Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից

Ապրիլ 24,2009 00:00

ՀՀԿ-ն դա համարում է ՀՅԴ ներքին խնդիրը

Անցած տարիների ընթացքում շատ է եղել, որ այս կամ այն դաշնակցականը հայտարարի, թե իրենք կարող են խզել կապերը կոալիցիայի հետ: Սակայն երեկ առաջին անգամ դա արեց հենց ՀՅԴ-ն՝ իր հետեւյալ հայտարարությամբ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։ ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։ Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի ԱԳՆ կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։ Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես՝ բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։ Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն՝ ՀՅԴ-ն կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»։

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՅԴ այս հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Յուրաքանչյուր ինքնուրույն քաղաքական ուժ, ինչպիսին է ՀՅԴ-ն՝ ինքն է որոշում իր գործունեության հետագա ընթացքը, մարտավարությունն ու ռազմավարությունը: Եվ կոալիցիայից դուրս գալու քննարկումն իրենց կուսակցության ներքին խնդիրն է՝ չեմ ուզում դա մեկնաբանել»:

Սակայն պրն Շարմազանովն անդրադարձավ հայտարարության մյուս դրույթներին, որոնք վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին. «Բազմիցս թե՛ ՀՀԿ ներկայացուցիչները եւ թե՛ առաջին հերթին՝ կուսակցության եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել են, որ մենք կողմնակից ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Եվ հենց այդ դրույթն էլ ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում: Բացի դրանից՝ հայկական կողմը հանդես չի եկել որեւէ այլ հայտարարությամբ: Ավելի՛ն՝ նախագահ Սարգսյանը տարբեր հանդիպումների, նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հայկական կողմն այս հարաբերությունների հաստատման ընթացքում երբեք հարցականի տակ չի դնի ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»:

Հիշեցրինք, որ այնուամենայնիվ՝ ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պնդեց, թե խախտվել է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին սկզբունքը. «Մենք վնասո՛վ ենք դուրս եկած այս պահին: Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտվա՛ծ է»: ՀՀԿ խոսնակի արձագանքն էր. «Դա դաշնակցական իմ գործընկերների կարծիքն է: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական գործիչների քաղաքակիրթ կարծիքներին՝ դա իրենց իրավունքն է: Բայց մենք այդ կարծիքը չենք կիսում, քանի որ հիմնվում ենք փաստերի վրա: Իսկ փաստերը միայն մի բան են հուշում, որ ՀՀ նախագահն ու ԱԳՆ-ն երբե՛ք հակահայկական ու հակապետական հայտարարություններ չեն արել եւ ընդամենը մի բան են պնդել, որ հայկական կողմն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակից է, եւ ո՛չ ԼՂ հարցը, ո՛չ էլ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չեն կարող լինել նախապայման: Ավելի՛ն՝ դրական ենք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը՝ այն համատեքստում, որ դրան անմիջապես հաջորդեց ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որտեղ հստակ նշվեց, թե ԱՄՆ-ն գտնում է, որ հարաբերությունների հաստատման լավագույն միջոցն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Ինչը եւ մշտապես ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել