«Դվինկոնցեռնը» դեռ 1996-ին բնակարանները պիտի հանձներ
Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրի 15 հասցեում 1997թ. սկսվել է բնակելի շենքի շինարարություն: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին: Դեռ 1995-ին «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ի եւ «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի միջեւ կնքվել է կառուցվող բնակելի շենքի հանձնման պայմանագիր, համաձայն որի՝ կիսակառույց շենքը վերջնականապես հանձնվել է «Դվինկոնցեռնին»: Վերջինս պայմանագիր է կնքել բնակիչների հետ: Պայմանագրի համաձայն, իրացված տան բնակիչներին բնակարանը հանձնվելու էր 1996թ. դեկտեմբերին՝ առանց սանտեխնիկական եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների տեղադրման, առանց ներքին հարդարման աշխատանքների կատարման (սվաղ, հատակների ծածկաշերտեր): Չնայած պատերի համար 1995-ին հնարավոր բնակիչները «Դվինկոնցեռնին» $10 000-ական գումար էին մուծել:
Իրականում պատերը շենք համարող բնակիչներն իրենք պետք է կատարեին մնացած աշխատանքները, չնայած պայմանագրով նախատեսվել էր, որ բնակիչն իրավունք չունի խանգարել «շենքի ընդհանուր շինարարական աշխատանքներին»: Այդպես էլ չտեսնելով սեփական բնակարանը՝ 2004թ. իր մահկանացուն է կնքում Համազասպ Եղիյանը: Նոտարական գրասենյակում նրա մահվանից հետո բացվում է ժառանգության իրավունքի վկայագիր, եւ բնակարանն անցնում Համազասպի որդուն՝ Արմենին, եւ կնոջը՝ Եկատերինային: Մահանում է նաեւ կինը: Արմեն Եղիյանը մինչ օրս ոչ միայն չի տեղափոխվել անավարտ շենքի իրենց բնակարանը, այլեւ, «Դվինկոնցեռնի» կողմից բնակարանային ձեւակերպումների հետ կապված, դատական վեճ է ունեցելն: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը բավարարեց Եղիյանների հայցը «Դվինկոնցեռնի» դեմ, պարտավորեցնելով վերջինիս կառուցվող բնակելի շենքի 4-րդ հարկից Եղիյաններին հատկացնել թիվ 9 բնակարանը (3 սենյականոց): Վճիռը, ի դեպ, չի բողոքարկվել եւ 2006-ից մտել է օրինական ուժի մեջ:
Սակայն Եղիյանների անհանգստությունը տեղին էր: Նրանք տեղեկանում են, որ «Դվինը» անավարտ շենքի անավարտ բնակարանը հանձնել է մեկ այլ անձի՝ Հովհաննես Վարդանյանին: Որ դա այդպես է՝ հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքով: Նկատենք, որ Եղիյանների տունն այդ տարածքում է գտնվել, այն իրացվել է պետության կողմից եւ իրացված տարածքի բնակչին էր հասնելու կառուցվող շենքում բնակարան: Իսկ Վարդանյանն այդ տարածքի բնակիչ ընդհանրապես չի եղել: «Դվինկոնցեռնի» հետ առաջին պայմանագիրն էլ կնքել են Եղիյանները: Պարզվում է, հասցեատերերի մեջ, բացի Եղիյաններից, բոլորը կան. անգամ «Արդշինինվեստբանկը», որի «պատվին» շենքի նկուղն ու առաջին հարկը գրավ են դրված:
Այդքան տարի վարձով ապրող Եղիյանները դիմում են կոնցեռնի տնօրեն Ռաֆայել Սարգսյանին. «Պահանջում ենք չչարաշահել մեր համբերությունը, շուտափույթ լուծել մեր բնակարանի հարցը, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք դիմել դատարան՝ այսքան տարիներ վարձով ապրելու համար մեր կողմից վճարված գումարների բռնագանձման պահանջով, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար»: Արգելանք է դրվում վիճելի տան վրա, սկսվում է դատական գործընթաց: Այս անգամ Հովհաննես Վարդանյանն է դատի տալիս «Դվինկոնցեռնին»: Վարդանյանը պահանջում է անշարժ գույքը (նախկինում 1 սենյականոց 53 քմ բնակարանը, իսկ այսօր՝ 133 քմ- Ռ. Մ.): «Դվինկոնցեռնը» նույն այն սցենարն է կիրառել Վարդանյանների նկատմամբ, ինչը որ՝ Եղիյանների: Վարդանյաններն էլ գումար էին տրամադրել, պայմանագիր կնքել:
Ապրիլի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կհրապարակի իր վճիռը: