերի 29-ին Մանուշակ Քիշմիրյանը գնացել էր իր տուն եւ ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող լվացքի պարանից գետնին թափված հարեւանի թոռնիկների շորերի պատճառով՝ Մանուշակ Սարգսյանի հետ սկսել են վիճաբանել:
Քիշմիրյանը պնդում է, որ ինքը ոչ թե դիտավորյալ թափել է լվացքը, այլ փորձել է հավաքել եւ բացել իր ճանապարհը՝ իրերը տեղափոխելու համար, որի պատճառով առաջացել է վիճաբանությունը եւ հարեւանները՝ Մանուշակ Սարգսյանը, Աննա, Արմեն եւ Սամվել Գրիգորյանները, իրեն ծեծի են ենթարկել ավելով, որի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ՝ ձախ կրծքագեղծի արյունազեղման ձեւով, ինչը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առաջացել է բութ առարկայի հարվածից: Քիշմիրյանին այդ օրը տեղափոխել են հիվանդանոց: «Քանի որ հարեւաններս լուրը հասցրել էին հիվանդ մորս, իսկ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, ստիպված հիվանդանոցից շուտ դուրս եկա եւ գնացի մորս տուն: Միայն մի քանի օր անց եմ դիմել դատաբժշկի: Ես համոզված եմ, որ հարեւաններս վայելում են թաղապետարանի հովանավորությունը՝ որ իրենց նման արարքներ են թույլ տալիս: Բազմիցս դիմել եմ նաեւ ոստիկանությանը, որպեսզի հարեւաններիս կարգի հրավիրեն, բայց պարզվում է, որ նրանք ամենազոր են եւ բավական չէ, որ իրենք են ինձ մարմնական վնասվածք հասցրել, դեռ մի բան էլ ես պետք է հայտնվեմ մեղադրյալի աթոռին: Սակայն ես թույլ չեմ տա, որ ոտնահարվեն իրավունքներս, պայքարի եմ դուրս գալու մի ուժեղ համակարգի դեմ: Առաջին հերթին դատի եմ տալու ոստիկանության քննիչ Վահրամ Մելքոնյանին, որը գործը քննելիս եւ արձանագրելիս կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել եւ խեղաթյուրել է իրականությունը: Հենց թեկուզ միայն այն, որ ինձ ծեծել են չորսով, այդ մասին կա նաեւ վկաների ցուցմունքներում, սակայն քննիչը արձանագրել է, որ ինձ հարվածել է Մանուշակ Սարգսյանը: Նա շատ վստահ է, որ գործը տանելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում եւ հեգնանքով էլ ասում է՝ դե կտեսնես, թե ով կդատվի, արի դիմումդ հետ վերցրու: Ես պատրաստ եմ դիմումս հետ վերցնել՝ միայն այն դեպքում, եթե այդ տղաները ներողություն խնդրեն»,- ասում է Մ. Քիշմիրյանը:
Մի ուշագրավ հանգամանք եւս. Սամվել Գրիգորյանը իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ 2008-ի հոկտեմբերի 29-ին ինքը չի եղել Երեւանում եւ գնացել էր Մեղրի, որտեղից վերադարձել է նոյեմբերի 1-ին: Սակայն «ՎիվաՍել» ՄՏՍ-ի տեղեկանքի համաձայն, նրա հեռախոսահամարն այդ օրը գործել է Երեւան քաղաքում: Ի պատասխան՝ Ս. Գրիգորյանը գրել է. «Ձեր հարցին պատասխանում եմ, որ ես 2008թ. հոկտեմբերի 29-ի առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում դուրս եմ եկել տնից եւ գնացել եմ Մեղրի եւ Երեւան վերադարձել եմ 2008թ. նոյեմբերի 1-ին: «ԱրմենՏել» ՓԲԸ-ից եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից ստացված տվյալները, որ իմ հեռախոսը սպասարկել են Երեւանում տեղակայված ալեհավաքները, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ օրը ես եղել եմ Մեղրիում»: