Ըստ այդմ, զինվորները կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին՝ չնայած դա արգելված է օրենքով
Պարզվում է, որ այս օրերին մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում հօգուտ իշխանությունների ցուցակագրումը խիստ արդիական է նաեւ ուժային կառույցներում: Այդ են վկայում մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը: Սրանք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականները կամ, եթե կուզեք՝ անգամ հրամանն են իր ենթականերին: Սույն երկու գրություններն էլ ստորագրված են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի կողմից: Այսպես, ապրիլի 6-ին Վ. Ավետիսյանն էլեկտրոնային փոստով թիվ 145 գրությամբ հետեւյալ բովանդակությամբ հանձնարարականն է փոխանցել զորամասերի հրամանատարներին. «Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի շտապ կատարման ենթակա հանձնարարականի համաձայն անհրաժեշտ է մինչեւ ս.թ. ապրիլի 9-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել Ձեր զորամասում ծառայող, Երեւան քաղաքի գրանցում ունեցող, սակայն Երեւանում չբնակվող սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների, բանվոր-ծառայողների, նրանց ընտանիքների՝ քվեարկելու իրավունք ունեցող անդամների, համակիրների անվանացուցակը՝ ըստ կից ներկայացվող ձեւ N1-ի: Ձեւ N2-ում լրացնել անվանացուցակում ընդգրկված անձանց թվային ամփոփ տվյալները:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ՝
– ցուցակների կազմման, տվյալների հավաստիության համար պատասխանատու են զորամասի հրամանատարները,
– այն զորամասերը, որոնք չունեն էլեկտրոնային փոստ, ցուցակները ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն են ներկայացնում պատասխանատու սպայի միջոցով, առձեռն՝ էլեկտրոնային տարբերակով (դիսկետայով),
– անհրաժեշտ է ցուցակներում ընդգրկվածների ծառայությունը կազմակերպել այնպես, որպեսզի նրանք ընտրություններից առնվազն 3 օր առաջ մեկնեն Երեւան՝ ընտրությունների հետ կապված առանձին խնդիրներ լուծելու համար»:
Սրանից ընդամենը երկու օր անց՝ ապրիլի 8-ին, մեկ այլ գրությամբ՝ «է/փ 166», նույն Վ. Ավետիսյանը «ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների, առանձին բաժինների պետերին, Երեւանի կայազորի զորամասերի հրամանատարներին», ինչպես նշված է գրության մեջ՝ «ի լրումն» նախորդ գրության հայտնում է, «որ անհրաժեշտ է մինչեւ ս.թ. ապրիլի 9-ը, ժամը 18:00-ը, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել Ձեր զորամասում ծառայող, Երեւան քաղաքում գրանցված, քվեարկելու իրավունք ունեցող՝ Ձեր ենթակա ստորաբաժանումներում (վարչություն, բաժին, զորամաս) սպաների, ենթասպաների, բանվոր-ծառայողների, նրանց ընտանիքների եւ համակիրների տվյալները՝ ըստ ձեւ N1-ի եւ ձեւ N2-ի (կցվում է): Միաժամանակ հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է պատասխաններն ուղարկել ճիշտ հասցեատիրոջը՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն»: Ի դեպ, ձեւ ասվածն էլ ցուցակի օրինակելի տարբերակն է, որ պետք է լրացվի:
Սա այլ բան, քան բանակի ներգրավում Երեւանի ավագանու ընտրությունների կեղծմանը՝ անվանել հնարավոր չէ: Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարի «շտապ կատարման ենթակա հանձնարարականի համաձայն», այդ գործողություններին մասնակից են դառնալու ոչ միայն բանակի բարձրագույն սպայական կազմը, զինծառայողներն ու շարքայինները, այլեւ նրանց ընտանիքներն ու «համակիրները»: Բանն այն է, որ այն մարդիկ, ում հարազատները, օրինակ՝ զավակներն ու ամուսինները, ծառայում են հայրենի բանակում, գրեթե չեն կարողանալու խույս տալ այս անվանացուցակում ներկայացված լինելու հեռանկարից՝ աչքի տակ ունենալով, որ հակառակ դեպքում իրենց հարազատներին կա՛մ պարզապես կազատեն զբաղեցրած պաշտոնից, կա՛մ նրանց ծառայությունը, առավել եւս՝ ժամկետային զինծառայողներինը, կդարձնեն անտանելի: Այս դեպքում ավելորդ է խոսել հրամանատարների կամ սպաների կողմից հնարավոր առարկությունների մասին: Հիշեցնենք միայն, որ օրինակ՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացների հրամանատար, գնդապետ Ա. Մինասյանին 2003թ.-ին ազատեցին զբաղեցրած պաշտոնից եւ արձակեցին զինվորական ծառայությունից միայն այն պատճառով, որ նա ՀՀ նախագահի թեկնածու, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի ընկերն էր:
Այն, որ սույն հանձնարարականները հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը, ակնհայտ է: Հանձնարարականներն իրենց բնույթով ապօրինի են մի քանի պատճառներով. բացի այն, որ կոպտորեն խախտում են ՀՀ Հիմնական օրենքով եւ նաեւ «Ընտրական օրենսգրքով» ամրագրված մի շարք դրույթներ: Նախ, հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 8.2-ն ամրագրում է, թե «…Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Իսկ «Ընտրական օրենսգիրքը» պարզապես արգելում է զինծառայողներին մասնակցել ՏԻՄ եւ ԱԺ ընտրություններին: Հիշյալ օրենսգրքի 2-րդ հոդվածի, որով սահմանված է քաղաքացիների ընտրական իրավունքը, հենց 1-ին կետում ասվում է, որ ՏԻՄ ընտրություններին, ինչպիսին է Երեւանի ավագանու ընտրությունը, ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ պարոն Ավետիսյանի վերոհիշյալ թիվ 145 գրությամբ պահանջվում է ներկայացնել զորամասում (ընդ որում, խոսքը միայն Երեւանում տեղակայված զորամասերի մասին չէ) բոլոր ծառայողների եւ նրանց ընտանիքների՝ քվեարկելու իրավունք ունեցող անդամների, համակիրների անվանացուցակը, որոնք Երեւան քաղաքում գրանցում ունեն, բայց Երեւանում չեն բնակվում, այսինքն՝ ԸՕ-ով պահանջվող փաստացի բնակություն չունեն:
ԸՕ նույն հոդվածի 6-րդ կետով՝ «Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններին» (ընդգծումն իմն է – Ն.Մ): Մինչդեռ իշխանությունները ՀՀ ՊՆ-ի ակտիվ օժանդակությամբ երեւանյան ընտրություններին մասնակից են դարձնելու եւ ընտրացուցակներում ավելացնելու են նաեւ այն մարդկանց, ովքեր հաշվառված են Երեւանում, բայց ինչ-ինչ պատճառներով կամ ծառայության բերումով փաստացի ապրում են Երեւանից դուրս կամ գտնվում են զորամասերում:
Ամենավտանգավորը, սակայն, թիվ 145 հանձնարարականում նշված, այն է, որ զինծառայողները պարտավոր են լինելու ընտրություններից երեք օր առաջ լինել Երեւանում՝ «ընտրությունների հետ կապված առանձին խնդիրներ լուծելու համար»: Այս պահանջից ակնհայտ է, որ զինծառայողները՝ բացի այն, որ հարկադրված են լինելու ներգրավվել ընտրություններում, այլեւ պետք է համակիրներ «որսալ», քարոզչական եւ այլ աշխատանքներ կատարեն: Չի բացառվում, որ նրանք օգտագործվեն, այդ թվում նաեւ՝ ուժային գործողություններում: