Լրահոս
Օրվա լրահոսը

70-Ն ԱՆՑ ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵԼ ԵՆ

Ապրիլ 24,2009 00:00

Հայտնի չէ, թե պետությունը 70 տարեկանից բարձր ավանդատուներին ե՞րբ կցուցակագրի ու կփոխհատուցի

Երբ տարիներ առաջ Ազգային ժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի ուսումնասիրվեն «Հայխնայբանկում» ավանդադրված քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորությունները, հանձնաժողովը գործի անցավ, ուսումնասիրեց, մշակեց ծրագիր, սակայն մի շատ կարեւոր հանգամանք մեր պաշտոնյաները անտեսեցին: Ավանդների փոխհատուցման ցուցակից դուրս մնացին ու այսօր էլ անհայտ կարգավիճակ ունեն 70-ն անց ծերունիները, որոնք ընդգրկված չեն «Փարոսի» նպաստառուների ցուցակում: Նրանց համար մինչ օրս ոչ մի որոշում չկա, որ գոնե ցուցակագրվեն: Մինչդեռ՝ հարյուրավոր նման ավանդատուներ կան:

79-ամյա Ջեմմա Մանասյանն արդեն ոչ մի հույս չունի, որ տարիներով վաստակած իր ավանդը մի օր կստանա: «Պետությունը հավանաբար հույսը դրել է այն բանի վրա, որ շուտով մենք էլ կմեռնենք, ու մեր հարցը կփակվի: Մի առիթով պաշտոնյաները հայտարարեցին, որ մեր տարիքի մարդիկ քիչ են մնացել, եղածներն էլ մեծ թիվ չեն կազմում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Ջեմման:

Վերջերս աշխատանքի եւ սո ցիալական հարցերի նախարարությունից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ե՞րբ կարող են ավանդների փոխհատուցման ցուցակում ընդգրկվել ոչ նպաստառու 70 տարեկանից բարձր անձինք: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից պատասխանեցին. «Երբ այդ ցուցակը վերջանա, գուցե ԱԺ-ն եւ կառավարությունը նպաստառուների ցուցակում չընդգրկվածների համար նոր օրենք եւ կարգ հաստատեն, այդ ժամանակ նոր գործընթաց կսկսվի: Առայժմ այդ մասին մենք չենք կարող խոսել»:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքի 8-րդ հավելվածով սահմանված ծրագրով: Ըստ այդ ծրագրի, ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված «Հայխնայբանկ» ՓԲԸ ավանդատու հանդիսացող քաղաքացիները: Ընդ որում, ավանդները բաժանվում են հետեւյալ հերթականությամբ՝ 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները, մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուները, միայնակ կենսաթոշակառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ նրան հավասարեցված անձինք, ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, առաջին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամները, ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչները, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչները, բազմազավակ ծնողները, ինչպես նաեւ այդ ծնողների երեխաները:

Նշենք, որ ներկա պահին, 2006 թվականից սկսած ավանդի փոխհատուցման ցուցակում ընդգրկված է շուրջ 62 հազար քաղաքացի եւ ապրիլ ամսվա դրությամբ 21 հազար 144 մարդ փոխհատուցումն արդեն ստացել է: Այս տարի պետբյուջեից նախատեսվել է 1 մլրդ 600 միլիոն դրամ հատկացնել ավանդների փոխհատուցման համար: Ինչը այնքան էլ բավարար չէ, որպեսզի ավանդները կարճ ժամկետներում բաժանվեն հազարավոր մարդկանց: Եվ եթե հաշվի առնենք, որ մոտ 41 հազար ավանդատու կա, որոնք դեռ պետք է ստանան իրենց գումարները, ապա ստացվում է, որ 70-ն անց ոչ նպաստառու ծերունիները, ուզած-չուզած, կամ պետք է համբերատար սպասեն՝ մինչեւ մի օր կառավարությունը բարեհաճի իրենց էլ ցուցակներում ընդգրկել, կամ էլ «կյանքի էլիքսիր» օգտագործեն՝ կյանքը երկարացնելու համար, որպեսզի տարիներով ու քրտինքով վաստակած իրենց ավանդը վերջապես ստանան:

Ավանդների փոխհատուցման մասին օրենքում մի ուշագրավ կետ էլ կա. փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Այսինքն՝ այն անձինք, որոնք, եթե անգամ ավանդի փոխհատուցման ցուցակում կան, սակայն մինչ վճարները փոխանցելը մահացել են, ապա այդ անձանց ժառանգները չեն կարող ստանալ իրենց ապուպապերի ավանդները: Սակայն, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից են վստահեցնում, եթե ավանդատուն ներառված է փոխհատուցման վճարման ցուցակում, այսինքն, եթե ամսի 20-ի վճարման ցուցակում կա, բայց մահացել է, ասենք, ամսի 21-ին, ապա այս դեպքում ավանդատուի ժառանգները կարող են ստանալ փոխհատուցումը:

Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր «Խնայբանկում» ավանդներ ունեն, բայց ցուցակում ընդգրկված չեն, ընդ որում՝ 70-ն անց են, ապա նրանց ժառանգներն ընդհանրապես կարող են հույսեր չփայփայել, որ իրենց տատիկ-պապիկների ավանդները մի օր գոնե իրենք կարող են վայելել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել