Այս օրերին Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո-Գոլդ Մայնինգ» ընկերության 50-ից ավելի հանքափորներ բողոքի ձայն են բարձրացրել եւ ղեկավարությանը պահանջներ ներկայացրել: Բողոքի պատճառն այն է, որ այսուհետեւ նրանք պետք է աշխատեն ավելի ցածր աշխատավարձով եւ նախկինից ավելի երկար: Արդեն քանի օր է՝ ինչ նրանք հրաժարվում են հանք մտնել: Կոմբինատի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն պատրաստվում աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց եւ ղեկավարության միջեւ համաձայնություն չգրանցվի:
«Աշխատավարձը իջեցրել են 50-60 հազար դրամով, մեզ վրա դրված պլանը՝ ավելացրել: Ութ ժամ պետք է հանքում մնանք, հանկարծ մեկ րոպե շուտ դուրս գանք՝ կկրճատեն, սպասում են հարմար առիթի: Ձեռուոտներս ուզում են կապել: Իբր մի նորմալ պայմաններում էինք աշխատում, հիմա էլ այսպես են վարվում մեզ հետ»,- ասում է հանքափորներից մեկը:
«Երեւանում երկու ուսանող ունեմ, հիմա չգիտեմ ոնց պիտի անեմ: 100-120 հազար դրամ աշխատավարձով ո՞նց կարող եմ ընտանիքիս կարիքները հոգալ ու ուսանող պահել: Մեր շատ աշխատողներ էլ վարկ են վերցրել, հիմա ոնց պիտի փակեն ու ոնց պիտի ապրեն: Չենք մտնելու հանք՝ մինչեւ նորմալ պայմաններ չառաջարկեն»,- ասում է ներկայանալ խուսափող՝ 20 տարվա հանքափորը:
«Մեզ հետ պայմանագիր դեռ չեն կնքել, 15-20 օր առաջ ասել են, թե առաջիկա մեկ շաբաթում կկնքեն, բայց ոչ մի պայմանագիր դեռ չկա»,- պնդում է մեկ այլ հանքափորը:
«Ասում են մինչեւ մայիսի 15-ը աշխատեք՝ հետո պայմանները կվերանայենք: Եթե գումար չունեն՝ թանկարժեք մեքենաներ ունեն: Թող վաճառեն եւ իրենց աշխատողներին վարձատրեն, մինչեւ այս ճգնաժամը կանցնի: Փոխարենը՝ մեր աշխատավարձը ցածրացնելուց են սկսել: Ամբողջ կյանքներս հանքում ենք անցկացրել, առողջություններս էլ է քայքայվել»,- հայտարարում են հանքափորները: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն էլ մեզ տեղեկացրեց, թե հանքափորների եւ ղեկավարության բանակցությունները դեռ ընթանում են, այս պահին հստակ ոչինչ ասել չեն կարող, իսկ «Դինո-Գոլդ Մայնինգ» ընկերության ղեկավարն էլ առաջիկա մամուլի ասուլիսում կխոսի ընդունված որոշումների մասին: Հանքափորները մտադիր են շարունակել բողոքի ակցիան: