Մեր տեղեկություններով՝ օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հետ է վերադարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը: Հիշեցնենք, որ խոսքն այն հողակտորի մասին է, որը Գյումրիի քաղաքապետը անցած տարվա մայիսին ինքնագլուխ աճուրդ-վաճառքի էր հանել՝ օտարելով իր տեղակալ Գագիկ Մանուկյանի որդուն: Շիրակի մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այս կապակցությամբ դիմել էր Շիրակի մարզի դատախազություն, որտեղ քրգործ էր հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանի եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ Գրիգորյանի դեմ: Ալբերտ Գրիգորյանը Գյումրիի ամենախեղճ ապրող մարդկանցից է. բնակվում է քարուքանդ տնակում, որդեկորույս հայր է: Արդյոք նրանց նկատմամբ քրեական գործը չի՞ կարճվի, եւ ո՞րն է նրանց մեղքը, երբ օրեր առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքապետ Ղուկասյանը կարծես թե ընդունեց իր մեղքի բաժինը՝ հայտարարելով. «Ի՞նչ է եղել որ, թյուրիմացություն էր, կհարթվի»: «Առավոտը» Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է հետ վերցնել իր դիմումը դատախազությունից: Սրբազանը տեղեկացրեց, որ ինքը դատախազություն էր դիմել ոչ միայն Օզանյան 1 հասցեի բռնազավթված հողատարածքի համար, այլեւ Ամենափրկիչ ու Սուրբ Նշան եկեղեցիների հողատարածքների համար եւս: Իսկ երեկ սրբազանը դատախազություն միջնորդություն է ներկայացրել գործը կարճել Ալբերտ Գրիգորյանի նկատմամբ, քանի որ, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի «նա ծանր վիճակում է ապրում, եւ համարում եմ, որ հիմնական մեղավորը չէ»: Սակայն դատախազությունից սրբազանին պատասխանել են. «Ձեր միջնորդությունը ի նկատի կառնենք այն ժամանակ, երբ ի նկատի առնելու ժամանակը լինի»: «Առավոտը» Շիրակի մարզի դատախազությունից եւս հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու գործի ընթացքը, այստեղից մեզ պատասխանեցին, որ «դիմումը հետ վերցնելով քրեական գործին վերջ դնել» հասկացություն գոյություն չունի, հարուցված է քրգործ՝ 308 հոդվածի հատկանիշներով, եւ կատարվում է նախաքննություն: