Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Կամ՝ Հայաստանը աշխատում է Թուրքիայի՞ համար

Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարություններն ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը համատեղ հայտարարություն արեցին, որը հաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման, դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով կարգավորելու եւ դրանով ողջ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խթանելու կողմերի մտադրությունը: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»: Թե ինչ է նշանակում «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը՝ պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը՝ դա «դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր»:

Արեւմուտքում «պատմական» որակված այս հայտարարության անսպասելիությունն ու այս վերջին ձեւակերպումը, կարելի է պնդել, ցնցել են ոչ միայն ընդդիմադիր գործիչներին ու քաղաքագետներին, այլեւ իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ին: Նրանք բոլորը միաբերան պնդում են, որ Հայաստանը սկսել է վտանգավոր «խաղեր տալ»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու, իսկ նախկինում ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս հայտարարությունը նաեւ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքում է ծնվել: «Վերջին շրջանում ՀԱԿ ներկայացուցիչները բազմիցս են ասել, որ ՀՀ եւ Թուրքիայի միջեւ կա փաստաթղթային համաձայնեցված փաթեթ: Այս հայտարարությամբ հաստատվում է, որ այդ փաթեթն իսկապես համաձայնեցված է, եւ որ, թերեւս, ճիշտ էին Թուրքիայի նախագահն ու վարչապետը, որոնք պնդում էին հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման փոխպայմանավորվածության մասին: Սեւով սպիտակի վրա գրված է ճանապարհային քարտեզի մասին, որն ամենավատն է այս ամենում»,- նկատեց Վլ. Կարապետյանը: Նրա ասելով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2007թ.-ից շփումներ մշտապես եղել են: Բայց ԱԳ նախկին նախարարի օրոք, զգալով, որ Թուրքիայի հիմնական նպատակը այդ շփումները հրապարակային դարձնելն ու միջազգային հանրությանը մոլորեցնելն է՝ իբր, կա երկու երկրների միջեւ երկխոսության, հաշտեցման գործընթաց, այս շփումներն ու բանակցությունները վարում էինք գաղտնիության պայմաններում: ԱԳ նախարարի փոփոխությունից հետո դա դարձավ հրապարակային, ինչը դյուրին դարձրեց Թուրքիայի խնդիրը՝ երրորդ երկրներին ներկայացնելու հաշտեցման գործընթացը: Այս համատեքստում էլ, ըստ Վլ. Կարապետյանի, ՀՀ իշխանությունները, փաստորեն, աջակցում են Թուրքիային՝ միջազգային հանրությանն եւ երրորդ երկրներին հասկացնել տալու, որ վերջիններս ձեռնպահ մնան Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց նախաձեռնություններից, նկատի ունենալով, որ կողմերի միջեւ հաշտեցման գործընթաց է գնում, եւ իրենք այդ նախաձեռնություններով կարող են խոչընդոտել դրան, որ Հայաստանը, համատեղ հայտարարություն ստորագրելով, ուղերձ է հղում աշխարհին՝ թե գոհ է հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացով: «ՀՀ իշխանությունները սրանով, ըստ էության, ընդառաջեցին թուրքերի ջանքերին՝ կանգնեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրների կողմից, թեեւ գործող նախագահի պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որեւէ երկիր չի էլ ճանաչել Ցեղասպանության փաստը, եւ առավել քան վտանգավոր է, որ համատեղ հայտարարությունը ի լուր աշխարհի հրապարակվեց ապրիլի 24-ից ընդամենը երկու օր առաջ»,- ասաց. Վլ. Կարապետյանը:

Վերադառնալով «ճանապարհային քարտեզ» ձեւակերպմանը՝ նա հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը, թե՝ դա ընդունված դիվանագիտական ձեւակերպում է, որը վկայում է հայ-թուրքական հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերի ծրագրի մասին: Նա նաեւ նկատեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստաթղթի նախագիծը համաձայնեցված է, ուստի՝ դրանց առնչությամբ «ճանապարհային քարտեզ» «գծելու» կարիքը չկար, եթե միայն խոսքը չի վերաբերում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Վ. Կարապետյանի ասելով՝ այդ «ձեռնարկելիք քայլերը» վերաբերում են հենց ԼՂ հիմնախնդրին: Իսկ նկատի ունենալով համատեղ հայտարարության մեջ առկա ձեւակերպումը, թե՝ «Նրանք (ՀՀ-ն ու Թուրքիան- Ն. Մ.) համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով», եւ «ճանապարհային քարտեզն» էլ սահմանվել է այդ համատեքստում, Վլ. Կարապետյանը առավել քան վտանգավոր համարեց ՀՀ պետական շահերի եւ ԼՂ համար, բայց հույս հայտնեց, որ իշխանություններն ուշքի կգան: Նա պնդեց, որ այս հայտարարությունը վկայում է, որ հայ-թուրքական սահմանն առաջիկայում չի բացվի, որ այս փաստաթուղթը եւս մեկ անգամ ապացուցում է ՀՀ իշխանությունների վարած ձախողված քաղաքականության փաստը:

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններից պահանջել է. «Քանի որ խոսքը գնում է վերջնական համաձայնեցված շրջանակների մասին, Հայ ազգային կոնգրեսը պահանջում է ՀՀ գործող իշխանություններից` անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը»:

Հ. Գ. Նույն թեմայով «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել