Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՊԱՂ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»

Ապրիլ 24,2009 00:00

\"\"«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը

Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Ցեղասպանության, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործություն թույլ չտալու առումով:

Այս հեռանկարի սպասման խորապատկերին «Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով ընդունեց Հայոց ցեղասպանության տարելիցի եւ դրա միջազգային ճանաչման վճռորոշ ալիքի նախաշեմին՝ ս.թ. ապրիլի 22-ին, Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության ստորագրումը:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ համատեղ հայտարարության մեջ հիշատակված «շոշափելի առաջընթացը» եւ «փոխադարձ ըմբռնումը» կողմերի միջեւ չէ, որ տեղի է ունեցել, քանի որ նման կնճռոտ եւ ցավագին հարցերի լուծման ճանապարհին կողմեր ասելով մենք հասկանում ենք միայն երկու երկրների հասարակությունները, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի՝ աշխարհով մեկ սփռված իրավահաջորդներին: Հայաստանի իշխանությունները չունեին նման հայտարարություն ստորագրելու ո՛չ հանրային լիազորում եւ ո՛չ էլ վստահության քվե եւ, ըստ էության, գաղտնիության սկզբունքի չարաշահմամբ հարվածի տակ են դրել հայ ազգային շահերը:

Երկու երկրների հասարակություններից գաղտնի պայմաններում բանակցող «երկու կողմերի» ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների «առաջընթացի» վերաբերյալ վստահաբար չեն արտացոլում առնվազն հայ հասարակության ընկալումները: «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պնդել, որ Թուրքիայի հետ այս վճռորոշ պահին նման «փոխըմբռնում» պարունակող համատեղ հայտարարություն կարելի կլիներ ստորագրել միայն այն դեպքում, եթե վերջինս որպես վստահության ամրապնդման քայլեր.

* զղջար սեփական պատմության արյունոտ էջերի համար, ինչպես սկսել են դա անել բազմաթիվ առաջադեմ թուրք քաղաքացիներ,

* արժանապատվորեն կրեր Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, վերացներ հայրենասպանության ու հայրենազրկման հետեւանքները,

* վերջ դներ ուրացման եւ ուժի քաղաքականությանը,

* առանց նախապայմանների հաստատեր դիվանագիտական հարաբերություններ,

* վերացներ Հայաստանի սահմանային շրջափակումը,

* որդեգրեր համալիր օրակարգ, որը ներառեր անցյալի ու ներկայի բաժանարար բոլոր հարցերը:

Թուրքիայի կողմից այս քայլերի բացակայության, ավելին՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Հայաստանին բռնազավթող ճանաչելու սպառնալիքի պայմաններում Հայաստանի նման դիրքորոշումը անդառնալի կորուստների կարող է բերել Հայաստանին՝ ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նախորդ եւ դրա շարունակությունը հանդիսացող գործող իշխանությունը ձեւավորած բոլոր քաղաքական ուժերի վրա:

«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ գաղտնազերծել եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնել «Ճանապարհային քարտեզի» եւ «երկու երկրների հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի» դրույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել