ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ապրիլի 24-ի նախօրեի համար ավանդական դարձած ջահերով երթը: Մի քանի օր առաջ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասուլիսում հայտարարեցին, թե ջահերով երթին մասնակցելու են միասնաբար։ Սակայն երեկ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն պաշտոնապես չէին մասնակցում այդ երթին: Այն մեկնարկեց Մատենադարանի հարակից հրապարակից: Եվ անդրադառնալով հաստատված ավանդույթին, ըստ որի՝ այդ երթի ժամանակ այրվում է Թուրքիայի դրոշը, դաշնակցական երիտասարդներից մեկը հայտարարեց. «Ճիշտն ասած, մենք այս տարի փորձեցինք չայրել Թուրքիայի պետական դրոշը, սակայն ապրիլի 22-ի եռակողմ հայտարարությունը դրդեց մեզ այրել Թուրքիայի պետական դրոշը: Եվ առաջին ջահը կվառվի այդ կրակից»: Դրանից հետո երթի հազարավոր մասնակիցները հորդառատ անձրեւի տակ ոտքով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: